Մարիո Բենեդետտի. Սպասում

Մարիո Բենեդետտի. Սպասում

Քեզ եմ սպասում, երբ գիշերն օր է դառնում
ու արդեն կորսված հույսերի հոգոցներ։
Չեմ հավատում, որ կգաս՝ գիտեմ,
գիտեմ, որ չես գա։
Գիտեմ՝ հեռու լինելը ցավեցնում է քեզ,
Գիտեմ՝ գիշերները ցուրտ են ավելի,
Գիտեմ՝ էլ չկաս։
Կարծում եմ՝ ամեն ինչ գիտեմ քո մասին։
Գիտեմ, որ օրը քեզ համար հանկարծ դառնում է գիշեր․
գիտեմ՝ երազում ես իմ սիրո մասին, բայց բան չես ասում,
գիտեմ՝ ապուշ եմ, որ սպասում եմ քեզ,
չէ՞ որ վստահ եմ, որ դու չես գալու։
Քեզ եմ սպասում, երբ նայում ենք մութ երկնքին՝
դու՝ այդտեղ, ես՝ այստեղ, երանի տալով այն օրերին,
երբ մի համբույր հրաժեշտի նշան դարձավ
գուցե մինչեւ կյանքներիս վերջը։
Տխուր է ասել այս ամենը։
Երբ օրս գիշեր է դառնում,
եւ Լուսինը ծածկում է պայծառ արեւը։
Ինձ մենակ եմ զգում՝ գիտեմ,
կյանքումս երբեք ոչինչ այսքան չեմ իմացել․
միայն գիտեմ, որ այնքա՜ն մենակ եմ
եւ որ այդտեղ չեմ։
Կներես հազար անգամ նման զգացողության համար․
նպատակս չի եղել երբեք քեզ ցավ պատճառել։
Երբեւէ ոչ քեզ սիրելու մասին եմ երազել,
ոչ էլ նման մի զգացմունքի։
Վերջանում է օդս, ինչպես ջուրն անապատում։
Կյանքս կրճատվում է քեզ ներսում չպահելուց։
Ապրելուս հույսը դու ես,
իսկ ես այդտեղ չեմ։
Ինչո՞ւ այդտեղ չեմ, կհարցնես դու,
ինչո՞ւ չեմ նստել այն ավտոբուսը, 
որն ինձ քեզ մոտ կհասցներ։
Քանի որ աշխարհը, որն ունեմ այստեղ, 
թույլ չի տալիս ինձ լինել այդտեղ,
քանի որ ամեն գիշեր ինձ տանջում եմ՝ 
քո մասին մտածելով։
Ինչո՞ւ պարզապես չեմ մոռանում քեզ։
Ինչո՞ւ պարզապես չեմ ապրում այդպես։
Ինչո՞ւ պարզապես․․․․

Իսպաներենից թարգմանությունը՝ Աշոտ ՄԿՐՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ