Երեսնամյա Սամվել Բաբայանի մասին հիմա էլ նույն կարծիքին եմ

Երեսնամյա Սամվել Բաբայանի մասին հիմա էլ նույն կարծիքին եմ

Սամվել Բաբայանի գրասենյակը բոլոր լրատվամիջոցներին է ուղարկել քառորդդարյա վաղեմության իմ հոդվածը՝ «Սահման քաջաց՝ զենն յուրյանց»: Գրվել է նրա ծննդյան 30-ամյակի առթիվ, տպագրվել բանակի «Մարտիկ» թերթում: Անչափ շոյված եմ: 

Ուրախ եմ, որ Սամվել Բաբայանն ու իր շրջապատն այն կարծիքին են, որ այսօր ինչ շնորհավորանքներ էլ որ ասվեն ՊԲ նախկին հրամանատարի 55-ամյակին, իմ խոսքը մնում է չգերազանցված: Այդ դեպքում, տիկնայք եւ պարոնայք, բոլորով լքեք ասպարեզը, խոստանում եմ Սամվել Բաբայանին հասցնել իր գերագույն իղձերի կատարմանը: 

Իսկ այժմ՝ լուրջ: Այդ հոդվածը ԼՂՀ կառավարության հանձնարարությամբ պետք է գրեր Մաքսիմ Հովհաննիսյանը, բայց նա մեծի, ավագ ընկերոջ իրավունքով ինձ կանչեց եւ խոստովանեց, որ ձեռքը չի գնում: Երեւի կանխատեսումներ ուներ՝ չգիտեմ: Ի վերջո, վարչապետ Լեոնարդ Պետրոսյանի մոտ համաձայնության եկանք, որ լավ կլինի՝ բանակի հրամանատարին շնորհավորի բանակային թերթը, հանրապետականը կարտատպի: Սա է նախապատմությունը: 

Բայց ես այսօր էլ 30-ամյա Սամվել Բաբայանի՝ հաղթանակած բանակի հրամանատարի մասին նույն կարծիքին եմ եւ վերստին ստորագրում եմ յուրաքանչյուր բառի տակ՝ ի տարբերություն այսօր նրա շրջապատի որոշ քյարթուների, որ քառորդ դարում հինգ կուսակցություն են փոխել եւ վաղը, թող Սամվել Բաբայանը չկասկածի, իրեն երեսուն արծաթով ծախելու են: 

Մի քիչ տխուր է, չէ՞, ծննդյան 55- ամյակ նշել 25 տարի առաջ տրված գնահատանքի հույսով: Բայց օրը հոբելյանական է, ուրախ նոտայով ավարտենք՝ մարդկայնորեն շնորհավորում եմ Սամվել Բաբայանին՝ ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ, իրեն, ընտանիքին, զավակներին։

Հիշեցնենք,՝ այսօր Սամվել Բաբայանի գրասենյակը տարածել էր Վահրամ Աթանեսյանի 25 տարի առաջ գրված հոդվածը, կից գրությամբ․  «Հարգելի´ գործընկերներ,

Այսօր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ, ռազմական, պետական և քաղաքական գործիչ, Արցախի հերոս Սամվել Բաբայանը տոնում է ծննդյան 55-րդ հոբելյանը: Ծննդյան օրվա կապակցությամբ գրված և գրվելիք բազմաթիվ տողեր պիտի ամփոփեն նրա անցած փառավոր ուղին, նրա նվիրման մեջ տեսնեն առեղծված և նրան վերագրեն գերբնական հատկանիշներ: 

Ծնդյան օրվա կապակցությամբ բարեմաղթանքներ շռայլելը դժվար չէ, սակայն ինչ էլ ասվի, ավելի պերճախոս չի գտնվի, քան Սամվել Բաբայանի 30-ամյակի կապակցությամբ Վահրամ Աթանեսյանի շնորհավորանքի խոսքը»: