Ալիեւը նույնիսկ Մութալիբովին է զորակոչել

Ալիեւը նույնիսկ Մութալիբովին է զորակոչել

Բաքվում, ըստ երեւույթին, ճգնաժամ է: Նման եզրահանգման գալու համար բավական է արձանագրել փաստը՝ ժողովրդին եւ քաղաքական ուժերին կոչ է հղել նախկին նախագահ Մութալիբովը: Ընդ որում՝ հիշեցնելով իր իշխանության տարիները, երբ «ընդդիմությունն իր զայրութը թափում էր ոչ թե օկուպանտների»՝ այլ իր գլխին: Սա բավական ենթատեքստային հղում է, եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանում իշխանության հարցն անցած շուրջ երեսուն տարիներին զուգակցվել է Լեռնային Ղարաբաղի հարցին: Ի՞նչ իրավիճակ է այսօր:

Մութալիբովն ասում է, որ իր տեղեկացվածությամբ՝ «քաղաքական ուժերի մեծ մասը կանգնած է իշխանության եւ բանակի կողքին»: Նման հայտարարություն Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցությունները չեն արել: Հրապարակային փաստ չկա: Ընդդիմությունը չի մասնակցել Բաքվի զանգվածային ցույցին: Մութալիբովն, անկասկած, քաղաքական ուժերի եւ իշխանության միասնության մասին խոսում է Իլհամ Ալիեւի պատվերով: Կարելի՞ է ենթադրել, որ նա իշխանություն-ընդդիմություն երկխոսություն նախաձեռնելու պատվեր է ստացել:

Շատ հավանական է, որ քաղաքական մեկուսացման մեջ հայտնված Ալիեւը փորձում է հայրենասիրության, հայատյացության եւ պատերազմի քարոզչության շուրջ ձեւավորել ներքին համերաշխության մթնոլորտ, ինչը նրան ավելի շատ պետք է սեփական իշխանությունը փրկելու համար: Նախագահության տասնյոթ տարիներին Ալիեւը հետեւողականորեն ոչնչացրել է ընդդիմությունը, իսկ հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն սադրելուց ուղիղ մեկ շաբաթ առաջ նա ,,Մուսավաթ,, եւ Ժողովրդական ճակատ կուսակցություններին անվանեց ,,վախկոտ դավաճաններ,,՝ ընդգծելով, որ հենց այդ պատճառով է Ադրբեջանն ունեցել տարածքային կորուստներ: Նախկին նախագահի միջոցով Ալիեւն այսօր աջակցություն է խնդրում վախկոտներից եւ դավաճանների՞ց: Ի՞նչ է խոստանում դրա դիմաց: Կոալիցիոն կառավարությու՞ն: Վախկոտները եւ դավաճանները կընդունե՞ն այդ «նվերը»: Փաստ է, որ Ալիեւի վիճակը չափազանց բարդ է, եթե նա զորակոչել է Մութալիբովին, որին Ադրբեջանում այսօր շատ քչերն են երեւի հիշում: