Պուտինը «Երկաթե լեդիի» թույլ կողմն ընդգծում է 

Պուտինը «Երկաթե լեդիի» թույլ կողմն ընդգծում է 

Երկրի ղեկավարն իր պետության, ինչու չէ՝ նաև  իր թույլ կողմը չպետք է թշնամուն հասանելի դարձնի։ «Նիկոլ Փաշինյանի ողբը» մեր սպառազինության, անվտանգային համակարգի վտանգված լինելու մասով այնքան է գայթակղել Ալիևին, որ եթե այս պահին Հայաստանն էլ նրան նվեր տա, չի բավարարվի։ Ամեն օր Ալիևի ախորժակի մասին խոսելուց առաջ, հիշեք, թե Հայաստանի վարչապետն ի՜նչ գայթակղիչ աղանդեր է նրան մատուցում։ Այնքա՜ն գայթակղիչ, որ անգամ Թուրքիայի նախագահի ախորժակն է բացվել,  ու ինքն էլ Ադրբեջանին միացել, իր պահանջմունքներն է թելադրում։ Թույլ բանակ, դավաճանական գործակալական ցանց, ծուխու զինվորականություն,- Նիկոլ Փաշինյանն այդպես է թշնամուն հրամցնում մեր երկրի անվտանգությունը  Այնպես որ Ալիևի ռազմատենչ հայտարարություններից վախենալու փոխարեն, վախեցեք, որ ունեք նման երկրի ղեկավար, ով իր վախը, թուլությունը, սեփական երկրին տեր կանգնելու թուլությունը ցուցադրել է միջազգային բոլոր հարթակներում ու այսօր զարմանում է, երբ Ադրբեջանը, Թուրքիան իր երկրի նկատմամբ նոր պահանջներ են ներկայացնում։ Զարմանում է, որ ինքը Ռուսաստանի համար  չկա, զուտ ձևական հայտարարություններով է ամեն ինչ ավարտվում։  Որպեսզի ավելի պարզ լինի, որ երկրի ղեկավարը նույնիսկ սեփական թուլության, վախի մասին չպիտի բարձրաձայնի, մի փոքրիկ դիպված կներկայացնեմ։ 

1995 թվականին հեծանվով զբոսանքներից մեկի ժամանակ որսորդական շունը կառչել է Անգելա Մերկելի ոտքից: Դրանից հետո երկաթե լեդիի մոտ առաջացել է շնից վախենալու ֆոբիան։ Մերկելի աշխատակազմը նախապես ընդունող կողմին զգուշացնում է կանցլերի այս վախի մասին, այս պատճառով նրա հետ հանդիպումների ժամանակ ոչ մի շուն չէր լինում: Միակ մարդը, որն այս կանոնն անտեսում է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է: 2007 թվականի հունվարին նա Մերկելին հրավիրել էր Ղրիմի իր ամառային նստավայր: Երբ նրանք կեցվածք են ընդունել լուսանկարիչների համար, սենյակ է մտել Պուտինի Կոնի շունը: «Երկաթե լեդիին» հաջողվել է հանդարտությունը պահպանել, բայց նա նկատելիորեն հուզվել,  լարվել է: Վլադիմիր Պուտինը Կոնիի միջոցով կամեցել է   ընդգծել «Երկաթե լեդիի» թույլ կողմը։ Պուտինը ժպտում է ինքնագոհ․ դա նրան հաջողվել է։

Հայաստանի իշխանությունն իր թույլ կողմը վաղուց բացահայտել է։ Ինչ նպատակ էլ հետապնդելիս լինի, երբ պատերազմի պարտությունը  կապում է երկրի ներսում  գործող հինգերորդ շարասյան հետ,  հետևանքը ծանր է լինելու։ Թշնամին իր աջակցությունն է հայտնելու՝ հինգերորդ շարասյունը փոշիացնելու համար։ Իսկ հինգերորդ շարասյունը կարող է լինել այն կորիզը, որն ուզում է տեր կանգնել իր երկրին։ 

Պուտինի ու Մերկելի օրինակը լավագույն վկայությունն է, որ բոլոր երկրներն էլ առավելագույնս խաղում են Նիկոլ Փաշինյանի թույլ կողմի վրա։ Եթե Պուտինը Մերկելի թույլ կողմի վրա էր  խաղում, Փաշինյանն ո՞վ է, որ նրան մատի վրա չխաղացնի։ Իսկ Նիկոլին թվում է, թե իր,, մանրիկ շուստրիություններն ու շանտաժը,, Պուտինը ոչ տեսնում ու ոչ էլ հասկանում ։