ԸՕ փոփոխություններին ԱԺ ընդամենը մեկ ուժ է դեմ խոսել, բայց նույնիսկ դեմ չի քվեարկել

ԸՕ փոփոխություններին ԱԺ ընդամենը մեկ ուժ է դեմ խոսել, բայց նույնիսկ դեմ չի քվեարկել

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանի հետ

- Ընտրական օրենսգրքի փոփոխություններին Վենետիկի հանձնաժողովը հավանություն տվեց, հիմա դրվել է շրջանառության մեջ, սակայն խնդրահարույց կետեր կան։ Մասնավորապես, որոշել եք բոլոր այն քաղաքացիներին, որոնց անձնագրերի վավերականության ժամկետը լրացել է, եւ դա հայտնաբերվում է ընտրատեղամասում, թույլ չտալ, որ ընտրեն, մինչդեռ Սահմանադրությունն ասում է, որ ցանկացած ոք ունի ընտրության իրավունք։ Սրանով, փաստորեն, խախտվելու է այդ իրավունքը։ Ինչո՞ւ է արվում։

- Ընտրացուցակները մաքրելու համար է արվում։ Բնականաբար, խոսքը հունիսի 20-ի ընտրությունների վրա չի տարածվելու, բոլոր այդ փոփոխություններն ապագայի համար են։ Եվ հետո՝ Սահմանադրությունն ասում է, որ ցանկացած ոք ունի ազատ տեղաշարժի իրավունք, բայց դուք կարո՞ղ եք ժամկետանց անձնագրով երկրից հեռանալ։

- Այսինքն, եթե առաջիկա օրերին արտահերթ կամ հերթական նիստում ընդունեք ԸՕ փոփոխությունների փաթեթը, այն ուժի մեջ չի մտնելու, իսկ հնարավո՞ր է, որ ինչ-որ դրույթներ ուժի մեջ մտնեն, ասենք՝ շեմի փոփոխության վերաբերյալ։

- Որեւէ դրույթի ուժի մեջ մտնելու հավանականությունը մեծապես կախված է լինելու, թե երբ կստորագրվի նախագահի կողմից։
Փաթեթում կան կետեր, որոնք կարող են նախագահի կողմից խնդրահարույց դիտվեն եւ ուղարկվեն ՍԴ՝ դրանց սահմանադրականության հարցը վիճարկելու։ Այդ պարագայում ողջ փաթեթից որեւէ դրույթ անհնար է դառնալու առաջիկա ընտրություններին կիրառել։ Եթե անգամ ՍԴ չուղարկի, բայց կախված այն փաստից, թե երբ է ստորագրելու, դրանով եւս պայմանավորված կլինի՝ որեւէ դրույթ ուժի մեջ կմտնի՞ հիմա, թե՞ ոչ։

- Այսինքն՝ եթե շուտ ստորագրի, հնարավոր է քաղաքական ուժերի համար պայմանների բարելավում ենթադրող դրույթներն ուժի մե՞ջ մտնեն։

- Այո, բայց հիմա դեռ վաղ է խոսել այդ մասին։

- Ընտրությունների արդյունքները բողոքարկելու, չեղարկելու հնարավորություն է տրվելու նաեւ ՀԿ-ներին․ սա ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Վերջին 15 տարիներին Հայաստանի ԸՕ-ի հետ կապված բոլոր ռեկոմենդացիաներում Վենետիկի հանձնաժողովն արձանագրում է, որ բողոքարկողների շրջանակը խիստ սահմանափակ է, եւ պետք է ներառել անգամ քաղաքացիներին․ մենք մի քայլ ենք առաջ արել՝ ՀԿ-ներին ներգրավել, բայց չի բացառվում, որ նաեւ քաղաքացիների մասն էլ ընդգրկենք։

- Կուսակցությունների անցողիկ շեմն իջեցնում եք, դաշինքներինը՝ բարձրացնում․ ինչո՞ւ, խոշոր միավորները չեք խրախուսում, որովհետեւ դրանցով ավելի հեշտ է պայքարել իշխանության դեմ։

- Բազմաթիվ անգամ ենք խոսել այս մասին, ամռանը, երբ արտահերթի գաղափարը գոյություն էլ չուներ, ասել ենք, որ մեր մոտեցումն այն է, որ դաշինքներն իրավիճակային են․ ՀՀ-ի, թե մյուս երկրների պատմությունը նայելիս տեսնում ենք, որ դրանք անձերի շուրջ ստեղծված միավորներ են, որոնք փլվելու հակում ունեն։ Մեր մոտեցումն այն է, որ ավելի ձեռնտու լինի առանձին մասնակցելը, քան դաշինքով։

- Գործող ԸՕ-ի ամենաքննադատված դրույթներից մեկը բոնուսների մեխանիզմն է, որի հաշվին ԱԺ պատգամավորների թիվը հասավ 132-ի՝ ընդդիմությանը ձայներ տրվեցին, որ ԱԺ 1/3-ն ապահովեն։ Նոր ԸՕ-ում հրաժարվե՞լ եք այդ դրույթից։

- Քաղաքական փոքրամասնության համար երաշխավորված 1/3-ի ներկայացվածությունը պահպանվել է, պարզապես ոչ թե լրացուցիչ մանդատներ տալու հաշվին է լինելու, այլ՝ ընտրական շեմը չհաղթահարած, բայց 2 տոկոսից ավելի ձայն ստացած ուժերն էլ են մտնելու խորհրդարան։ Բնականաբար, խոսքն այն դեպքի մասին է, երբ որեւէ ուժ 2/3-ից ավելի ձայն է հավաքում։

- Այսինքն՝ խորհրդարանն այլեւս 132 պատգամավոր չի՞ ունենա, ֆիքսված թի՞վ է լինելու։

- Այո։

- Իսկ այս դեպքում «ընտրափոշին» կրկին բաշխվելո՞ւ է շեմը հաղթահարած ուժերի վրա, այսինքն՝ շեմը չհաղթահարած ուժերի ստացած քվեները գնալու են անցած ուժերին։

- Այս պարագայում փոշիացած ձայները նվազում են։

- Գործող օրենսգրքով՝ հետընտրական կոալիցիա կարող են կազմել ոչ ավելի, քան 3 ուժ, որը եւս քննադատության էր արժանանում․ փոխե՞լ եք այս դրույթը։

- Մենք ֆիքսել ենք, որ սահմանափակում չպետք է լինի։

- Իսկ աղմուկ առաջացրած առաջարկը, որ կոալիցիա կազմելու նախաձեռնությունն ամենաշատ ձայն ստացած ուժինն է, այսինքն՝ իշխանությանը, կա՞ նախագծում։ 

- Այո, դա շատ պարզ տրամաբանությունից է գալիս․ ցանկացած խորհրդարանական երկրում կա ինստիտուտ, որն ունի լիազորություն՝ ասելու, թե այն պարագայում, երբ որեւէ ուժ մեծամասնություն չի հավաքել, ով է ձեւավորում կոալիցիան։ 2015-ի Սահմանադրության տեքստը նախագահին անգամ այդ լիազորությունը չի տվել, որպեսզի ինքը լիազորի որեւէ մեկին՝ կառավարություն ձեւավորել, հետեւաբար, դա պետք է կարգավորել։ Դուք ավելի ողջամիտ սկզբունք կարո՞ղ եք ասել, քան ամենաշատ ձայն հավաքած ուժին տալն է։

- Ստացվում է, որ իշխանությունն իր վրայով է կարել օրենսգիրքը, որովհետեւ գաղտնիք չէ, որ մեզանում ամենաշատ ձայներ իշխանությունն է հավաքում։

- Ինչո՞ւ, այդպես չէ։

- Համենայնդեպս, Հայաստանում որեւէ իշխանություն ընտրություններում դեռ չի պարտվել։

- 2018-ի դեկտեմբերը չե՞ք տեսել, որ իշխանական կուսակցությունն անգամ անցողիկ արգելապատնեշը չհաղթահարեց։

- Նիկոլ Փաշինյանը մինչ այդ արդեն գրավել էր իշխանությունը, ինքն էլ վարչապետ էր։

- Հա, բայց տեղերում մեծամասնություն էին։

- Այդ դրույթը Վենետիկի հանձնաժողովի կողմից ի՞նչ գնահատականի է արժանացել։ Բացասական չի՞ գնահատվել։

- Դրական, դուք կարող եք ինքներդ ծանոթանալ։

- Խորհրդարանում կայուն մեծամասնություն ունենալու դրույթի համար նախկինները եւս քննադատվում էին, հրաժարվելո՞ւ եք այդ դրույթից։

- Այդ դրույթը կարգավորվում է Սահմանադրությամբ։

- ԸՕ-ն փոխելուց հետո կարող եք խորհրդարանում Սահմանադրության այդ դրույթը փոխել, նախաձեռնելո՞ւ եք, որպեսզի որեւէ քաղաքական ուժ 50 տոկոս ձայն ստանալուց հետո եւս 3-4 տոկոս բոնուս չստանա՝ իբրեւ թե կայուն մեծամասնություն ունենալու համար։

- Դեռեւս փետրվարին մենք ունեցել ենք նման նախաձեռնություն, բայց Սահմանադրությունը փոխելու համար հարկավոր է ձայների 2/3-ը, որը պատերազմից հետո մենք այլեւս չունենք։ Առաջարկեցինք ԼՀԿ-ին միանալ եւ անել նման փոփոխություն, դա այն ժամանակն էր, որ ԲՀԿ-ն չէր հաճախում նիստերին։ Ենթադրվում էր, որ ընդդիմությունը՝ ինքը պետք է խնդրեր նման փոփոխություն անել, բայց  ունենք փաստ, որ իշխանությունը համաձայն էր դա անել, իսկ ընդդիմությունը չհամաձայնեց։ Իսկ կայուն մեծամասնության դրույթը ոչ թե 54 տոկոս է բոնուսներով ավելացվելու, այլ՝ 52։

- Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ լայն կոնսենսուս կա այս փաթեթի շուրջ, մինչդեռ «Իմ քայլը» միայնակ ընդունեց։ Ի՞նչ կոնսենսուսի մասին է խոսքը։

- ԱԺ-ն շուրջ մեկ տարի է՝ այս հարցով աշխատանքային խումբ է ձեւավորել, եւ այդ կոնսենսուսի ձեւավորումը ներառում է այն փաստը, որ այս փաթեթի դեմ խոսող ուժերի թիվն անհամեմատ ավելի քիչ է, քան նախկինում երբեւէ ընդունված ԸՕ նախագծի հետ կապված։ Ֆիքսենք, որ ԱԺ ընդամենը մեկ ուժ է դեմ խոսել, բայց նույնիսկ դեմ չի քվեարկել (խոսքը ԼՀԿ-ի մասին է, ԲՀԿ-ն չէր մասնակցում քննարկմանը՝ Լ․ Շ․), իսկ արտախորհրդարանական բազում ուժեր կողմ են այս փոփոխություններին, եւ այդ մասին հայտարարություններ են եղել։ Մինչդեռ նախկինում Հայաստանում ԸՕ փոփոխությունները բերվում էին իշխանության կողմից՝ առանց նախապես քննարկումների։