Գաղտնիքը բացահայտված է

Գաղտնիքը բացահայտված է

Ժամանակն աներեւակայելի սրբագրումներ է անում մեր կյանքում։ Երբ ետ ենք նայում, թե անցած տարի ինչ էր մեզ հուզում, ինչ հետաքրքրություններով էր ապրում հասարակությունը, եւ այսօր ինչն է նրան զբաղեցնում ու գրավում, թվում է՝ անհավատալի մի ուղի ենք անցել։ Անցած տարի՝ 2020 թվականի գարնանն ու ամռանը, մեր միակ մտահոգությունը Քովիդ-19 վարակն էր՝ իր աղետալի տարածմամբ։

 

Մենք վրդովվում էինք, որ ՀՀ իշխանությունները, անտեսելով քովիդի վտանգը, շաբաթներ շարունակ սահմանադրական հանրաքվեի քարոզչություն էին անում, ընդամենը մի պարզ խնդիր լուծելով՝ փորձելով ազատվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանից եւ մի քանի պինդ ու սկզբունքային դատավորից։ Ոչ մի կերպ չէինք հասկանում, թե որն է այդքան ֆինանս ու էներգիա ծախսելու իմաստը՝ այդ ի՞նչ կարեւոր հարցեր պետք է քննի ՍԴ-ն, որը գործող իշխանությունը փորձում է ամեն գնով հպատակեցնել եւ յուրայիններով համալրել։

 

Այսօր, երբ ընտրությունների վիճարկման փուլում ենք, երբ առջեւում կարեւոր միջազգային փաստաթղթերի սահմանադրականության որոշման հարցն է դրվելու, երբ Ադրբեջանին միջանցք տալու, երկրի սահմանները տեղորոշելու խնդիրն է ծառացած, միանգամայն հասկանալի է, թե ինչու էր հարկավոր «գրավել» ՍԴ-ն։ Նույնկերպ՝ մեզ 3 տարի հասկանալի չէր, թե ինչու են դատարաններ շրջափակում, դատավորների վեթինգ իրականացնում, նրանց նկատմամբ վարչական վարույթներ հարուցում, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ փոխում եւ Գագիկ Ջհանգիրյանին գործուղում։

 

Այսօր արդեն հասկանալի է, որ իշխանությունների կամայականությունները, ընդդիմության եւ այլախոհների նկատմամբ քաղաքական հետապնդումները կարող է կանգնեցնել միայն դատական համակարգը, եւ այն գրավելու խնդիրը նույնպես այսօր «կենսական» է դարձել։