Պարզվեց, որ որոշ կետեր նոր իշխանությանը թվացին ձեռնտու, շահավետ և կիրառելի․ Նարինե Դիլբարյան

Պարզվեց, որ որոշ կետեր նոր իշխանությանը թվացին ձեռնտու, շահավետ և կիրառելի․ Նարինե Դիլբարյան

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանին հարցրինք, թե ի՞նչ է կարծում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԱԺ-ն ընդունեց մի օրենք, որը նաև ստորգրեց նախագահ Արմեն Սարգսյանը, ըստ որի՝ դադարում է ՍԴ-ի 3 անդամների պաշտոնավարումը, իսկ Հրայր Թովմասյանը դադարում է լինել ՍԴ նախագահ և շարունակում է պաշտոնավարումը որպես ՍԴ դատավոր․
«« Ժառանգություն» կուսակցությունը հայտարարությամբ հանդես կգա, և մենք ցավով արձանագրում ենք, որ իշխանությունը կրկնում է իր նախորդ սխալները, այսինքն՝ համակարգային լուծում առաջարկելու փոխարեն փորձում է կարկատաններ ձևավորել, և, ենթադրենք, այս գործող Սահմանադրությամբ, որի հետ, համոզված ենք, և՛ հանրությունը, և՛ Հայաստանի Հանարպետությունը բազմաթիվ խնդիրներ ունի, և այն չի ընդունվել ժողովրդի կողմից, այսինքն՝ զուտ խնդրահարույց Սահմանադրություն է․․․ փոխանակ փոխելու այս Սահմանադրությունը հիմնովին, փորձում են առանձին ինչ-որ կետերով գտնել հանգուցալուծումներ, բայց այս կարկատանները ոչ մի ձև չեն հաջողում, և կարող ենք ասել, որ Հայաստանի Հանրապետությունը չի էլ մերձենում իր հիմնական նպատակին, այսինքն՝ ունենալ ժողովրդի կողմից ընդունված Սահմանադրություն, որը հնարավորություն կտա ձևավորել արդյունավետ պետություն։ Գործող Սահմանադրությունը ունի բազմաթիվ ականներ, խնդիրներ, որոնց մենք անընդհատ բախվում ենք։ Դրանց բախվում է նաև իշխանությունը, և ինչ-որ արագ լուծումներով, որոնք երկարատև հաշվարկված չեն, փորձում են փոխել ինչ-որ առանձին կետեր։ «Ժառանգությունը» համոզված է, որ դա ձախող ճանապարհ է, և մեզ բնավ չի մերձեցնում հիմննական խնդրի լուծմանը, ուստի համոզված ենք և առաջարկելու ենք և՛ իշխանությանը, և՛ բոլոր քաղաքական ուժերին նախաձեռնել նոր Սահմանադրության ընդունման գործընթաց, բայց ոչ այն հանձնաժողովով, որը ձևավորված է և որի գործողության օգտակար գործողության գործակիցն ու ընդհանրապես ընտրության սկզբունքը մեզ բնավ չի բավարարում։ Համոզված ենք, որ այս ներքին ճգնաժամային պահերից, լարվածություններից մեզ կարող է դուրս բերել միայն այդ ճանապարհը․ նոր Սահմանադրության մշակումը ազգային համաձայնության մթնոլորոտւմ, սահմանադրական փոփոխությունների այնպիսի հանձնաժողովի ձևավորմամաբ , որտեղ կլինեն և՛ իրավական հանրության ներկայացուցիչներ, և՛ քաղաքական։ Արդեն մի քանի ամիս կորցրել ենք և բնավ չենք մոտեցել մեր ցանկացած խնդիրներին, որպեսզի ունենանք հանգուցալուծում»,- ասաց Դիլբարյանը։

- Մի բան է հատվածական հարցեր լուծելը, մեկ այլ բան՝ այդ հարցերը օրինական ճանապարհով լուծելը։ Թե՛ իրավաբաններ, և թե՛ քաղաքական ուժեր արդեն հայտարարել են, որ ՍԴ-ի վերաբերյալ ԱԺ-ի որոշումը ապօրինի էր։ Ի՞նչ կարծիք ունի ձեր քաղաքական ուժը այս հարցի վերաբերյալ։

- Երբ փորձում ես առանձին, ընտրողական հարցեր լուծել, ընդ որում՝ լուծել համառությամբ․․․։ Եկեք հիշենք, որ մի օրենք ընդունվեց, որով առաջարկվում էր ՍԴ անդամներին վաղաժամկետ և գայթակղիչ պայմաններով թոշակի գնալ։ Մեծ վեճեր առաջացան, բայց այդ օրենքն ընդունվեց և բոլորովին չգործեց։ Այսինքն՝ եթե դու դնում ես հատվածական խնդիրներ, և քո լուծման ճանապարհներն են խնդրահարույց դառնում, ինչպես այս պարագայում, երբ ԱԺ-ում ընդդիմությունը բոյկոտում է, չի մասնակցում քվեարկությանը, և ընդհանրապես ԱԺ-ն իրեն է վերապահում բոլոր լիազորությունները, անգամ նախագահի լիազորությունները։ Իհարկե, Հանրապետության նախագահն էլ սրտանց համաձայնում է հրաժարվել իր լիազորություններից․․․ մենք ներքաշվում ենք քաղաքական և իրավական տեղապտույտի մեջ։ Նկատելի է, որ այս ճանապարհով հարցեր լուծելը մեզ բերում է և՛ քաղաքական և՛ իրավական ճգնաժամի ։ Թե՛ Վենետիկի հանձնաժողովը, թե՛  տեղի իրավական հանրույթը մատնանշում են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծված չեն և անգամ լուծելի էլ չեն ։ Եկեք անկեղծ արձանագրենք, որ այս Սահմանադրությունը այնպես է կարված կամ գրված, որ ամեն ինչ տանում է դեպի մի կենտրոն։ Այսինքն՝ դա մի Սահմանադրություն է, որը գրվել էր հատուկ իշխանությունը պահելու համար, ոչ թե իշխանությանը հակակշիռներ ապահովելու համար, այլ մեկ կենտրոնի իշխանությունը պահելու համար։ Պարզվեց, որ որոշ կետեր նոր իշխանությանը թվացին ձեռնտու, շահավետ և կիրառելի, բայց իրականում դրանք կիրառելի չեն, որովհետև անգամ իրավապաշտ լինելու պարագայում դու անընդհատ խնդիրների ես բախվում։ Պարզ չէ, թե Ազգային ժողովը ինչ պարագայում կարող է իր լիազորությունները դադարեցնել, պարզ չէ, ենթադրենք, թե խորհրդարանական ընդդիմությունը քանի ձայնով կարող է դիմել ՍԴ կամ ընդհանրապես կարո՞ղ է, թե՞ ոչ։ Այսպիսի Սահմանադրությունն է, որ նաև ստեղծում է անձնիշխան փոփոխությունների գայթակղությունը, այսինքն՝ հավաքվել և որոշել, որ կարելի է մեկ խմբակցության ջախջախիչ մեծամասնությամբ կատարել փոփոխություններ, որոնք չեն կարող իրականանալ։ Այս թոհուբոհի մեջ մեկ էլ հանկարծ պարզվեց, որ անգամ հաշվի չէին առել, որ Ալվինա Գյուլումյանը 12 տարի անընդմեջ չի աշխատել ՍԴ դատավոր։ Այսինքն՝ հատվածական  այս կարկատանները՝ խնդրահարույց և ժողովրդի կողմից մերժված Սահմանադրության, մեզ ավելի են նետում դեպի նոր ճգնաժամներ՝ իրավական և քաղաքական։

- ԲՀԿ-ն ՍԴ դիմելու  նախաձեռնություն սկսեց, սակայն «Լուսավոր Հայաստանը» չմիացավ։ Ինչպե՞ս եք գնահատում ԼՀԿ-ի այս կեցվածքը։

- Ես կարծում եմ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը վերլուծել է ներկայիս իրավիճակը և հասկացել, որ այս ճանապարհով իրենք չեն հասնի իրենց առաջ մղած քաղաքական խնդիրներին։ Միակողմանի մեղադրել ԼՀԿ-ին, որ ինքը չի միացել այդ նախաձեռնությանը, կարծում եմ, այնքան էլ ճիշտ չի լինի, որովհետև եթե անգամ նրանք միանային և դիմեին ՍԴ, հավատացեք, որ հանգուցալուծում չէր լինի։ Գուցե հիմա հենց ժամանակն է՝ համախմբված գործելու։ Հանգուցալուծումը ՍԴ դիմելու մեջ չէր, դա կեղծ օրակարգ էր։