«Հրապարակ». Միամտություն է զինվորականներին քաղաքական որոշումների գործառույթ վերագրելը

«Հրապարակ». Միամտություն է զինվորականներին քաղաքական որոշումների գործառույթ վերագրելը

Հարցազրույց Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի հետ:

- ՄԻԵԴ-ը բավարարել է հայկական կողմի պահանջը, այն է՝ Ադրբեջանից պահանջել է ապաշրջափակել Լաչինի միջանցքը, հիշեցրել է նոյեմբերի 9-ի համաձայնագրի մասին եւ պահանջել ապահովել տեղաշարժի կարիք ունեցողների իրավունքը։ Արդյոք սա ա՞յն վճիռն է, որին մենք սպասում ենք, եւ ՄԻԵԴ-ի այս վճռից հետո ինչպիսի՞ն պետք է լինեն հայկական կողմի քայլերը։

- Չեմ անդրադառնա ո՛չ հայկական կողմի պահանջի իրավական ձեւակերպումներին եւ ո՛չ էլ կայացված վճռի բովանդակային առանձնահատկություներին: Դա իմաստ կունենա անել, եթե Բաքուն բացի մարդասիրական միջանցքը մարդկանց ու բեռների ազատ տեղաշարժի համար: Միջանցքը դեռեւս փակ է եւ կարող է փակ մնալ անկախ ՄԻԵԴ որոշումից: Հարցն այն է, թե ՄԻԵԴ-ի որոշումն անտեսելն ինչպիսի բացասական հետեւանքներ կունենա Ադրբեջանի համար, եւ որքան ժամանակ կպահանջվի, որպեսզի եվրոպական կառույցները վերջինիս պատժելու կոկրետ ձեւն ու ժամկետը ճշտեն: Համապատասխան ընթացակարգերի գործարկումը կարող է շաբաթներ կամ ամիսներ տեւել, մինչդեռ արցախցիները կմնան շրջափակման մեջ: 

- ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի անդամ երկրների հայտարարություններն ի՞նչ տպավորություն թողեցին Ձեզ վրա: Գործողությունների հերթն էլի հայկական կողմի՞նն է, թե՞ հայկական կողմը բավականաչափ լավ չէր պատրաստվել կամ նախապատրաստական աշխատանք չէր տարել։

- ՄԱԿ-ի ԱԽ հարթակում իրականացված քննարկումը թույլ տվեց հասկանալ հիմնական դերակատարների պաշտոնական դիրքորոշումները, թեեւ, իհարկե, մենք պետք է նկատի ունենանք, որ այդ դիրքորոշումները մեծապես պայմանավորված են նաեւ հենց այդ դերակատարների միջեւ ներկայումս առկա կնճիռներով ու հակասություններով: Ուստի, ավելի կարեւոր է, թե այդ կարգի քննարկումներից դուրս, կոնկրետ պետություններն ինչպիսի կոնկրետ քայլերի են պատրաստ՝ Արցախն ապաշրջափակելու համար, եթե, անշուշտ, պատրաստ են: 

- Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանին են փոխանցել խաղաղության պայմանագրի իրենց առաջարկները, եւ նախապայմանը մեկն է` դադարեցնել օկուպացնել ՀՀ ինքնիշխան տարածքները։ Լաչինի միջանցքի փակման ֆոնին ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը։

- Փաշինյանի հայտարարությունը հնչեց ՀՀ արտգործնախարարի մոսկովյան եռակողմ հանդիպմանը չգնալու վերաբերյալ տեղեկության հետ գրեթե միաժամանակ: Այսինքն, պաշտոնական Երեւանն այն տպավորությունն է ստեղծում, որ մինչեւ մարդասիրական միջանցքն առանց նախապայմանների չբացվի, իմաստ չի տեսնում մասնակցել եռակողմ քննարկումների, թեեւ ասելիք ունի եւ այն գրավոր տեսքով փոխանցել է Բաքվին:

- Արցախի բլոկադան այսպես մինչեւ ե՞րբ է շարունակվելու։

- Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմը կձգտի հնարավորինս երկար ժամանակ միջանցքը փակ պահել, թեեւ կնախընտրի այն ընդհանրապես չբացել եւ Արցախի մատակարարումը կազմակերպել հենց իր տարածքից՝ վերջնականապես կտրելով Հայաստանի հետ Արցախի բոլոր հնարավոր կապերը: Հենց այս հեռանկարից խուսափելու համար էլ անհրաժեշտ է, որ Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության պայմանագիրը հատուկ կարգավիճակ սահմանի մարդասիրական միջանցքի համար ու երաշխավորի դրանով անխափան կապն Արցախի եւ ՀՀ-ի միջեւ: 

- Ռուսական կողմի պահվածքն ի՞նչ է հուշում։ Խաղաղապահի մանդա՞տն է կաշկանդում, թե ՞ կա հայկական շահի հաշվին սեփական օրակարգի սպասարկում։

- Ռուսական կողմն ունի իր սեփական օրակարգը, եւ դրա իրականացման համար պատասխանատու է ոչ թե խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը տեղում, այլ ՌԴ քաղաքական ղեկավարությունը Մոսկվայում, Կրեմլում: Միամտություն է զինվորականներին քաղաքական որոշումներ կայացնելու գործառույթ վերագրելը: Այլ հարց է, թե ՀՀ գործող իշխանությունը որքանով համարժեք է կարողանում գնահատել իրավիճակը: