Մանվել Գրիգորյանից տուժածները դրական ակնկալիք ունեն դատարանից

Մանվել Գրիգորյանից տուժածները դրական ակնկալիք ունեն դատարանից

Մանվել Գրիգորյանի մահից հետո դատարանը տեւական ժամանակ գործը չէր քննում։ Այժմ կրկին կանդրադառնա նրա վերաբերյալ գործով շորթման դրվագին: Խոսքն Էջմիածնի Սպանդարյան-Բաղրամյան հատման կետում գտնվող բենզալցակայանի մասին է, որն Էջմիածնի բնակիչ, արդեն հանգուցյալ Պետրոս Թորոսյանը, իր կամքին հակառակ, փոխանցել է Գրիգորյանին: 

Վերջինիս մեղադրանքի այս դրվագն առնչվում է 2004 թվականին տեղի ունեցած դեպքին, երբ այդ ժամանակ պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Մանվել Գրիգորյանը կազմակերպել էր Պետրոս Թորոսյանի կառուցած եւ նրան պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի, այն է՝ բենզալցակայանի շորթումը: Ընդ որում, հանցագործությունը կատարել էր Պետրոս Թորոսյանին եւ նրա ընտանիքին ահաբեկելով՝ այդ նպատակի համար որպես գործիք օգտագործելով սեփական կամակատարներին: 

Լցակայանն այս պահին «Էջմիածնի մաքրություն» ՍՊԸ-ի հաշվեկշռում է, որի 100 տոկոս բաժնետերն ու միակ սեփականատերը Մանվել Գրիգորյանի այրին է՝ Նազիկ Ամիրյանը: Դատարանն այժմ ապացույցների հետազոտման փուլում է: Մանվել Գրիգորյանի վերաբերյալ մայր գործով 130 վկա կա, շորթման դրվագին առնչվում են վերջին 9-10 վկաները: «Նիստերը տեղի են ունենում ամեն երեքշաբթի, յուրաքանչյուր նիստին լսում են 10 վկայի: Ապրիլի 13-ի դրությամբ հերթը 50-60-րդ վկաներինն է: Այս տեմպերով որ գնա, մեր հերթն էլ շուտով կհասնի»,- ասաց տուժողի ներկայացուցիչ Գագիկ Մելիքյանը:

Մելիքյանն ու Պետրոս Թորոսյանի որդին՝ Հայկ Թորոսյանը, վստահ են՝ շուրջ 2 տարի ձգձգվող «բենզալցակայանի» գործը շահելու են: Համոզված են՝ դատարանի որոշման վրա ազդեցություն չի ունենա նույնիսկ Նազիկ Ամիրյանի քաղաքական նորամուտը, ինչի մասին տիկինն արդեն հայտարարել է: «Մեր ապացուցողական բազան այնքան հիմնավոր ու ամուր է, որ դատը շահելու ենք՝ անկախ ամեն ինչից: Գործում բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնցով հաստատվում է, որ գույքը Մանվել Գրիգորյանին է փոխանցվել Պետրոս Թորոսյանի կամքին հակառակ եւ առանց փոխհատուցման: Քրեական գործի շրջանակներում մենք քաղաքացիական հայց ենք ներկայացրել եւ կարծում ենք՝ դատարանը կբավարարի ու այդ մասով հանցագործությունը կհամարի բացահայտված: Վստահ եմ՝ դատարանը գույքը կվերադարձնի դրա իրական տիրոջը՝ հանգուցյալ Պետրոս Թորոսյանի ընտանիքին»,- ասաց փաստաբան Մելիքյանը:

Սպառնալիքների ազդեցությամբ լցակայանը կորցրած Թորոսյանները հավատում են արդարադատությանը: Պետրոս Թորոսյանի որդին վստահ է՝ դատարանը չի կարող հօգուտ բռնարարի որոշում կայացնել: «Որոշումը դաստիարակչական ապտակի ազդեցություն պետք է ունենա առաջին հերթին Մանվել Գրիգորյանի զավակների վրա: Նրանք պետք է հասկանան, որ իրենց ծնողի օրինակով չի կարելի ապրել, չի կարելի աչք դնել ուրիշների ստեղծածի վրա, որովհետեւ այդ աչքը մի օր դուրս կգա…»,- ասում է Հայկ Թորոսյանը։