«Հրապարակ». Դատախազության «սեւ թուղթը» մերժեց նաեւ Նկարիչների միությունը

«Հրապարակ». Դատախազության «սեւ թուղթը» մերժեց նաեւ Նկարիչների միությունը

Շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ իշխանությունը, ի դեմս ՀՀ Գլխավոր դատախազության, որոշել է պետականացնել գրողների եւ նկարիչների միությունների շենքերը։ Այսպես կոչված՝ «սեւ թղթերը» ստանալուց հետո երկու միություններն էլ հավաքներ հրավիրեցին, իսկ Գրողների միությունը նույնիսկ արտահերթ համագումար հրավիրեց եւ միաձայն դեմ քվեարկեց դատախազության` գրողների գույքը պետականացնելու պահանջին: Այս ընթացքում թե՛ գրողների, թե՛ նկարիչների միությունն իրենց իրավաբանների հետ փորձում են հասկանալ, թե միությունների սեփականաշնորհված գույքի հարցում 25 տարի անց ինչ իրավախախտումներ է գտել դատախազությունը։

Այս առիթով Նկարիչների միությունը եւս հանդիպում-մամլո ասուլիս էր կազմակերպել, որին ներկա էին նաեւ երկու հարյուրին մոտ միության անդամ-նկարիչներ, ովքեր, մեղմ է ասել, թե անհանգստացած էին կամ վրդովված: Նրանք պարբերաբար իրենց տեղից արձագանքում էին, ռեպլիկներ անում, ընդվզում: 

Ինչպես հայտնի է, դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ եւ հայցադիմումի մեջ պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի՝ Նկարիչների միությանը տրված սեփականության իրավունքի պետական գրանցումը, քանի որ, ինչպես նկատեց միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, իբրեւ թե Նկարիչների միության գույքը 1990-ական թվականներին սեփականաշնորհվել է ապօրինաբար, կադաստրի կողմից խախտումներով, ուստի լինելու է դատավարություն, միությունը որպես երրորդ կողմ է ներգրավված: 

Սաֆարյանի խոսքով՝ միության շենքը, նրա ցուցասրահները 1950-ական թվականներին կառուցվել են հատուկ նկարիչների համար եւ մինչ օրս ծառայում են իրենց նպատակին: «Մենք այս շենքը ժառանգություն ենք ստացել Մարտիրոս Սարյանից, Արա Սարգսյանից, որը Հայաստանի նկարիչների միության հիմնադիրն է, Գաբրիել Գյուրջյանից: Այդ ժառանգությունը պահել եւ պահպանել են իմ պապը՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանը, նրա ընկերներն ու ժամանակակիցները: Նկարիչների տունը ստեղծագործական մեծ գործունեություն է ծավալել, կանգնել է թե՛ ավագ սերնդի, թե՛ երիտասարդների կողքին: Սա մեր սեփականությունն է: Հետխորհրդային շրջանում կառավարության որոշման հիման վրա միությունը ստացել է սեփականության վկայական: Այդ ի՞նչ խախտումներ են եղել, չեմ պատկերացնում»,- նկատեց Սաֆարյանը:

Հիշեցնենք․ օրեր առաջ ԱԺ նիստում կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր գրողների եւ նկարիչների միությունների շենքերը պետականացնելու նախաձեռնությանը՝ նշելով, որ հնարավոր է այնպիսի սցենար, որ ոչ միայն Նկարիչների միությունը, այլեւ բոլոր նմանատիպ կազմակերպությունները զրկվեն կամայական ձեւով այդ շենքերը վաճառքի հանելու հնարավորությունից։ Այլ կերպ ասած` անխուսափելի է շենքերի պետականացումը:

Սուրեն Սաֆարյանը, սակայն, տարակուսանք հայտնեց, թե ինչու պետք է գույքը պետականացվի, եւ ումից են այն պաշտպանելու` նկարիչների՞ց: «Մենք շատ սրտացավ ենք, այս տարիներին իրականացրել ենք շատ նախագծեր, բարեկարգումներ ենք արել, նորոգումներ, որովհետեւ սա մեր տունն է, սա նկարչի տունն է: Արագ որոշումներ կայացնելու դեպքում կարող ենք լուրջ խնդիրների առաջ կանգնել: Այդ խնդիրներից խուսափելու համար այս գույքը պետք է մնա Հայաստանի նկարիչների միության սեփականությունը: Դատավարություն է լինելու, մենք պաշտպանելու ենք մեր շահերը, ամեն ինչ անելու ենք, որ այդ գործընթացն ի շահ Հայաստանի նկարիչների միության լինի»,- շեշտեց Սաֆարյանն ու ընդգծեց, որ միությունն արվեստագետին եւ պետությանը կապող կարեւոր օղակ է, եւ շատ հարցեր են համակարգում, լուծում, նաեւ օժանդակում են միության անդամներին՝ տարբեր հարցերում: Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի նկարիչների միության գույքը պետք է մնա Հայաստանի նկարիչների միության սեփականությունը, հարցին այլ լուծում չեն տեսնում:

Փաստաբան Կարեն Մեժլումյանը, ով ներկայացնում է Հայաստանի նկարիչների միության շահերը, իր խոսքում նկատեց, որ թե՛ նկարիչների, թե՛ գրողների եւ թե՛ այլ ստեղծագործական միությունները Խորհրդային Միությունից սկսած մինչ օրս հենց այդ ստեղծագործական կառույցների սեփականությունն են եղել: 

«Սեփականության իրավունքը միայն կադաստրի վկայական ունենալը չէ: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն, որը նաեւ մեր վճռաբեկ դատարանն է իր նախադեպային որոշումներում կիրառել, ասվում է՝ սեփականության իրավունքի մեջ մտնում է նաեւ օրինական սպասելիքը, երբ վարչական ակտեր կան, փաստաթղթեր կան, որոնցից բխում է, որ այդ գույքը տվյալ անձի, այս դեպքում՝ Հայաստանի նկարիչների միության սեփականությունն է»,- նշեց Կ. Մեջլումյանն ու անդրադարձավ դատախազության բերած հիմնավորմանը, որը հղում է անում «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետին, որը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների եւ կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է: Ըստ դատախազության, այդ օրենքի հիման վրա էլ Հայաստանի նկարիչների միությունն ու նրա գույքը դարձել են պետական սեփականություն:

Մինչդեռ, ինչպես նկատեց փաստաբանը, այդ օրենքում նշված է պետական ձեռնարկությունների, պետական միավորումների եւ պետական կազմակերպությունների մասին, իսկ Հայաստանի նկարիչների միությունը երբեք պետական կազմակերպություն չի եղել, այլ` հասարակական կազմակերպություն:

Հանդիպմանը ներկա էին նաեւ Ճարտարապետների պալատի նախագահը, Կինեմատոգրաֆիստների միության ներկայացուցիչը, Գրողների միության նախագահը, ով եւս անդրադարձավ վարչապետի այն հայտարարությանը, թե աներկբա է, որ հարցին, այսինքն` միությունների շենքերին պետք է լուծում տրվի։ «Ես չգիտեմ՝ վարչապետն իրավունք ունի՞ այլ հիմնարկների վերաբերյալ նման հայտարարություն անելու, հատկապես, որ դրանք հնչում են որպես հրահանգներ։ Հրահանգներ են հնչում այս խեղճուկրակ դատախազություններից, կադաստրն էլ հիմա վախեցած, ես չգիտեմ՝ որ անկյունում է կուչ եկել, թե իր նախորդներին ինչպես անվանարկի, թե այդ ինչ բաներ են արել նրանք։ Վարչական դատարանն էլ այնտեղ է կուչ ու ձիգ գալու՝ ինչպես անի, որ հանկարծ պետական այրերի առջեւ սխալ բան չանի։ Կարծում եմ՝ սա լրացնելու է այն բացը, որն ունի մեր գրականությունը, մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս։ Այդ դատավարությունները կավելացնեն այդ կոմեդիական ժանրը եւ գլխի չեն ընկնի, որ մենք ընկնում ենք զավեշտալի իրավիճակի մեջ։ Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական ժանրի մեջ, բայց խոսում են պետության իրավունքներից»,- նշեց Գրողների միության նախագահն ու ընդգծեց, որ արդեն կասկածում է մեր արդարադատության համակարգի իրավացիությանը եւ օրենքների իմացությանը։

Ավելին` կարծում է, որ մենք պիտի փրկենք արդարադատությունը՝ արդարադատության պահապաններից, որովհետեւ «նրանք կեղծ պահապաններ են, նրանք սպասում են հրահանգների։ Ինչքան էլ ասեն, որ այդ դատական իշխանությունը պիտի անկախ լինի, անկախ՝ ումի՞ց, ժողովրդի՞ց, իշխանությունի՞ց, թե՞ ինքն իրենից։ Այդ դատական ատյանները պիտի որոշեն, թե իրենք ումից են անկախ, վերջապես, այս պարագայում իրենք, փաստորեն, անկախ են ժողովրդից եւ ժողովրդի գլխին ինչ ասես կարող են բերել։ Նկարիչներն ու գրողները եւս ժողովուրդ են, սիրելի բարեկամներ»,- շեշտեց Է. Միլիտոնյանը։

Նա հիշեց 1936-37 թվականները, երբ սպանեցին Բակունցին, դատապարտեցին, ու բանտում իր մահկանացուն կնքեց Եղիշե Չարենցը, սպանեցին Թոթովենցին, բանտում մահացավ նաեւ Զապել Եսայանը, եւ շատ ու շատ գրողների հենց այսպես են հեռացրել կյանքից, մինչդեռ «այդ հեռացնողների անունները՝ դատավորների ու դատախազների, չի մնացել, չկան այդ անունները, որ իմանային՝ իրենք վատ բան են անում, վաղն իրենց անուններին թքելու են ու մրեն… Ես առաջարկում եմ այդ դատավորների, դատախազների, որոնց հրահանգել են, ու նրանք փաթեթներ են սարքել, եթե արդարադատությունը խախտվի, մենք բոլորով նրանց անունը սեւ կամ կարմիր տառերով պիտի գրենք մեր հիշողության տախտակներին»։  

Առաջարկ հնչեց նաեւ, որ բոլոր ստեղծագործական միությունները համագումար հրավիրեն եւ մեկ ընդհանուր դիրքորոշում ու հայտարարություն ընդունեն, իսկ մինչ այդ՝ մայիսի 4-ին, ժամը 12:00-ին Կինոյի տանն անցկացվելու է Հայաստանի նկարիչների միության արտահերթ համագումարը, որտեղ կընդունվի ու կարձանագրվի միության ու նրա հազարից ավելի նկարիչ անդամների պաշտոնական դիրքորոշումը: