«Հրապարակ». Նույնիսկ եթե Զատուլինը Քոչարյանի կողմնակիցն է, որոշումը հարցեր է առաջացնում

«Հրապարակ». Նույնիսկ եթե Զատուլինը Քոչարյանի կողմնակիցն է, որոշումը հարցեր է առաջացնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակը» երեկ գրեց, թե, իր տեղեկություններով, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։ «Զատուլինը Հայաստանում այլեւս համարվում է անցանկալի անձ»,- գրել էր թերթը: Մենք զրուցել ենք քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ, ով հոկտեմբերի 19-ին մեզ տված հարցազրույցում նշում էր, թե Նիկոլ Փաշինյանը ռուսամետ քաղաքական գործիչ է եւ հավատարիմ է Կրեմլին:

- Պարոն Ղուկասյան, Կոնստանտին Զատուլինը Հայաստանում այլեւս պերսոնա նոն գրատա՝ անցանկալի անձ է հայտարարվել: Նրա մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է: Ձեր կարծիքով` ի՞նչ է սա նշանակում:

- Ինձ համար շատ զարմանալի էր, որ այդ գործիչը, որը մշտապես ի շահ Հայաստանի ազգային շահերի էր հանդես գալիս, այսօր ստացել է այդ կարգավիճակը: Այս պահին տարատեսակ կարծիքներ են հնչում, եւ ես չեմ հասցրել ձեւավորել իմ կարծիքը, բայց կարծում եմ, որ նման որոշման համար հարկավոր էին լրջագույն պատճառներ: Ստացվում է, որ Զատուլինի այցելությունները Հայաստանի համար վտանգավոր են: Այստեղ, բնականաբար, պետք է հասկանանք, թե որն է խնդիրը, ինչպես է ստացվել, որ իշխող ուժը Զատուլինի գործողություններում վտանգ է նկատել: Եթե Զատուլինը դիտարկվում է որպես Ռոբերտ Քոչարյանի կողմնակից եւ համախոհ, ապա նույնիսկ այդ դեպքում նման որոշում ընդունելն առաջացնում է բազմաթիվ հարցեր: Առհասարակ, արգելում են նրանց մուտքը, ովքեր լուրջ վտանգ են սպառնում տվյալ երկրին:

- Կարծում եք՝ Զատուլինը Ռոբերտ Քոչարյանի համախո՞հն է:

- Լսեցի նման տեսակետներ, սակայն եթե դա նույնիսկ այդպես է, ապա, միեւնույն է, ինձ համար մնում է անհասկանալի, թե ինչն է նրա մուտքն արգելելու պատճառը: Առնվազն պետք է կենսական նշանակություն ունեցող շահերի վտանգ լինի՝ նման որոշում կայացնելու համար:

- Նախորդ անգամ, երբ զրուցում էինք, համոզված էիք, որ Նիկոլ Փաշինյանը ռուսամետ քաղաքական գործիչ է եւ առանց Կրեմլի «դաբրոյի» առաջ չի շարժվում, ոչ մի քայլ չի անում: Հետաքրքիր է` այս դեպքից հետո չփոխվե՞ց Ձեր կարծիքը:

- Իհարկե` ոչ, չի փոխվել:

- Այդ դեպքում «ռուսամետ» Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է համարձակվել նման քայլի դիմել....

- Բնականաբար` միմիայն Ռուսաստանի իշխանությունների հետ համաձայնեցնելուց հետո է Նիկոլ Փաշինյանն այս քայլին դիմել: Հայաստանի գործող իշխանություններն ինքնուրույն նման քայլի գնալ չէին կարող:

- Ռուսաստանի իշխանություններին ի՞նչ կարող էր տալ այս որոշումը: Ո՞րն է Ռուսաստանի շահագրգռության պատճառն այս հարցում:

- Հիմա մենք ենթադրությունների դաշտում ենք, քանի որ ոչ մի փաստ չունենք: Զատուլինն ունի ընդգծված հակաթուրքական դիրքորոշում: Այսօր այդ քաղաքական գիծը Ռուսաստանի ղեկավարության համար այնքան էլ պոպուլյար չէ: Ռուսաստանի իշխանություններն այսօր Թուրքիային դիտարկում են որպես կարեւոր ռազմավարական գործընկեր, նույնը կարող ենք ասել Ադրբեջանի մասով: Անկեղծ ասած` այստեղ անհատների խնդիրը չէ: Աշխարհաքաղաքական օբյեկտիվ կամ սուբյեկտիվ արդյունքում Հայաստանը դարձել է Կրեմլի կամակատարը: Այսօր Ռուսաստանի համար Թուրքիան եւ Ադրբեջանը բավականին կարեւոր են: Հայաստանն այս հարցում մի մանրադրամ է, որն օգտագործվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը բավարարելու համար, իսկ Նիկոլ Փաշինյանն այն հարմար քաղաքական գործիչն է, որը նախ ունի ժողովրդի մանդատը, մյուս կողմից էլ` կամակատար է, անում է այն, ինչ իրենից պահանջում են: