«Հրապարակ». Ադրբեջանցի զինվորները հայհոյում են, կրակում մեր ուղղությամբ, մենք էլ պատասխանում ենք

«Հրապարակ». Ադրբեջանցի զինվորները հայհոյում են, կրակում մեր ուղղությամբ, մենք էլ պատասխանում ենք

Այս հունվարից սկսած՝ 15 ընտանիք է գյուղը լքել, պատճառն աշխատանքի բացակայությունն է՝ մեզ հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ վարչական շրջանի ղեկավար Սեյրան Միրզոյանը։ Մինչեւ 44-օրյա պատերազմը գյուղի բնակիչներն իրենց ապրուստը հոգում էին անասնապահությամբ, սակայն 44-օրյայից հետո, երբ հայկական զորքերը հետ քաշվեցին իրենց դիրքերից, ադրբեջանցիները հայտնվեցին գյուղի տներից 100-200 մետր հեռավորության վրա։

Գյուղն էլ կորցրեց իր արոտավայրերը, ինչը լուրջ խնդրի առաջ կանգնեցրեց գյուղացիներին։

«Արոտավայրեր իմ վարչական տարածքը չունի, մարդիկ ձմռանը չեն կարողանում խոտ առնել, որովհետեւ իրենց վաճառած կաթի արժեքին տուկի գինը չի համապատասխանում։ Կաթի լիտրը 130 դրամ է, դրա համար մարդիկ այսօր հաշվարկել են, որ իրենց ձեռք չի տալիս»,- ասաց Միրզոյանը։

Պատերազմից հետո գյուղի անասնաքանակը կրճատվել է ուղիղ 50 տոկոսով։ Հիմա էլ գյուղացիներից շատերը փորձում են վաճառել խոշոր եղջերավոր անասունները, սակայն գնորդ չկա՝ օրական 15-20 լիտր կաթ տվող կովի համար 300-350 հազար դրամ վճարող էլ չկա։ Խնածախը չնայած գազիֆիկացված է, սակայն գյուղի բնակիչների սոցիալական վիճակը թույլ չի տվել գազ ունենալ, ընդամենը մի քանի տուն կա, որ կարողացել է իրեն այդ հաճույքը թույլ տալ։ Ձմռան ցուրտը լուրջ խնդիր է դարձել խնածախցիների համար․ ստիպված են եղել իրենց բակերի, այգիների ծառերը կտրել՝ ձմռանը ցրտից չսառչելու համար։ Եկող ձմեռը գյուղի բնակիչների համար իսկական արհավիրք է դառնալու։

«Գյուղը 100 տոկոսանոց վառելափայտի խնդիր ունի, մարդիկ իրենց բախչեքը, ինչ ունեն-չունեն՝ կտրված, վառված է, էլ պահուստային ոչ մի բան չունենք։ Այս պահի դրությամբ՝ բնակիչների հետ շփման ժամանակ նշում են, որ մնալու հնարավորություն չունեն»,- ասաց Միրզոյանը։

Դաշտավարությունը չնչին տոկոս է կազմում, ու հատկապես այս տարվա անբարենպաստ եղանակի պատճառով հացահատիկի բերքի կեսը փչացել է։ Կառավարությունից սուբսիդիա են տրամադրել գյուղի բնակիչներին, եթե բնակիչն իր սերմացու ցորենն է մշակել իր հողում, հեկտարի դիմաց պետությունը վճարել է 70 հազար ՀՀ դրամ, իսկ եթե ցորենը գնել են, ապա կգ-ն՝ 120 դրամ։

«Մարդիկ այս տարի անցած տարվա համեմատ երկու անգամ ավելի են մշակել, բայց անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով բերքը քիչ է լինելու։ Պատկերացրեք՝ վիճակն այնքան է վատացել, որ բազմազավակ ընտանիքներն են արդեն դուրս գալիս»,- շեշտում է Խնածախի ղեկավարը։

Մեր հարցին, թե գյուղը լքող խնածախցիները որտեղ են հաստատվում, Միրզոյանը նշեց, որ հիմնականում նախընտրում են Մասիսի, Աբովյանի գյուղերը, Աշտարակի, մի տեղ աշխատանք են գտնում ու հիմնավորվում։ «Գյուղն արդեն դատարկվում է։ Անցած տարի 155 տուն կար գյուղում, այս պահին 130-քանիսն է, ու ինձ տեղեկացրած ընտանիքներից, եթե տվյալները ճիշտ են, մինչեւ ձմեռը մի տասը ընտանիք էլ կհեռանա գյուղից։ Մարդիկ ասում են ու գնում»,- ասաց Սեյրան Միրզոյանը։

Իրավիճակը՝ առանց խախտումների, դեռեւս պահպանվում է, իսկ թշնամու զինվորականների կողմից սադրանքներ անընդհատ լինում են։ Մարդիկ կան, ովքեր արդեն սովորել են դրանց՝ շարունակում են ապրել։

«Հայհոյանքները՝ մերոնց ուղղված, ամեն օր էլ լինում են, մենք էլ իրենց ենք պատասխանում։ Ավելի լուրջ սադրանքներ էլ են լինում, նայած իրենց օրվա տրամադրությանը։ Կա օր, որ լուրջ անշնորհքություններ են թույլ տալիս, կա օր՝ որ ավելի անլուրջ։ Մարդկանց, անասնապահին, սահմանապահին հայհոյելու, նրանց ուղղությամբ կրակելու՝ լինում են նման բաներ, դա արդեն սովորական է դարձել։ Ովքեր լուրջ վախեցող են, արդեն վաղուց գնացել են։ Հավատացած եղեք, որ դրանց սալդատի անշնորհքությունից վախեցող չունենք, բայց իրենք են վախեցած` փորձում են մարդկանց իրենց անշնորհքություններով հունից հանել, անընդհատ հրահրել։ Պատկերացրեք՝ իրենք հրահրում են, որ դու պատասխանես, քո պատասխանը նկարահանում են ու ուղարկում իրենց ղեկավարությանը։ Այ, էդ կարգի անշնորհքներ են»,- ասաց Միրզոյանը։

Մեր զրույցի վերջում Խնածախի վարչական ղեկավարը նշեց, որ ինքը Խնածախում է ծնվել, մեծացել, իր ժողովրդի կողքին է ու մինչեւ մեռնելը գյուղում է լինելու․ «Ես խնածախցի եմ, ապրում եմ իմ գյուղում, իմ ժողովրդի հետ, իմ ժողովրդի ցավն իմն է, մնացածն ինձ չի հետաքրքրում»։