«Հրապարակ». Ես կուրախանամ, որ թուրքական պետությունը քանդվի, նսեմանա

«Հրապարակ». Ես կուրախանամ, որ թուրքական պետությունը քանդվի, նսեմանա

Հայաստանի Հանրապետությունը նախօրեին փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա եւ Թուրքիա՝ աջակցելու ավերիչ երկրաշարժի հետեւանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին։ Սիրիայի մասով որեւէ խնդիր չկա, բայց մեզ համար ոչ բարեկամ Թուրքիային օգնություն ուղարկելու հարցում կառավարությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին շատ քննադատեցին, որ պետք չէր մեզ կոտորած, մեր նկատմամբ թշնամական տրամադրված երկրին օգնություն ուղարկել, մի երկիր, որը բայրաքթարներ էր ուղարկում մեր դեմ, դիվերսանտներ ու ռազմական գործի մասնագետներ, որ Ադրբեջանը 2020-ին մեզ լիովին ջախջախի։ Թուրքիայում ավերիչ երկրաշարժից տուժածների մեծ մասը, սակայն, Թուրքիայում բնակվող քրդերն են, քանի որ երկրաշարժի ուժեղ ալիքը հիմնականում Թուրքիայի քրդաբնակ շրջաններում է գրանցվել։ Քրդերը, հիշեցնենք, բնակվելով Թուրքիայում, մշտապես կոնֆլիկտի մեջ են թուրքերի ու հատկապես թուրքական իշխանությունների հետ եւ, հակառակը՝ բավականին լավ են տրամադրված հայերի հանդեպ։

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ Հայաստանն աջակցություն է ուղարկել Թուրքիա՝ օժանդակելու որոնողափրկարարական աշխատանքներին։
«Սա բարիդրացիական հարաբերությունների առումով ճիշտ քայլ է, որովհետեւ մենք Հայաստանում տեսանք այդ հզոր երկրաշարժը եւ մեծ զոհեր ունեցանք, դրա համար չի կարելի ինչ-որ ուրիշ ձեւով խոսակցություններ տանել։ Սա բնության արհավիրք է»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

- Բայց մենք էլ երկու տարի առաջ տեսանք պատերազմ, որը եւս արհավիրք էր մեզ համար, հազարավոր զոհեր տվեցինք դրա պատճառով, եւ Թուրքիան սերտորեն աջակցում էր Ադրբեջանին, որ մեր զոհերն ավելի շատ լինեին։

- Ճիշտ է, Թուրքիան աջակցում էր Ադրբեջանին՝ համարելով, որ իրենք նույն ազգն են, թեեւ տարբեր պետություններ են, եւ բացահայտ Էրդողանը հայտարարում է, որ ամեն հարցում իրենք սատար են կանգնելու Ադրբեջանին։

- Մենք էլ հիմա սատար ենք կանգնում մեզ կոտորած Թուրքիային, որը սատար է կանգնում մեզ կոտորող Ադրբեջանին։

- Մենք ժողովրդին ենք ցավակցում էս առումով։ Դուք ասացիք, որ մեծ քանակությամբ քրդեր են ապրում Թուրքիայում։ Ես կարող եմ ասել, որ այդ երկրաշարժից տուժածների ճնշող մեծամասնությունը հիմնականում քրդեր են ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Սիրիայում։ Այդ երկրաշարժը սկսվել է Դիարբեքիր քաղաքից, որտեղ բնակչության 95 տոկոսը քրդեր են, այնուհետեւ, այդպես շարունակ, գնում Մալաթիայով եւ վերջապես հասնում է սիրիական սահմանները, որտեղ նորից այդ բնակավայրերում ապրում են քրդեր, եւ ճնշող մեծամասնությունն այս երկրաշարժից տուժել են քրդերը։

- Դուք այդ տուժածների մեջ ծանոթներ ունե՞ք, նրանց հետ այս օրերին կապ հաստատե՞լ եք։

- Այո, այն մարդիկ, որ այնտեղ են, ես զանգահարել եմ, բոլոր մանրամասներն ասել են, որ շատ դժվար է, ամեն ինչ փուլ է եկել, եւ նույնիսկ թուրքական իշխանություններն այդքան էլ ուշադրություն չեն դարձնում, բայցեւայնպես, բոլոր պետություններն իրենց աջակցությունն են հայտնել, որպեսզի օգնեն երկրաշարժից տուժած մարդկանց։

- Այս մասով տրամադրությունները տարբեր են, մի մասն ասում է, որ պետք է Հայաստանն օգնության ձեռք մեկնի հարեւան Թուրքիային, որի հետ ուզում է բարեկամանալ, մյուս մասն էլ չարախնդում է՝ ասելով, որ սա Աստծո պատիժն էր․ մենք չկարողացանք բազմամիլիոնանոց հզոր Թուրքիային պատժել, հիմա երեւի Աստված է մեր փոխարեն պատժում։

- Ես էլ եմ կողմնակից դրան, որ Աստծո պատիժն ավելի ուժեղ է, քան մարդկանց պատիժը։ Բայցեւայնպես, ես չեմ կարող ասել, որ սա Թուրքիային էր պատիժ, դա իմ ազգին է պատիժ, որ այսօր 90 տոկոս եւ ավելի քրդերն են տուժել։

- Բայց թուրքեր էլ են տուժել, միայն քրդերի հարցը չէ, այստեղ Թուրքիան որպես պետություն են դիտարկում՝ իր իշխանությամբ հանդերձ։

- Թուրքիան ներքուստ չի սիրում քրդերին, եւ կարող է էնտեղի ժողովուրդն էլ է ուրախանում, որ այս երկրաշարժը եղավ քրդերի նկատմամբ։ Ես գիտեմ Թուրքիայի բոլոր քաղաքները, որտեղ թուրքեր են ապրում եւ որտեղ քրդեր են ապրում, եւ չկա այդպիսի մի բնակավայր, որ քրդեր չլինեն։

- Իսկ հայերից տեղեկություն ունե՞ք, շա՞տ են տուժած հայերը։

- Հայերից երկու հոգի մահացել է Թուրքիայում, նաեւ վիրավոր կա, երեք-չորս հոգի էլ եղել են Սիրիայի Հալեպ քաղաքում։

- Իսկ եթե քրդերի փոխարեն ավելի շատ տուժած լինեին հենց թուրքերը, Դուք հոգու խորքում կուրախանայի՞ք, կհամարեի՞ք, որ Աստծո պատիժը տեղին էր։

- Դե, էդպես «ուրախանալ» հասկացությունը․․․ Որպես մարդ՝ ես չեմ ուրախանա, որ մարդիկ մահանում են։ Ես կուրախանամ, որ թուրքական պետութունը քանդվի, ես կուրախանամ, որ շատ նսեմանա, եւ դա լինի ոչ թե իմ ազգի նկատմամբ, այլ թուրք ազգի նկատմամբ։

- Բա որ թուրքական պետությունը քանդվի, Հայաստանն ո՞ւմ հետ է բարեկամություն հաստատելու։

- Էդ ո՞վ է ասել, որ Հայաստանը բարեկամություն է հաստատելու։

- Նիկոլ Փաշինյանն է ուզում հարաբերությունները լավացնել Թուրքիայի հետ։

- Դե, հարաբերություն լավացնելը չի նշանակում բարեկամություն անել։ Թշնամական պետության հետ էլ կարելի է հարաբերություններ ստեղծել, եթե էդ հարաբերությունները տվյալ ազգի շահերից ելնելով՝ նպատակահարմար են, ես դրա կողմնակիցն եմ։

- Փաստորեն, Աստծու վրա ենք մեր հույսը դրել, որ Աստված պիտի կործանի Թուրքիան, այլ ռեսուրս չունենք Թուրքիան կործանելու։

- Այլ ռեսուրսներ շատ կան։ Եթե նույնիսկ Թուրքիայում ապրող 25 միլիոն քրդերին մի մեծ գերտերություն օգնի, զինի եւ այլն, Դուք մի՛ կասկածեք, որ քրդերի միջոցով Թուրքիան չի քանդվի։ Վստահ եմ՝ կքանդվի։

- Իսկ քրդերը հայերի նկատմամբ ինչպե՞ս են տրամադրված։

- Շատ բարեկամական։ Նույնիսկ այս 44-օրյա պատերազմի ժամանակ Եվրոպայում բնակվող քրդերը մեծ աջակցություն ցույց տվեցին, նույնիսկ սայլակներ ուղարկեցին Հայաստան եւ Եվրոպայում տեղի ունեցած բոլոր ցույցերին՝ հայերի հետ միասին, քրդերը մասնակցել են իրենց դրոշներով, դատապարտել են թուրքական եւ ադրբեջանական այդ ագրեսիան։