Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները շարունակվելու են վաղը

Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները շարունակվելու են վաղը

Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները շարունակվելու են վաղը՝ սեպտեմբերի 12-ին ժամը 10:00-ին, Երևանի դատարանի «Կենտրոն» նստավայրում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

«Համաձայն գործող օրենքի՝ դատարանը պետք է լուծի Արմենի օրինական ներկայացուցչի (փաստացի՝ իրավահաջորդի) ներգրավման հարցը, ինչպես նաև, օրինական ներկայացուցչի դիրքորոշման հիման վրա, լուծի վարույթը շարունակելու կամ ոչ արդարացնող հիմքով կարճելու հարցը»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել էր հուլիսի 15–ին, դատարանի դահլիճում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում նրա գործով նախնական դատալսումների ժամանակ Արմեն Գրիգորյանը հանկարծ կորցրել էր գիտակցությունը եւ ընկել աթոռից: Կարճ ժամանակ անց հայտնի էր դարձել, որ Արմեն Գրիգորյանը մահացել է:

Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից, չնայած բազմաթիվ ահազանգերին, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ: