«Հրապարակ». Փաշինյանական իշխանության իրական դեմքը՝ Վանաձորի եւ Ստեփանավանի օրինակով

«Հրապարակ». Փաշինյանական իշխանության իրական դեմքը՝ Վանաձորի եւ Ստեփանավանի օրինակով

Երկու օր առաջ գնացել էի Ստեփանավան եւ շատ տպավորված էի իմ տեսածով: Ստեփանավանը, որ փոքրիկ քաղաք է Հայաստանի հյուսիս-արեւելքում, առանձնապես ոչնչով չի տարբերվում Հայաստանի մի քանի տասնյակ նման քաղաքներից: Ինձ զարմացրեց, թե ինչ որակով էր վերանորոգվում քաղաքի կենտրոնական փողոցը: Նման բան ես չեմ տեսել Հայաստանի եւ ոչ մի քաղաքում: Հետո ինձ զարմացրին քաղաքի ներքին փողոցներն ու մայթերը, որոնց մի մասը սալիկապատված էր այնպիսի որակի սալիկներով, ինչպիսին չես հանդիպի նույնիսկ Երեւանում: Ճիշտ է՝ ընդհանուր առմամբ, Ստեփանավանի փողոցները քարուքանդ են, փոշու եւ կեղտի մեջ կորած, բայց այն, ինչ արվել ու արվում է վերջին մեկ-երկու տարվա ընթացքում, իսկապես տպավորիչ է:

Ստեփանավանից գնացի Վանաձոր, որը Լոռու մարզկենտրոնն է: Ստեփանավանը եւս Լոռու մարզում է: Մտածում էի, որ այստեղ նույն պատկերը կլինի, ինչ հարեւան Ստեփանավանում: Բայց Վանաձորում նույնիսկ մեկ նոր լցված փոս չտեսա: Մեկ ժամից ավելի ման եկա Վանաձորի փողոցներում՝ ճանապարհաշինության գոնե մեկ օրինակ տեսնելու համար: Ոչ մի հետք: Քաղաքի բոլոր փողոցների ասֆալտը ջարդված, հողի ու ավազի խառնուրդի մեջ կորած,  վարորդներն անընդհատ փախցնում են մեքենան՝ մի փոսից մյուսը չընկնելու համար: Լավ՝ ի՞նչ տարբերություն Ստեփանավանի ու Վանաձորի միջեւ, ինչո՞ւ Ստեփանավանում մայթերը սալիկապատում, փողոցները կապիտալ ասֆալտապատում են, իսկ մարզկենտրոնում նույնիսկ մեկ նոր արված ասֆալտի կարկատան չկա:

Բացատրությունը չափազանց պարզունակ է. Ստեփանավանը նոր իշխանության մեջ ունի Սուրեն Պապիկյան, իսկ Վանաձորը 2021թ․ ՏԻՄ ընտրություններում մերժել է փաշինյանական իշխանությանը՝ իր ձայնը տալով Մամիկոն Ասլանյանին: Ստեփանավանցիների մի մասը հպարտանում է իրենց հայտնի հայրենակցով, որը սկզբում տարածքային կառավարման նախարար էր, հետո փոխվարչապետ դարձավ ու հիմա էլ զբաղեցնում է պաշտպանության նախարարի պաշտոնը, բայց միշտ «տիրություն» է արել իր փոքր հայրենիքին: Ինձ ցույց են տալիս նրա հոր մսի խանութը: Խանութն այնքան էլ մեծ չէ, որքան որ սազական կլիներ պաշտպանության նախարարի հորը, բայց առեւտուրն աշխույժ է: «Բոլոր պաշտոնյաներն այս խանութից են օգտվում․ դպրոցի տնօրեն կլինի, թե քաղաքապետարանի աշխատակից, միսը պետք է այստեղից առնի: Բոլոր պաշտոնական միջոցառումների միսն էլ են այստեղից առնում: Սա Սուրեն Պապիկյանի նկատմամբ հարգանքի նշան է»,- ստեփանավանցու անկեղծությամբ բացատրում է մեր զրուցակիցը: Նրա կարծիքով, եթե Պապիկյանը մի քանի տարի էլ մնա իշխանության, քաղաքի բոլոր փողոցները կասֆալտապատվեն, մայթերը կսալիկապատվեն: «Կդառնանք եվրոպական քաղաք»,- հարազատ քաղաքի ձեռքբերումներով հպարտանում է իմ ծանոթ ստեփանավանցին:

Վանաձորցիներին իշխանությունը ցուցադրաբար եւ անողոքաբար պատժում է: Ժողովրդի քվեով քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանն արդեն կես տարուց ավելի անազատության մեջ է: Բայց իշխանությունը միայն Մամիկոն Ասլանյանին չէ, որ պատժում է։ Նրա մեղքն այն է, որ առաջադրվել է՝ ի հեճուկս ՔՊ-ի: Պատժում են նաեւ վանաձորցիներին, որ ՔՊ ցուցակը թողած՝ գնացել-ընտրել են Մամիկոն Ասլանյանին, այդպիսով մերժելով Նիկոլ Փաշինյանին: Հայաստանի այլ քաղաքներում էլ է ՔՊ-ն պարտվել, բայց այնտեղ հաղթած թեկնածուների մեծ մասն այս կամ այն ֆորմատով մտել է իշխանության տակ, ճանաչել Փաշինյանի իշխանությունը: Մինչդեռ Մամիկոն Ասլանյանը ոչ մի կերպ չճանաչեց փաշինյանական իշխանությանը: Դրա համար վանաձորցիները պետք է ապրեն քանդված ու ավերված ասֆալտով փողոցներ ունեցող քաղաքում, շնչեն փոշին ու կեղտը: «Հասնում է» իրենց։

Փաշինյանը հնազանդություն է քարոզում՝ բոլոր հնարավոր մեթոդներով ու ձեւերով, ցանկանալով ցույց տալ, որ իր դեմ ըմբոստացողներն անպայման պատժվում են, ճիշտը հնազանդվելն է՝ իր թրի տակով անցնելը: Հոգեբաններն ասում են, որ տեսակով ըմբոստ ու անկախ մարդը չի կարող դեմ լինել իր տեսակին, այդպես վարվում են մարդիկ, ովքեր իրենց ողջ կյանքն ապրել ու կարիերա են ստեղծել հնազանդվելու եւ ենթարկվելու միջոցով: Կարեւոր չէ՝ թաքուն, թե գաղտնի:

Ավետիս Բաբաջանյան