Ինչպե՞ս կարող է երկրի թիվ մեկ անձը նման ցածրորակ մտքեր արտահայտել

Ինչպե՞ս կարող է երկրի թիվ մեկ անձը նման ցածրորակ մտքեր արտահայտել

Հարցազրույց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

- Սրբազան հայր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը խորհրդարանական ուժերին 96 ժամ է տվել, որպեսզի անվստահություն հայտնեն կառավարությանը, եւ նոր կառավարություն ձեւավորվի: Ստեղծված իրավիճակում ի՞նչ զարգացումներ են հնարավոր։   

- Մեծ հույսեր ունեմ, որ լավ է լինելու, որովհետեւ, ինչպես սրբազանն է ասել, այս պայքարը ստի դեմ է, իսկ նպատակն էլ՝ արդարության հաստատումը: Երկու կարեւոր օրակարգ կա այդ շարժման մեջ` հայրենիք եւ պատիվ, պետք է մեր արժանապատվությունը վերականգնենք, որպեսզի այսպիսի ծնկած իրավիճակում այլեւս չլինենք:

- Ի՞նչ է սպասվում 96 ժամ հետո, տեղյա՞կ եք սրբազանի ծրագրերից։

- Ես տեղեկություն չունեմ, քանի որ դա իրենց փոքրիկ խորհրդով են որոշում եւ ճիշտ են անում, այդպես ոչ մի արտահոսք չի լինում։     

- Դուք ժողովրդի մեջ տեսնո՞ւմ եք այդ վճռականությունը, միաժամանակ՝ նաեւ համբերությունը, հետեւողականությունը, որպեսզի քայլ առ քայլ գանք հասնենք այդ հանգրվանին։

- Միանշանակ, տեսնում եմ։ Հետո՝ բնական է, որ նման ազգային հարցերը ողջ ազգին չեն վերաբերում, այլ միայն 5 տոկոսին, եւ այսօր այդ 5 տոկոսն այնտեղ է։ Դա այն մարդիկ են, ովքեր ազգային մտածելակերպ ունեն։ Այս իրավիճակը նման չէ 2018-ի հավաքներին, երբ մարդիկ չգիտեին՝ ինչի համար են եկել։ Ի տարբերություն 2018-ի, այսօր սրբազանի կողքը կանգնած են մարդիկ, ովքեր գիտեն, թե ինչի համար են այնտեղ:

- Դուք եւս այս ընթացքում սրբազանի կողքին եք եղել, եւ, առհասարակ, առաջին օրերին հոգեւորականներ շատ կային շարժման շարքերում, բայց գնալով կարծես նրանց թիվը քչացավ։ Կարծիքներ կան, որ իշխանությունների քարոզչական թեզերը, թե եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում, իսկ Վեհափառն էլ Սարդարապատ էր գնացել սադրիչ գործողություններ իրականացնելու, կաշկանդել են հոգեւոր դասին, եւ նրանց թիվը նվազել է վերջին հանրահավաքներին։

- Չեմ կարծում, որ այդպես է, ընդհակառակը՝ սկզբնական շրջանում գրեթե հոգեւորական չկար, միայն սրբազանն էր ու Տավուշի թեմը, բայց հիմա այդպես չէ, վերջին հանրահավաքին եւս բազմաթիվ հոգեւորականներ կային: Ինչ վերաբերում է Վեհափառի՝ Սարդարապատ գնալու վարչապետի զառանցանքին, թե գնացել էր սադրանքներ անելու, ապա դա ուղղակի ցնորամտություն է, ուրիշ ոչինչ:

- Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ԱԺ-ում հայտարարեց, որ իր գլխավորած կառավարության՝ իշխանության գալուց հետո «ամենամեծ ամոթը» կղերաֆեոդալական ավանդույթների շարունակությունն էր։ Այս տեսակ գնահատականն ի՞նչ նպատակ է հետապնդում։

- Դա մի նպատակ է հետապնդում` մոլորեցնել հասարակությանը, որպեսզի ինքն իր նպատակներին հասնի, ով իրեն բերել է իշխանության, ստանում է այդ տեղեկությունները, իսկ ինքն անգամ չգիտի, թե կղերապետականությունն ինչ է։ Ընդհանրապես, ինքը թյուր եւ դիլետանտի տեղեկություններ ունի ամեն ինչի մասին, ավելին` ոչ միայն ինքը, այլ նաեւ իր ողջ խմբակցությունը կամայական լուծումներ են տալիս, կամայական բացատրություններ են անում եկեղեցու կամ եկեղեցականների վերաբերյալ: Դույզն-ինչ տարրական գիտելիք չունեն այդ մարդիկ:

- Նաեւ՝ առաջին անգամ չէ, որ վարչապետն իրեն նույնացնում է Քրիստոսի կամ Պապ թագավորի հետ՝ միաժամանակ յուրովի մեկնելով աստվածաշնչյան պատգամները, օրինակ, որ ամեն իշխանություն Աստծուց է․․․

- Խնդիրն այն է, որ մարդը չունի այդ գիտելիքները եւ երբ աստվածաշնչյան մեջբերումներ է անում, պետք է իմանա, որ դա վերաբերում է այն թագավորին, որ եկեղեցուց օծումով ստանում է այդ իշխանությունը, ինչպես որ Լեւոն թագավորը կաթողիկոսի կողմից ստացավ այդ իշխանությունը: Աստվածաշնչում այլ տողեր էլ կան, որ միանգամայն համընկնում են իր գործողությունների հետ: Ինչ վերաբերում է Պապ թագավորին, նա մեր երեւելի թագավորներից չի եղել, նրա անխոհեմ, անդիվանագետ քաղաքականության հետեւանքով տեղի ունեցավ Հայաստանի առաջին բաժանումը, բայց, դրան զուգահեռ, Պապ թագավորը Ձիրավի ճակատամարտը հաղթեց։ Իսկ ինքն ի՞նչ է արել, միայն ու միայն պարտվել է եւ հանձնել ամեն ինչ:

- Տավուշում արդեն սահմանային սյուներ են տեղադրվել, որոշ տեղանքներում ու դիրքերում ադրբեջանական դրոշներ են ծածանվում, եւ, ինչպես իշխանությունն է ասում, այսուհետ մեր անվտանգության երաշխավորն այդ սյուներն են լինելու, քանի որ ունեն լեգիտիմություն։

- Դրանք փաթեթավորված գեղեցիկ խոսքեր են, ինչպես որ վատ ապրանքն են գեղեցիկ փաթեթավորում եւ վերավաճառում, իր խոսքերն էլ այդ առարկային են նմանում, որ գեղեցիկ փաթեթավորելով՝ վաճառում է իր ժողովրդին, իսկ թե ինչ արդյունք է լինելու` արդեն պարզ է բոլորին: Ինչպե՞ս կարող է երեխան Կիրանցում գնալ դպրոց, երբ իր պատուհանից 50 կամ 70 մ հեռավորության վրա տեսնելու է թշնամու ծածանվող դրոշն ու թուրք ասկյարին, դա՞ է իր ուզած խաղաղությունը, թե՞ լավ է՝ «գոնե առեւտուր կանենք», ինչպես որ նշել էր...։ Կամ ի՞նչ է նշանակում՝ ծառ կտնկենք, որ թշնամուն չտեսնեն ու չվախենան երեխաները։ Ինչպե՞ս կարող է երկրի թիվ մեկ անձը, ով պարտավոր է իր երկրի անվտանգությամբ զբաղվել, նման ցածրորակ մտքեր արտահայտել։ Դա արդեն բավական է՝ պատկերացնելու համար, թե իր ամբողջ կառավարությունն ինչ ողբալի վիճակում է գտնվում:

- Այս ընթացքում մենք ականատես ենք լինում նաեւ ոստիկանների բիրտ ուժի դրսեւորումներին, երբ մի քաղաքացու ոտք էին կոտրել, մյուսի գլուխը վնասել, նաեւ սրբազանին ու հենց Վեհափառին քաշքշեցին, նույնիսկ քամահրանքով կոչ արեցին սրբազանին, թե խաչդ հանիր, քանի որ այլեւս սրբազան չես...

- Լավագույն պատասխանը Պողոս առաքյալն է տվել, ասում է` խաչը փրկվածներիս համար զորություն է, հիմարների համար` անմտություն: Եթե մեկը կարող է խաչը ձեռք առնել, ծաղրանքի առարկա դարձնել, ուրեմն ինքն ու իր ամբողջ սերունդն իր դատապարտությունն արդեն տեսել են: Թող Աստված ների այդ մարդկանց, ուրիշ բան չասեմ: Վերջում ուզում եմ մեր ժողովրդին ցանկանալ ուղղամտություն, որպեսզի կարողանան զանազանել չարը բարուց եւ այդքան դյուրին չհավատան այդ կեղծ ու սին խոսքերին, ինչպես որ այս կառավարությունն է սիրում մատուցել ժողովրդին: Խնդիրն ակնհայտ է՝ իրենք հայրենատեր չեն, այլ, իրենց հոգեբանությամբ՝ հաճախորդ, որ եկել են, ինչ-որ բան անեն ու գնան։ Ավետարանն ասում է` սրանք վարձկաններ են եւ ո՛չ քաջ հովիվներ, որ իր հոտի համար կյանքը կդնի: