Լավրովի այցին կքննարկվի Հայաստանում ՌԴ ռազմական ներկայության ընդլայնման հարցը 

Լավրովի այցին կքննարկվի Հայաստանում ՌԴ ռազմական ներկայության ընդլայնման հարցը 

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հաստատեց, որ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ից մինչեւ 11-ը կլինի տարածաշրջանում՝ Մոսկվա-Երեւան-Բաքու։ Հաղորդվում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ նախատեսված են բանակցություններ՝ «երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ փոխգործակցությունը միջազգային ասպարեզում»։

Ռուսաստանյան հրապարակախոս Վադիմ Դուբնովին խնդրեցինք մանրամասնել՝ ի՞նչ կոնկրետ օրակարգով է այստեղ լինելու Լավրովը։ Դուբնովն ասաց․ «Լավրովին ու Մոսկվային հետաքրքրում է հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը, Հայաստանի միջով միջանցքը՝ Թուրքիա, Իրան եւ Ադրբեջան։ Հայաստանը փորձելու է հասնել այն նպատակներին, մասնավորապես՝ գերիներ, սահմանային իրավիճակի հստակեցում, Սյունիքում իրավիճակի հստակեցում։ Վստահ եմ, որ անպայման քննարկվելու է Հայաստանում ՌԴ ռազմական ներկայության ընդլայնման հարցը»։

Ինչո՞ւ Լավրովը, ինչո՞ւ Երեւան-Բաքու, այլ ոչ հայ-ադրբեջանական-ռուսական միջկառավարական աշխատանքային խմբի մակարդակով։ Վադիմ Դուբնովը պատասխանեց՝ այն պատճառով, որ հնարավոր է՝ աշխատանքային խմբի անդամներին հաջողվել է հասնել ինչ-որ պայմանավորվածությունների, «ինչ-որ ուրվագծերի», եւ երեւի ժամանակն է՝ ամփոփելու այն, ինչի վրա աշխատել են։ «Եվ գուցե կան խնդիրներ, որոնք լուծելու իրավազորություն չունեն, եւ դրանք պետք է լուծել նախարարի մակարդակով»։ Դուբնովը կարծում է, որ կողմերը դեռ պատրաստ չեն «երեքով հանդիպման»։ Այսինքն՝ Ալիեւ-Փաշինյան-Պուտին։ «Եվ կարծում եմ՝ սա նաեւ մաքոքային այց է, Լավրովը գերիների ու մի շարք այլ խնդիրների մասին կխոսի Փաշինյանի հետ եւ արդեն լրամշակված այս նյութով կմեկնի Բաքու»,- ասաց նա։ Հետո սա արդեն կփոխանցվի աշխատանքային խմբին։

Նա լիահույս է, որ «կողմերը կարող են գերիների հարցով ինչ-որ մոտ դիրքորոշումների հասնել»։
Հենց երեկ հայ ռազմագերիների հարցով ՄԻԵԴ դիմող փաստաբաններից Արտակ Զեյնալյանի տարածած հայտարարության մեջ ասված էր, որ 19 հայ ռազմագերի, այդ թվում՝ 4 կին, խոշտանգվել ու դաժանաբար սպանվել են։ Դուբնովն  այս փաստի առիթով մեկնաբանություններ չունի։ Ինչպես հիշում ենք՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից անմիջապես հետո՝ 2020 թ․ նոյեմբերի 15-ին, ռուսական լրատվամիջոցներից արտահոսքեր եղան, թե Վլադիմիր Պուտինը Ղազանչեցոցի եւ Դադիվանքի մասով զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, եւ ՌԴ նախագահն Ալիեւին ասել է, որ Դադիվանքն ու Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին իր անձնական պաշտպանության տակ են լինելու:

Վադիմ Դուբնովը «ռեալ պոլիտիկի» շարքից չի համարում եկեղեցիների ու մզկիթների հարցի արծարծումը Ալիեւի ու Պուտինի զրույցների թեմաներում։ «Կարծում եմ՝ այս հարցերը երեւի թե այլ մակարդակի բանակցություններում են ներառված։ Եվ կարծում եմ, որ անհնար է Ալիեւին պարտադրել՝ չապամոնտաժել գմբեթներ։ Եվ սրանք մշակութային ժառանգությանը վերաբերող հռետորաբանության բաներ են»։