Այսօրվա երեխաների խնդիրներն են՝ ագրեսիվություն, անհամբերություն, անքնություն, կոմունիկացիայի խնդիր, պարփակվածություն

Այսօրվա երեխաների խնդիրներն են՝ ագրեսիվություն, անհամբերություն, անքնություն, կոմունիկացիայի խնդիր, պարփակվածություն

Հունիսի 1-ը երեխաների օրն է, իսկ մենք երեխասեր հասարակություն ենք: Ինչպե՞ս են այսօր ապրում երեխաները, ի՞նչ խնդիրներ ունեն, ի՞նչ պահանջներ, ինչո՞վ են տարբերվում նախորդ սերունդներից․ այս եւ այլ հարցերի պատասխանները փորձեցինք ստանալ հոգեբան, հոգեթերապեւտ Էլոննա Ավետյանից:

- Նախկինում Հայաստանում հոգեբանին դիմելու պրակտիկան այնքան էլ տարածված չէր, սակայն այժմ, կարծես, իրավիճակը փոխվել է: Հոգեբանական աջակցություն են ստանում նաեւ երեխաները: Շա՞տ են Ձեր մանուկ պացիենտները:

- Ինձ մոտ հաճախող մանուկները շատ-շատ են, որովհետեւ անհնար է, որ առաջանա խնդիր, որն ուշադիր ծնողին անհանգստացնում է, եւ ծնողը չդիմի մասնագետին: Առաջնային աշխատում եմ ծնողի հետ, հետո նոր՝ երեխայի:

- 21-րդ դարում ապրող հայ երեխան ի՞նչ կոնկրետ հոգեբանական խնդիրներ ունի:

- Մեծամասամբ ագրեսիվ են, որը գալիս է տարատեսակ խաղերից` հեռախոսային կլինի, թե համակարգչային՝ էական չէ: Կան խնդիրներ՝ նաեւ կամակորության հետ կապված, ինչպես նաեւ ընտանեկան կոնֆլիկտներից առաջացած խնդիրներ եւ այլն: Գիշերամիզությունն ու կակազությունն այսօր եւս տարածված խնդիրներ են:

- Օրինակ` տասը տարի առաջվա մանուկներն ինչո՞վ են տարբերվում այսօրվա երեխաներից:

- Արդեն 15 տարի է՝ երեխաների հետ աշխատում եմ: Այսօրվա երեխաներն ավելի ագրեսիվ են, սակայն խնդիրները մանուկների մոտ հիմնականում նմանատիպ են, տարբեր են դրսեւորումները:

- Աղջի՞կ, թե՞ տղա երեխաներն են ավելի ագրեսիվ:

- Կապ չունի սեռը, գրեթե հավասարապես ագրեսիվ են, հավասարապես էլ դիմում են ինձ:

- Շատ է խոսվում այն մասին, որ համացանցը, մասնավորապես` Տիկտոկը, Յութուբը, մեծ ազդեցություն ունի այսօր երեխաների վրա: Այն ի՞նչ հետեւանք է թողնում:

- Ագրեսիվություն, անհամբերություն, անքնություն, ախորժակի անկում, կոմունիկացիայի խնդիր, պարփակվածություն: Այս բոլոր խնդիրները կարող են առաջանալ, եթե երեխան կախվածություն ունի Տիկտոկից: Հաճախ ավելի կամակոր են դառնում, առանց պատճառի լաց են լինում, ու այդպես շարունակ:

- Առաջներում ասում էին, որ երեխաների հոգեկան առողջության վրա բացասաբար են ազդում տեղական եւ արտասահմանյան հեռուստասերիալները: Այսօր երեխաները սերիալներից կախվածություն ունե՞ն:

- Երեխաներն այժմ գրեթե սերիալներ չեն դիտում, ավելի շատ հակված են ինտերնետային խաղեր խաղալուն: Խաղերը խիստ բացասական ազդեցություն են թողնում երեխայի հոգեկան առողջության վրա: Եթե ծնողը գրագետ մոտեցում ցուցաբերի, երեխային օրական երեք անգամ` 20 րոպեով, կարող է թույլատրել մուլտֆիլմեր դիտել, անգամ՝ խաղեր, եթե դրանք ունեն զարգացնող, օգտակար գործառույթներ:

- Իսկ ի՞նչ կասեք մուլտֆիլմերի մասին: Կա՞ն այսօր որակյալ մուլտֆիլմեր, եթե այո, որո՞նք են դրանք:

- Կան զարգացնող մուլտֆիլմեր, որոնք պետք է դիտել, եւ կան շատ ֆանտաստիկ մուլտֆիլմեր, որոնք, եթե իմ կարծիքն եք հարցնում` արգելում եմ դիտել երեխաներին, որովհետեւ երեխայի երեւակայությունն առանց այդ էլ շատ վառ է, եւ երբ նա ֆանտաստիկ մուլտֆիլմեր կամ ֆիլմեր է դիտում, մնում է դրանց ազդեցության տակ: Ի դեպ, այդ խնդրով եւս շատ են ինձ դիմում: Ակտիվ երեւակայություն ունեցող երեխաները սկսում են կտրվել իրականությունից եւ ռեալ կյանքով չեն ապրում, նույնիսկ տեսիլքներ են ունենում: Մի երեխայի հետ եմ աշխատում, որն ամեն անգամ հաց ուտելիս մայրիկին խնդրում է՝ սեղանին եւս մեկ ափսե դնել, որպեսզի իր երեւակայական ընկերը եւս ճաշ ուտի, լողանալիս խնդրում է իր երեւակայական ընկերոջը լողացնել, ու այդպես շարունակ: Նման խնդիրները հիմնականում առաջանում են ֆանտաստիկ մուլտֆիլմերից:

- Երեխաներն այժմ սիրո՞ւմ են մուլտֆիլմեր, մանկապատանեկան գրքեր, հեքիաթներ, թե՞ Տիկտոկն ու Ինստագրամը հաղթել են բոլորին:

- Դա կախված է ընտանիքից: Ծնողներն ինչի վրա ֆիքսացիա են դնում, երեխայի մոտ հենց դա էլ զարգանում է: Հետաքրքրությունը դեպի գիրքը, հեքիաթները եւ այլն, կախված է ծնողից: Եթե ծնողը ֆիքսացիան դնի, օրինակ, մանկապատանեկան գրականության վրա, երեխան, բնականաբար, կսկսի հետաքրքրվել դրանով: Իհարկե, ցավալի է, բայց այսօր ծնողները երեխաների համար ժամանակ չունեն, Յութուբով ինչ-որ վիդեո են միացնում, եւ ամեն մեկն իր գործով է զբաղվում: Էկրանները շատ են գրավում երեխաներին, սակայն նորից ասեմ` ամեն ինչ կախված է ծնողներից:

- Այսօր տարածված խնդիր է նաեւ ուշ խոսելը: Երեխաներ կան, որ սկսում են խոսել 5-6 տարեկանում, ընդ որում՝ սա բավականին տարածված խնդիր է: Ինչո՞վ է պայմանավորված:

- Դա կոչվում է պարփակվածություն: Երբ երեխան շատ խաղեր է խաղում, ֆիքսվում է խաղի ձայնային տեմբրների վրա եւ իր խոսքի վրա չի կենտրոնանում: Պետք է երեխայի հետ ծնողները, հարազատները զրուցեն, որպեսզի խոսքը զարգանա:

- Ծնողները ե՞րբ եւ ինչպե՞ս պետք է հասկանան, որ երեխան ունի մասնագետի, տվյալ պարագայում` հոգեբանի կարիք:

- Ծնողներին խորհուրդ կտամ՝ երեխաների նկատմամբ լինեն նրբանկատ, դաստիարակություն ասվածին ես նայում եմ այլ տեսանկյունից, նախ՝ ծնողն ինքն իրեն պետք է դաստիարակի, քանի որ երեխան ամեն ինչ ծնողից է վերցնում: Ցանկացած պարագայում, երբ նորմատիվից դուրս քայլեր է անում երեխան, ծնողը պետք է դիմի հոգեբանի: Կան ծնողներ, որոնք հոգեբանական գրքեր են սկսում կարդալ, սակայն դա, ըստ իս, այնքան էլ արդյունավետ տարբերակ չէ, որովհետեւ կարդալը մասնագետի գործն է: Ծնողներին խորհուրդ եմ տալիս՝ շատ շփվել երեխայի հետ: Դա շատ կարեւոր է՝ երեխայի միտքն ու զգացողությունը հասկանալու համար: