Կինոյի տունը հոսանքազրկել են՝ Բատկայի դեմ ֆիլմը չի ցուցադրվել

Կինոյի տունը հոսանքազրկել են՝ Բատկայի դեմ ֆիլմը չի ցուցադրվել

Երեկ երեկոյան Կինոյի տան երկու դահլիճներում նախատեսված է եղել երկու ֆիլմի ցուցադրություն: Փոքր դահլիճում նախատեսված էր ցուցադրել Արայիկ Մանուկյանի հեղինակած «Ասացի և ազատեցի հոգին իմ. Այդին Մորիկյան» ֆիլմը՝ հայտնի խմբագիր, վաղամեռիկ Այդին Մորիկյանի մասին, իսկ մեծ դահլիճում նախատեսված է եղել ցուցադրել ռուս ժամանակակից կինոռեժիսոր Բորիս Գուցի ֆիլմերից մեկը, որը սուր քննադատություն է պարունակում Բելառուս պետության և Բելառուսի իշխանությունների ու հատկապես՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հասցեին: Դա Գուցի 2022 թվականի ամենաաղմկահարույց ֆիլմն է՝ «Մինսկը», որը պատմում է, թե երիտասարդ ամուսնական զույգն ինչպես է զոհ դառնում, երբ մի անգամ մասնակցում է խաղաղ բողոքի ակցիայի: Ֆիլմը բելառուսական ավտորիտար ռեժիմի, մասնավորապես ոստիկանների անմարդկային գործողությունների մասին է:

Պարզվում է՝ ՀՀ իշխանությունները փորձել են ամեն ինչ անել, որ այս ֆիլմի ցուցադրությունը չկայանա։ Մեկ Լուկաշենկոյին քննադատող, մեկ՝ քծնող ՀՀ իշխանություններն այս փուլում որոշել են, որ չպետք է նեղացնեն Բատկային՝ նման ֆիլմի ցուցադրմամբ եւ ամեն հնարավոր բան արել են, որպեսզի ֆիլմը չցուցադրվի։ Մեր տեղեկություններով, ԿԳՄՍ նախարարությունն է միջամտել, կառավարությունից են ինչ-որ մարդիկ խառնվել, բայց քանի որ անգամ ավտորիտար քայլերը նրանց մոտ նորմալ չեն ստացվում, չեն կարողացել արգելել ֆիլմի ցուցադրությունը եւ դիմել են ամենապարզունակ քայլին՝ որոշել են ուղղակի հոսանքազրկել շենքը, որ ցուցադրությունը չկայանա։  

Արդյունքում չի ցուցադրվել ոչ միայն «Մինսկ» ֆիլմը, այլեւ Այդին Մորիկյանին նվիրվածը։ Ֆիլմի հեղինակ, մշակութաբան, նախկին խմբագիր Արայիկ Մանուկյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը՝ այո, շենքն իսկապես հոսանքազրկվել է։ Եւ ոչ միայն Կինոյի տունը, այլև ողջ թաղամասը, նաև «Վարդանանց» բժշկական կենտրոնը: «ՀԷՑ-ից ասացին՝ վթար է տեղի ունեցել, 20 րոպեից կկարգավորվի խնդիրը, սակայն հետո պարզվեց, որ խնդիրը կարգավորվելու է 2 ժամից»,- ասաց Մանուկյանը: Նրա խոսքով՝ չի ցուցադրվել թե՛ իր հեղինակած, թե՛ Բորիս Գուցի ֆիլմը: 

Պարզ է, որ պաշտոնական մարմիններից կասեն, որ վթար է տեղի ունեցել, ոչ մի միտում չի եղել, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ կհավատային վթարի մասին հեքիաթին, եթե չիմանային, թե նախապես ինչ ջանքեր են գործադրվել ռուս ռեժիսորի ֆիլմի ցուցադրությունն արգելելու համար։