Հայկական կողմն ի վերուստ պարտված էր գնացել ՄԱԿ-ի նիստին

Հայկական կողմն ի վերուստ պարտված էր գնացել ՄԱԿ-ի նիստին

ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանին մեղադրեց «մանիպուլյացիայի, կեղծիքի տարածման, միջազգային հանրությանն ապակողմնորոշելու, Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, էթնիկ հայերի ինտեգրմանը խոչընդոտելու» եւ այլ մեղքերի համար։ Նա իր ելույթում Արցախը ներկայացրեց որպես «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջան» եւ բողոքեց, որ հայկական կողմը չի ընդունում Ադղամ-Ստեփանակերտ ճանապարհով ուղարկվող բեռները, ի տարբերություն Լաչինի միջանցքի, որի ճանապարհը լեռնային է, իսկ  այն հարթ է ու կարճ՝ ընդամենը 18 կմ։ Արցախում մարդկանց սովի մատնելու մասին մեղադրանքներին ի պատասխան էլ ադրբեջանցին ներկաներին ցույց տվեց սոցցանցերում հրապարակված լուսանկարներ, որտեղ մարդիկ հարսանիք են անում ու այլ միջոցառումներ նշում։

«Նրանց ամենալավն եմ մաղթում, թող երջանիկ լինեն։ Այս լուսանկարները հերքում են սովամահության մասին լուրերը, մարդիկ երջանիկ են, պարում են, ահա, քաղցրահամ տորթը»,-ասաց նա։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, առհասարակ, տարբեր ելույթներ հնչեցին, որոնք այնքան էլ արցախամետ չէին։ Դրանցից մեկը, թերեւս, ՌԴ ներկայացուցչի ելույթն էր, որը հակառուսական ալիք է բարձրացրել մեզանում: Մենք փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք Հայաստանում ռուսամետ հայացքներ ունեցող հասարակական-քաղաքական գործիչների ֆեյսբուքյան էջերում՝ քար լռություն է: Եթե առաջ մեծ ակտիվությամբ Արեւմուտքին հայհոյում էին Ադրբեջանին սատարելու համար, Ռուսաստանին՝ գովերգում, հիմա լռում են՝ հասկանալով, որ իրենց սիրելի Ռուսաստանն ադրբեջանամետ ելույթ է ունեցել:

Մենք խնդրեցինք այս իրավիճակը մեկնաբանել Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանին:

- Ադրբեջանի ներկայացուցիչը երեկ անդրադարձավ Արցախում տեղի ունեցող հարսանեկան արարողություններին, անգամ լուսանկարներ ցուցադրեց` որպես ապացույց, թե Արցախում սով չկա, մարդիկ երգում-պարում են: Ի՞նչ գնահատական կտաք այդ հայտարարությանը:

- Իհարկե, ադրբեջանական կողմն ամեն ինչ անելու է` ցույց տալու համար, որ Արցախում ոչ մի խնդիր չկա, բլոկադա՝ եւս, նրանք ուզում են չեզոքացնել այդ հումանիտար հարցը: Այդ անհեթեթ արտահայտություններով ցանկանում են միջազգային հանրության ուշադրությունը շեղել եւ իրենց վրայից թոթափել ցեղասպան իշխանություն, ցեղասպան երկիր լինելու հանգամանքը: Այն փաստարկը, թե Արցախում հարսանիքներ են լինում, ուրեմն չկա բլոկադա, անգամ քննարկման ենթակա չէ: Կարելի է շրջել Արցախի խանութներով եւ տեսնել, թե ինչ է կատարվում: Խանութներում հերթեր են, մարդիկ են ուշաթափվում սովից: Ամեն դեպքում, բնական եմ համարում, որ ադրբեջանական կողմն այդպես է արձագանքում, որովհետեւ հենց նման անհեթեթ փաստարկներով են փորձում արդարանալ, բայց ամեն ինչ ակնառու է: 120 հազար մարդ ենթարկվում է ցեղասպանության:

- Ադրբեջանի ներկայացուցիչը հայկական կողմին մեղադրեց մանիպուլյացիաներ անելու, ստեր տարածելու մեջ:

- Սա եւս նույն տրամաբանության մեջ է: Ցավոք, հայկական կողմն ի վերուստ պարտված գնացել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, քանզի, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե Արցախն Ադրբեջանի մաս է, արդեն իսկ իրենց նշաձողը դարձնում են զրո: Բնական է, որ նման պայմաններում Ադրբեջանը խոսելու էր հոխորտանքի լեզվով: Հայաստանի իշխանությունները պետք է կարողանային առավել հստակ եւ փաստարկված պատասխանել ադրբեջանական կողմի ստերին:

- Նիստի ընթացքում տարբեր հայտարարություններ հնչեցին: Ո՞ր երկրի ներկայացուցչի ելույթը կառանձնացնեք` որպես առավել հայանպաստ:

- Կարծում եմ, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական նիստի ժամանակ չէինք կարող մեծ ակնկալիքներ ունենալ, մեծ հաշվով, որեւէ պետություն մեզ չի զարմացրել եւ չի ասել որեւէ նոր բան: Բոլոր երկրները հայտնեցին իրենց այն դիրքորոշումները, որոնք լսել ենք բազմիցս: Ցավալին այն էր, որ գրեթե բոլոր երկրների մոտ այն տպավորությունն էր, թե Արցախն Ադրբեջանի կազմի մեջ է դիտարկվում: Դրական կողմն էլ այն էր, որ ճնշող մեծամասնությունն ընդունեց, որ Արցախում կա բլոկադա, հումանիտար աղետ: Ոչ մի նոր բան, ամեն դեպքում, չհնչեց:

- Իսկ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման մասին ի՞նչ կասեք: Դա է՞լ նորություն չէր:

- Որեւէ երկիր որեւէ այլ երկրին միտված հայտարարություն չէր անում: Ամեն երկիր պաշտպանում էր իր սեփական շահը, եւ բոլորի ելույթներն այդ համատեքստում էին: Չեմ կարծում, թե ինչ-որ մեկը հայկական կողմից ավելի հայանպաստ պետք է լիներ: