Ադրբեջանին կարող է արգելվել՝ մասնակցել ԵԽԽՎ վեհաժողովի մի նստաշրջանին

Ադրբեջանին կարող է արգելվել՝ մասնակցել ԵԽԽՎ վեհաժողովի մի նստաշրջանին

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը:

- ԵԽԽՎ-ի ընդունած վերջին` հայանպաստ բանաձեւն ի՞նչ արձագանք է ստացել Ադրբեջանում: Կա տեսակետ, որ Ադրբեջանը որեւէ կերպ չի ենթարկվելու արեւմտյան պահանջներին:

- Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ խիստ բացասական էր որակել այդ բանաձեւը: Մեջբերեմ վերոնշյալ հայտարարության մի հատված. «ԵԽԽՎ-ն, պաշտպանելով էթնիկ հայերի իրավունքները գոյություն չունեցող սպառնալիքներից, անտեսում է Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների իրավունքների ու արժանապատիվ վերադարձի մասին հնչող կոչերը...»: Այս հատվածը մեջբերում եմ, որ ցույց տամ՝ Ադրբեջանը ոչ միայն որեւէ քայլ չի անելու բանաձեւում առկա դրույթների իրագործման համար, այլեւ ավելին՝ շարունակելու է ավելի ագրեսիվ առաջ մղել իր օրակարգերը։ Նրանք այնքան հանդուգն ու անպատիժ են իրենց զգում, որ նույն ԵԽԽՎ եւ բազմաթիվ այլ միջազգային հարթակներում մեր երկիրը կոչում են «Արեւմտյան Ադրբեջան»: 
Հիշեցնեմ նաեւ, որ այս տարվա հունիսի 22-ին նույն ԵԽԽՎ-ն բանաձեւ էր ընդունել, որտեղ Ադրբեջանին հրատապ կերպով կոչ էր արվում՝ կատարել նաեւ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը եւ բացել Լաչինի միջանցքը: Ամիսներ անց Լաչինի միջանցքը բացվում է՝ հայերի միակողմանի դուրս գալու նպատակով՝ նրանց բազմաթիվ կտտանքների ու ագրեսիայի ենթարկելուց հետո: Ուզում եմ ասել, որ Ադրբեջանն արդեն սովորել է արհամարհել միջազգային կոչերը, միջազգային իրավունքն ու մնալ անպատիժ: Չեմ կարծում, որ բանաձեւը կանխելու է նրանց հետագա քայլերը, ցավոք:

- Այսինքն՝ այս անգամ էլ չի ենթարկվի Արեւմուտքին:

- Արդեն նշեցի, որ ես դա հավանական չեմ համարում, իրենք իրական որեւէ սպառնալիք չեն տեսնում: Շատ հանգիստ ռուսական գազը վաճառում են Արեւմուտքին ու համարվում «հուսալի գործընկեր»: ԵԽԽՎ-ի կամ նույն Եվրոպայի խորհրդարանի բանաձեւերը կարեւոր են, բայց խիստ անբավարար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Ավելին ասեմ․ Արցախի հանդեպ ագրեսիան ու դրան հաջորդած դեպքերը տեղի են ունեցել Արեւմուտքի նախազգուշացումների ներքո, բայց դրանց անգամ պատշաճ գնահատականներ չեն տրվել: Էթնիկ զտման ակնհայտ քաղաքականության մասին որեւէ իրական գնահատական չի հնչել որոշում կայացնողների ու առաջին դեմքերի կողմից, իսկ դա հիմք է տալիս մտածելու, որ այդ ամենն արվել է Արեւմուտքի լուռ համաձայնությամբ: Դրա դիմաց, հավանաբար, Ալիեւը խոստացել էր ստորագրել «Խաղաղության պայմանագիր», բայց փոխարենը, իր ուզածին հասնելուց հետո, հիմա մերժում է արեւմտյան միջնորդությունը, քանի որ որեւէ պայմանագիր նրան պետք չէ: 

- Ի՞նչ կարող է տեղի ունենալ ԵԽԽՎ-ի այս բանաձեւից հետո:

- ԵԽԽՎ-ն խորհրդատվական ֆունկցիա է կատարում, իրական ու գործնական որոշումները կայացվում են Նախարարների կոմիտեում: Եթե համառ աշխատանք տարվի մեր կողմից, Ադրբեջանին կարող է արգելվել՝ որոշ ժամանակով մասնակցելու ԵԽԽՎ վեհաժողովին, առնվազն մի նստաշրջան: Բայց, մեծ հաշվով, դա որեւէ կերպ չի կասեցնի Ադրբեջանի հետագա հանցավոր քայլերը, դրա համար շատ ավելի համալիր ու ծրագրված աշխատանք է պետք, որն ակնհայտորեն չի արվում: