Որևէ մեկը չի կարող որևէ միջամտություն ցույց տալ. Քոչարյանի գործով դատախազ

Որևէ մեկը չի կարող որևէ միջամտություն ցույց տալ. Քոչարյանի գործով դատախազ

ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը: Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ կիրառելի նորմը Սահմանադրությանը չի համապատասխանում, ու դատարանը պետք է դիմի Սահմանադրական դատարան. «Մենք արձանագրել ենք, որ դատարանը կիրառել է Սահմանադրությանը հակասող նորմ, հակափաստարկներ ենք ներկայացրել»:

Բաղդասարյանը նշեց, որ ՍԴ որոշումը դատարանի համար առաջացնում է պարտավորություն քրեական հետապնդումը դադարեցնելու, բայց հենց այդ պարտավորությունը առաջացնող նորմերի սահմանադրականության հետ կապված էլ խնդիր են տեսել, դրա համար միջնորդել են, որ դիմի Սահմանադրական դատարան։ 

Դատախազը նաև ընդգծեց, որ իր գործողությունները որևէ մեկի կողմից թելադրված չեն. «Գլխավոր դատախազի կողմից ՍԴ ներկայացված դիմումն ու դատարանում հնչեցված մտքերը դատախազության մտքերն են, որևէ մեկը չի կարող որևէ միջամտություն ցույց տալ, իրավական բավականին լուրջ հարց կա»,- նշեց Բաղդասարյանը։