«Հրապարակ». Ընդդիմության պայքարի դեմ իշխանության հակաքայլերը

«Հրապարակ». Ընդդիմության պայքարի դեմ իշխանության հակաքայլերը

«Հին ու մերժված» Հայաստանում, երբ փողոցն ակտիվանում էր, հանրային դժգոհությունների ալիքը մեծանում, իշխանությունները շնչակտուր նետվում էին կրակը հանգցնելու՝ խոստումներ էին շռայլում, բարեփոխումների պլաններ իրականացնում, ընդդիմության պահանջներից որոշ բան բավարարում, ասենք՝ սկսում էին խոսել մոտ ապագայում աշխատավարձերի ու թոշակների բարձրացման, հասարակական տարբեր շերտերի կյանքը բարելավելու մասին։ Հիշում էին մոռացված ու «սառույցին գրված» նախաձեռնությունները, ապագայի հետ կապված գայթակղիչ նախաձեռնություններ էին սկսում, որոնք, որպես կանոն, հետո մնում էին թղթի վրա, երբ բողոքի ալիքը մարում էր։ Դրանց նպատակը, իրականում, հանրային մթնոլորտը լիցքաթափելն էր, դժգոհությունները մեղմելը, սին խոստումներով ժամանակ շահելն ու դժգոհների բերանները փակելը։

Նիկոլ Փաշինյանը՝ իբրեւ նախկինների ձեւավորած ավանդույթների հավատարիմ շարունակող, անշեղորեն կիրառում է այս գործիքը․ հավանաբար նախկինների վրա բոլոր մեղքերը բարդելու զինանոցը  սպառվել է, եւ Փաշինյանը նոր զենքեր է փնտրում։

Կառավարության վերջին նիստի օրակարգն ընդդիմության պայքարի դեմ ուղղված հակաքայլերի ճանապարհային քարտեզ է հիշեցնում։ Դիցուք՝ հայտարարվեց, թե մայիսի 1-ից ուսուցիչների աշխատավարձը կհասնի 400 հազար դրամի, քանի որ կառավարությունը որոշում է ընդունել կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձնել 200 հազար դրամ: Մինչդեռ, իրականում, կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներն ընդամենը 500-ի էլ չեն հասնում, իսկ 400 հազար դրամ կարող են ստանալ միայն նրանք, որոնք ատեստավորման 100 տոկոսանոց արդյունք են ցույց տվել, գումարած տարակարգի հավելավճարները, իսկ այդպիսի չափանիշներ մինչ այս պահը, ինչպես նախարարն է խոստովանել, դեռ չկան։

Հաջորդ խոստումը մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության փուլի մեկնարկի մասին էր: Փաշինյանն ասաց, թե իբր մի քրեական գործի շրջանակում Երեւանին հասցված շուրջ 850 մլն դրամի վնասը հատուցվել է, ու այդ գումարն ուղղվելու է մետրոյի՝ արդեն հումորի թեմա դարձած Աջափնյակի կայարանի կառուցմանը, որը ՔՊ-ի 2017 թվականի նախընտրական ծրագրում էր, երբ մասնակցում էին Երեւանի ավագանու ընտրություններին: 

Քարոզչական հաջորդ փուչիկը՝ «Փախստական ընտանիքները կսեփականաշնորհեն իրենց զբաղեցրած բնակելի տարածքները» վերտառությամբ, ազդարարվեց կառավարության նիստում, մինչդեռ որոշման նախագծից պարզ է դառնում, որ խոսքը մի քանի փախստականի մասին է՝ «1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված եւ ՀՀ քաղաքացիություն ստացած» չորս քաղաքացու, որոնք ապրում են հանրակացարաններում։ 

Նիկոլ Փաշինյանը մինչ օրս ամբողջությամբ չի իրագործել պատերազմից հետո՝ իր համար ամենանեղ ժամանակաշրջանում հանրությանը տված 15 կետանոց խոստումները։ Իրականացվել են միայն այն խոստումները, որոնք բխում են ցանկացած կառավարության գործառույթներից՝ հատկապես հետպատերազմական շրջանում։

2020 թվականի նոյեմբերի 18-ին, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը 15 կետից բաղկացած «ճանապարհային քարտեզ» հրապարակեց՝ հայտարարելով․ «Ասել եմ արդեն, որ ինձ եմ համարում ստեղծված վիճակի թիվ 1 պատասխանատուն: Իրավիճակը հաղթահարելու եւ երկրում կայունություն ու անվտանգություն հաստատելու հիմնական պատասխանատուն նույնպես ես եմ: Ընդգծում եմ, որ ոչ միայն մտադիր չեմ հրաժարվել այդ պատասխանատվությունից, այլեւ ամբողջությամբ լծված եմ այդ գործին»: Փաշինյանը  խոստացավ․ «2021թ. հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքն ու արձագանքը հաշվի առնելով` որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»։
Փաշինյանի սահմանած ժամանակը լրացավ, իսկ թե որքանով են իրագործվել «քարտեզում» ամրագրված խոստումները, կարող եք եզրակացնել ինքներդ։ Օրինակ, նա խոստանում էր «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ»:

Բանակցային գործընթացը վերականգնված չէ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը չի գործում, Ալիեւը շարունակում է պնդել, որ Արցախի հարց գոյություն չունի, «խնդիրը» լուծված է։ Իսկ Փաշինյանը չի ներկայացրել, թե ինչպես է պատկերացնում բանակցային գործընթացի վերականգնումը։

Երկրորդ կետը․ «Ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ: Ամբողջությամբ վերականգնել Արցախի բնականոն կյանքը: ԼՂ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքների վնասված տների, բնակարանների եւ ենթակառուցվածքների վերականգնում»։ Իրականում՝ «Արցախի բնականոն կյանքն ամբողջությամբ վերականգնելու» մասին խոսք լինել չի կարող, Արցախում լարվածությունն ու անվտանգության հարցը գնալով ավելի են սրվում՝ Փառուխի դեպքերը դրանց վառ վկայությունն են։  Փաշինյանի խոստումներից մեկն էլ գերեվարված զինվորականների ու քաղաքացիական անձանց վերադարձի մասին էր։ Մինչ օրս անհայտ է նաեւ անհետ կորածներից շատերի ճակատագիրը, իսկ գերիների մասին այլեւս պետական մակարդակում չեն էլ հիշում։

Փաշինյանի «ճանապարհային քարտեզում» ներառված կետերից քիչ թե շատ լուծում են ստացել միայն սոցիալական խնդիրներին վերաբերողները, որոնք յուրաքանչյուր պետություն պարտավոր է լուծել։ Օրինակ. «Հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների, պրոթեզավորման գործընթացի եւ մասնագիտական վերապատրաստման ապահովում»: «Քարտեզի» կետերից մեկն էլ «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում եւ բարեփոխումների մեկնարկ»-ի մասին է:

Փորձագիտական կարծիքը, սակայն, ճիշտ հակառակի մասին է․ Փաշինյանն ու իր թիմը ոչ թե բարեփոխում են, այլ բանակի ոչնչացման գործով են զբաղված։

«Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում»․ սա թերեւս միակ կետն է, որն ամբողջությամբ կատարել է։