Փաշինյանական ժամանակաշրջանը

Փաշինյանական ժամանակաշրջանը

Չկա մարդկային վարքագծի այնպիսի մի դրսևորում, որը հնարավոր չլինի արդարացնել: Եթե կա երևույթը, ապա պետք է լինի նաև դրա գոյության արդարացումը: Սա թերևս անհերքելի և անխուսափելի ճշմարտություն է: Իրականում անհնար ոչինչ չկա, բայց այս պարագայում խնդիրը հնարավորության մեջ չէ, այլ` անհրաժեշտության: Այլ խոսքով` չարիքը միշտ էլ հնարավոր է արդարացնել, նույնիսկ անտրամաբանական ու լղոզված շարժառիթներով, բայց արդյոք պե՞տք է: 

Օրինակ 21-րդ դարի ստալինիստները բնռնաճնշումներն ու միլիոնավոր մարդկանց սպանությունները արդարացնելու նպատակով հաճախ փորձում են նվազեցնել անմիջական կազմակերպիչների և մարդակերների մեղավորությունը` պատասխանատվությունը բարդելով ժամանակրջանի վրա: Իբրև թե` Ի. Ստալինը, Լ. Բերիան, Ա. Միկոյանը և մյուսները այլընտրանք չունեին և ստիպված էին միլիոնավոր մարդկանց գուլագներում ողջ-ողջ թաղել, քանի որ ժամանակներն էին այդպիսին: Կամ էլ պնդում են, թե մարդիկ պարզապես չէին կարող «դանոսներ» չգրել, քանի որ տվյալ իրականությունը խարսխված էր հենց այդ մշակույթի վրա: 

Սա իհարկե առաջին հայացքից բովանդակային, բայց իր էության մեջ քննադատության չդիմացող և նույնիսկ խղճահարություն առաջացնող հակափաստարկ է: Ի՞նչ ժամանակաշրջանի մասին է խոսքը, մի՞թե ժամանակը մարդկային կեցությունից անկախ գոյություն ունեցող տարածություն է, ուր մուտք գործած անմեղ արարածներն անմիջապես և ամբողջապես այլասերվում են: Սա անհեթեթություն է, քանի որ ժամանակի անընդհատ ընթացքի մեջ ժամանակաշրջանները տարանջատվում և արձանագրվում են հենց մարդկային կեցության առանձնահատկություններով: Այսինքն մարդն է ժամանակաշրջանի արարիչն ու ճարտարապետը, այլ ոչ թե հակառակը: 

Իրականում այս գրառումը Ստալինյան ժամանակաշրջանի մասին չէ, այլ հենց` ժամանակի: Ավելի կոնկրետ` ստալինյան բռնաճնշումների օրինակով փորձեցի ցույց տալ, թե ինչպես են մարդիկ արդարացնում իրենց հրեշավոր արարքները ժամանակի մանիպուլյացիայի միջոցով: 

Սա իրավամբ կարևոր արձանագրում է, քանի որ վստահ եմ, տարիներ հետո հայ հանրույթը բախվելու է այդ նույն մանիպուլյատիվ ձևակերպման հետ: Անշուշտ ինչ-որ մարդիկ ապագայում պնդելու են, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլընտրանք չուներ, երբ թքում էր Սահմանադրության երեսին: Համոզելու են, թե 89 պատգամավորները չքվեարկելու տարբերակ չունեին և Սահմանադրական դատարանի ու նախագահի գործառույթների յուրացումը բնական անհրաժեշտություն էր, քանի որ ժամանակներն էին այդպիսին: Ինչպես ստալինյան բռնաճնշումներն էին արդարացվում դասակարգային թշնամիների դեմ պայքարով, այնպես էլ անկախ Հայաստանի Սահմանադրության բռնաբարությունն է արդարացվելու Քոչարյանի դեմ պայքարով: 

Եվ քչերը կխոստովանեն, որ չի կարելի անօրինականության և անարդարության դեմ պայքարել նույն մեթոդաբանությամբ ու տրամաբանությամբ: Քչերը կհասկանան, որ նույնիսկ ձևական գոյություն ունեցող Սահմանադրության ոտնահարումը Նիկոլ Փաշինյանին հավասարեցնում է նախկին ռեժիմի արժեհամակարգին: Եվ վերջապես քչերը կընկալեն այն պարզ ճշմարտությունը, որ Քոչարյանի և Սարգսյանի դժնդակ արարարքները իրավունք չեն տալիս Նիկոլ Փաշինյանին հողին հավասարեցնել իրավական պետության գաղափարը` գերազանցելով իր «փառահեղ» նախորդներին: 

Ո՛չ ժամանակը կապ չունի, ժամանակը չի մեր իրականության այլասերողը, քանի որ այս ժամանակաշրջանի ստեղծողները կոնկրետ մարդիկ են` Նիկոլ Փաշինյանն ու իր խամաճիկները: Նրանք են համահեղինակը ժամանակային այն շրջափուլի, որտեղ տիրապետող են հայհոյանքը, շանտաժը, կոմպրոմատը, ընտրովի արդարադատությունը, մարնտնչող տգիտությունը, երեսպաշտությունը, անսկզբունքայնությունը, անգաղափար և չհիմնավորված լինելիությունը: Նրանք են մարդկային հավաքականությանը լյումպենացված ամբոխի կարգավիճակ շնորհել, քանի որ ամբոխային վարքը ձեռքբերովի է, այլ ոչ թե` ի վերուստ տրված: Ժամանակը չէր կարող հայաստանցիների մի զգալի մասին ֆեյքային ինքնությամբ կիսախելագար հրեշ դարձնել: