Քաղաքական բիզնես

Քաղաքական բիզնես

Ինչո՞ւ մեզանում ոչ մի կերպ չեն կայանում քաղաքական կուսակցությունները, իսկ իշխանական կուսակցությունները, որպես կանոն, դառնում են աշխատանքի բորսաներ` անգաղափար, անսկզբունք, շահամոլ մարդկանցից կազմված, ու անմիջապես քանդվում են, երբ այդ կուսակցությունը զրկվում է իշխանությունից: Թվում է, թե պառլամենտական կառավարման համակարգը, որը 2015-ի Սահմանադրությամբ ներդրվեց մեզանում, պետք է խթաներ կուսակցությունների կայացումը, քանի որ անգամ տեղական ինքնակառավարման մարմինները ձեւավորվում են կուսակցական սկզբունքով, եւ եթե դու ուզում ես քաղաքականությամբ զբաղվել, ապա չկա այլ ելք, քան որեւէ կուսակցության անդամագրվելը եւ կուսակցաշինական աշխատանքով զբաղվելը: Բայց մաքուր կուսակցական աշխատանքը, կուսակցություն կայացնելը, ազնիվ եւ արդար պայքարով առաջ գնալը եւ մեր հանրությունից քվե ստանալը ծանր աշխատանք է` հայ մարդը, որքան էլ մեզ խաբենք, թե աշխատասեր է, եւ տարբեր լեգենդներ հյուսենք, խորքում ծույլ է, գլուխ պահող, հեշտ կյանքի վազող: Եվ ստացվեց այնպես, որ քաղաքականությամբ զբաղվելը, կուսակցություններ պահելը նույնպես մեզանում դարձավ բիզնես:

 

Նույն ՏԻՄ ընտրություններում համամասնական սկզբունքի ներդրումն էլ ստիպեց, որ մի քանի տասնյակ նոր կուսակցություններ ստեղծվեն, որոնք ՍՊԸ-ների սկզբունքով սկսեցին իրենց «թղթերը» վաճառել համայնքապետ դառնալ ցանկացողներին: Իսկ նոր կուսակցություն ստեղծելն ընդհանրապես դարձավ անհնարին բան, որովհետեւ մարդկային ռեսուրսի սակավություն կա, եւ քիչ թե շատ աչքի ընկնող գործիչներն ուղղակի «վաճառում» են իրենց ծառայությունները` համաձայնելով իրենցով «զարդարել» որեւէ կուսակցության ցուցակ: Եվ պետք չէ զարմանալ, որ հասարակությունը զզվում է կամ մերժում կուսակցություններն առհասարակ: