Մարդիկ սկսելու են ատել թե՛ պետությունը, թե՛ բանակը

Մարդիկ սկսելու են ատել թե՛ պետությունը, թե՛ բանակը

Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման դրեց նոր նախագիծ, որով առաջարկվում էր ներդնել պայմանագրային զինվորական ծառայության նոր համակարգ, ինչպես նաեւ շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով: Կառավարությունը նոր նախագծով առաջարկում էր 24 միլիոն դրամի դիմաց զինծառայությունը կրճատել մինչեւ 4,5 ամիս: Այս նախագիծը բուռն քննադատության է արժանացել։

Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։

- 44-օրյա պատերազմից հետո ունենք բազմաթիվ խնդիրներ, մանավանդ՝ բանակի հետ կապված։ Բանակն այսօր առանց այն էլ ունի մարդուժի, զենք-զինամթերքի խնդիր։ Դեպի ո՞ւր է տանելու այս նախագիծը, ի՞նչ հետեւանքներ այն կունենա։

- Օրենքի նախագիծը զավեշտ է այնպիսի անվտանգային խնդիրներ ունեցող երկրի համար, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է։ Մեր պետականության առաջ ծառացած խնդիրներն այնպիսին չեն այլեւս, ինչպիսին էին ընդամենը 2-3 տարի առաջ։ Մեր առաջ նոր մարտահրավերներ են, այդ թվում՝ եւ ռազմական իմաստով, որի պայմաններում մենք պարտավոր էինք օր առաջ վերանայել մեր ռազմական դոկտրինը, վերափոխել անվտանգային համակարգը՝ այն դարձնելով մոբիլ եւ ժամանակակից մարտահրավերներին դիմադրողունակ։ Այս համատեքստում պարզապես հնարավոր չէ խոսել ռազմական կառույցի կրճատման մասին, այլ ընդհակառակը՝ եթե մենք ցանկանում ենք ունենալ պետականություն, ապա պետք է կառուցենք այնպիսի բանակ, որը կվերականգնի տարածաշրջանում ուժերի նախկին հարաբերակցությունը, հակառակ պարագայում խոսել խաղաղության մասին՝ պարզապես հնարավոր չէ։ Բայց այստեղ միայն արտաքին վտանգը չէ, որ պետք է դիտարկել, այլ նաեւ ներքին վտանգները, որոնք կարող են ուղեկցել այս նախագծին, իսկ դրանք բավականին առարկայական են լինելու։ Օրինագիծը մի քանի անգամ ընթերցելուց մի հարց էր առաջանում՝ արդյոք կազմողները, քննարկողները, հավանություն տվողները ճի՞շտ են հասկացել, թե խոսքն ինչի մասին է։ Օրինագիծը խախտում է նախեւառաջ հասարակության մեջ արդարության մթնոլորտի ձեւավորումը եւ միջնաժամկետ կտրվածքով առաջացնելու է ներհասարակական բարդ հակասությունների շղթա, որը, վստահ եմ, կառավարելի չի լինելու պետության կողմից։ Երբ դա նոր թրենդ դառնա, շատ ծնողներ կմտածեն իրենց զավակներին ազատելու մասին, այդ թվում՝ տուն վաճառելով, վարկեր վերցնելով, եւ սրանից տուժելու է ինչպես բանակային համակարգը, այնպես էլ շատ ընտանիքներ, որոնք հնարավորություն չեն ունենա ազատել իրենց զավակներին, սկսելու են ատել թե՛ պետությունը եւ թե՛ բանակը։ Իսկ պատերազմական դրության մեջ ապրող երկրում, հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, շատերն են ցանկանում իրենց զավակներին ազատել, ուստիեւ այսպիսի օրինագիծը կբերի իսկապես նոր մարտահրավերներ երկրի, երկրի պաշտպանունակության առջեւ, որոնք է՛լ ավելի են սրելու թե՛ ներհասարակական հարաբերությունները եւ թե՛ խորացնելու են պետական համակարգի նկատմամբ վստահության դեֆիցիտը։

- Ի՞նչ նախագիծ կառաջարկեիք, որ ՊՆ-ն ներկայացներ այս նախագծի փոխարեն։

- Սրա փոխարեն պետք է տեղի ունենար քաղաքական կամքի բացառիկ ցուցադրություն՝ վերանայել պաշտպանական ռազմավարությունը, այն վերափոխելով։ Սովորաբար պաշտպանական ռազմական դոկտրին որդեգրում են այն երկրները, որոնք ունեն «ռազմավարական խորք», այսինքն՝ հարձակման դեպքում նահանջելու հնարավորություն, մինչեւ հիմնական ուժերի վերախմբավորումն ու հակահարձակման պատրաստությունը։ Մենք այլեւս զրկված ենք նահանջ ունենալու տեսական եւ գործնական հնարավորություններից, ուստի այստեղ պետք է տեղի ունենար ռազմական դոկտրինի վերանայում, ինչպես նաեւ՝ «ռազմական մեքենայի» համապատասխանեցում նոր իրողություններին։ Ասել է թե՝ մոբիլ հատուկ նշանակության ստորաբաժանումների ստեղծում, անհրաժեշտ ենթակառուցվածքների ձեւավորում, կրթական բազաների հիմնում, որոնք կպատրաստեին հատուկ նշանակության ստորաբաժանումներ, օրենսդրական փոփոխություններ զինծառայողների կարգավիճակի, նրանց տրվող փախհատուցումների եւ զինվորական ծառայությունն առավել գրավիչ դարձնելուն ուղղված հիմնական ու հարակից այլ քայլեր։ Միաժամանակ, ժամկետային զինվորական ծառայության պարտադիր բնույթը ոչ միայն ամրագրել, այլեւ այն դարձնել առավել գրավիչ, միաժամանակ նաեւ պարտադիր հատկապես պետական-քաղաքական համակարգում աշխատող արական սեռի քաղաքացիների համար։ Միեւնույն ժամանակ պետք է ոչ թե խոսել ժամկետային զինվորական ծառայությունից հրաժարվելու, այլ այն էլ ավելի պրակտիկ դարձնելու մասին։ Միայն մեկ օրինակ նշեմ՝ շվեյցարական բանակում 20-50 տարեկան գրեթե բոլոր տղամարդիկ պահեստային զինվորականներ են` իրենց կոչումներով, որտեղ յուրաքանչյուր զինվորի ծառայության ժամկետը 260 աշխատանքային օր է: Սակայն այդ ժամկետը բաշխված է տարիների միջեւ: Երիտասարդները՝ մինչեւ 31 տարեկանը, 8 անգամ երեքական շաբաթ են ծառայում, 32-41 տարեկանները` 3 անգամ, երկուական շաբաթ, 42-50 տարեկանները՝ 1 անգամ։  Շվեյցարացի զինվորը պաշտոնապես զորացրվում է 51 տարեկանում: Սրա փոխարեն, կարծում եմ, որ, ելնելով ՀՀ առաջ ծառացած մարտահրավերների բնույթից եւ ձեւից, պետք էր խոսել ժամկետային զինվորական ծառայության ժամկետի վերաբաշխման մասին՝ մեկ տարով ավելացնելով ընդհանուր զինվորական ծառայության ժամկետը, որի մեծ մասը՝ մեկանգամյա, մնացյալ մասը մի քանի տարիների միջեւ կարճաժամկետ հավաքների տեսքով բաշխելով։ Սա «Ազգ-բանակ» հայեցակարգի լավագույն մոդելը կլիներ մեզ համար՝ հաշվի առնելով նաեւ բնակչության թիվը։ Բայց տեսնելով ներկա իշխանավորների որակը եւ նպատակները, վստահ եմ, որ այսպիսի տարբերակ անգամ չի քննարկվելու, էլ ուր մնաց գործի դրվեր։

- Սոցիալական անհավասար պայմաններն այս նախագծով կրկին ցցուն կդառնան բանակում։ Այն ժամանակ էլ մեծահարուստներն իրենց երեխաներին ազատում էին բանակից, ճիշտ է՝ ոչ այս չափի հասնող գումարներով, բայց էլի հասարակ խավի երեխաներն էին գնում ծառայելու։

- Սոցիալական անհավասարության զգացումը խարխլում է ե՛ւ հասարակական դիմադրողունակությունը, ե՛ւ պետական։ Ի վերջո, 2018 թվականի իրադարձությունները տեղի չէին ունենա, եթե երկրում լիներ սոցիալական արդարության մթնոլորտ, իսկ դրա գոնե գիտակցման բացակայությունը հնարավոր դարձրեց լայն զանգվածների ներգրավել, այսպես կոչված, «հեղափոխական» գործողությունների մեջ։ Եվ հիմա մենք, փաստորեն, է՛լ ավելի ենք խորացնում սոցիալական անհավասարության գիտակցումը, ինչը բերելու է ներհասարակական կոնֆլիկտի էլ ավելի մեծ չափաբաժին, ինչը շղթայականորեն վարկաբեկելու է թե՛ պետությունը, թե՛ բանակը՝ մասնավորապես, ինչպես նաեւ զինվորական ծառայությունը։ Կասկած չունեմ, որ կհայտնվեն ծնողներ, ովքեր ե՛ւ վարկեր կվերցնեն, ե՛ւ տներ կվաճառեն հանուն նրա, որ իրենց զավակն ազատվի զինվորական ծառայությունից, իսկ սա նաեւ ազդելու է առանց այն էլ սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքների սոցիալական վիճակի վրա, ինչը նաեւ կարող է հանգեցնել արտագաղթի՝ դրսում աշխատելու եւ այդ պարտքերը փակելու համար։

- Բավականին մեծ գումար է սահմանված։ Որքանո՞վ է իրատեսական, որ այդ գումարները կուղղվեն բանակի ամրապնդմանն ու բարելավմանը։

- Այդ գումարների մուտքը պետական բյուջե, կարծում եմ, ավելին չի լինելու, քան այն վնասը, որը կհասցվի «պետական եւ ռազմական մեքենային»։ Իսկ պնդումները, թե այդ գումարները կծախսվեն պրոֆեսիոնալ բանակ կառուցելու վրա, պետք է նշեմ, որ պրոֆեսիոնալ բանակ կառուցելը զուտ պայմանագրային ծառայողների թվաքանակի աճով չէ, այլ՝ որակի, համապատասխան կոմունիկացիաների, ռազմավարության, սպառազինության, արհեստավարժության առկայության միջոցով։ Այսօր չկան ո՛չ արհեստավարժ բանակի համար անհրաժեշտ ուսումնական կենտրոններ, ո՛չ կոմունիկացիաներ, ո՛չ արհեստավարժ հրահանգիչներ։ Հետեւաբար, այդ գումարների արդյունավետ ծախսի մասով մի փոքր վատատես եմ։