Ինչպես հասնել ֆինանսական անկախության 

Ինչպես հասնել ֆինանսական անկախության 

Ժամանակակից մարդու համար, սեփական կյանքն արժանապատիվ կերպով ապրելու առաջնային սկզբունքներից մեկը ֆինանսական անկախություն ունենալն է։ 

Որպեսզի ընթերցողը պատկերացնի, թե որքան կարեւոր է մարդու համար ֆինանսական անկախությունը, ներկայացնենք մի իրական պատմություն աշխարհահռչակ Մերիլին Մոնրոյի կյանքից։ Երբ Մերիլինը վաստակում է իր առաջին մի քանի միլիոն դոլարանի հասնող հոնորարը, նրան հարցնում են, թե դա ինչքանո՞վ է կարեւոր իր համար եւ ի՞նչ է տալու իրեն, չէ՞ որ արդեն բավականին ճանաչված է։ Մերիլինը բառացիորեն պատասխանում է․ «Հիմա, երբ ես իմ բանկային հաշվում մի քանի միլիոն դոլար ունեմ, ինձ ավելի ապահով եմ զգում։ Ի վերջո, հիմա ես կարող եմ քնել ում հետ ուզում եմ, եւ ոչ թե՝ ում հետ որ պետք է»։ 

Մեր նախորդ ակնարկներում, արդեն խոսել ենք այն մասին, թե ինչպես կարելի է դրամ տնտեսել եւ որքան կարեւոր է «ոչ» ասել կարողանալը։ Այսօր կանդրադառնանք եւս երկու հարցի՝
1․ ինչպես դրամ տնտեսել, երբ աշխատավարձդ քիչ է
2․ ծախսելիս հիմնվել միայն առկա դրամական միջոցների վրա

Այս երկու հարցերն իրականում կապված են իրար հետ, քանի որ առնչվում են ծախսերին։ Եւ ուրեմն՝ ինչպես դրամ տնտեսել, երբ աշխատավարձդ քիչ է։ Նման դեպքում պետք է հետեւել ծախսերի ողջամտության եւ կարգավորվածության սկզբունքին։ 

Այսինքն՝ եթե ունես փոքր աշխատավարձ եւ նպատակ ես դրել ինչ որ բանի համար գումար տնտեսել, ասենք՝ «նեղ օրվա» համար, ուրեմն պետք է նախ վերանայես ընթացիկ ծախսերդ։ Ավելի պարզ ասած՝ կազմես ընթացիկ ծախսերի ցանկը եւ յուրաքանչյուր կետը ծանրութեթեւ անես, թե որքանով է այն նպատակահարմար եւ ողջամիտ։ 
Որպես կանոն, նման դեպքերում մի քանի ծախսային կետ է ի հայտ գալիս, որոնք նպատակահարմար կամ ողջամիտ չեն դիտարկվում։ Դրանց կրճատումով էլ հնարավոր է դառնում փոքր աշխատավարձի պայմաններում, նույնիսկ թեկուզ փոքր ծավալներով, բայց տնտեսումներ կատարելը։ 

Մյուս կողմից՝ ծախսեր կատարելիս պետք է հիմնվել միայն առկա՝ ունեցած դրամական միջոցների վրա։ Այլ կերպ ասած, որքան հնարավոր է՝ առավելագույնս պետք է խուսափել պարտքերից, փոխառությունների, վարկերից։ 
Ավելի մեծ գայթակղություն մարդու համար՝ սեփական ֆինանսական կենսագրության ընթացքում, քան ամենատարբեր վարկերն ու փոխառություններն են, կարելի է ասել՝ չկա։ Սակայն որքան էլ դրանք առաջին հայացքից լինեն գրավիչ, կամ որքան էլ խորհուրդ տան, թե ի՞նչ կա որ՝ ամբողջ աշխարհն է դրանց վրա «նստած», միեւնույնն է, պետք է հիշել, որ դրանց պետք է դիմել ծայրահեղ դեպքերում, այն էլ, երբ հստակ երաշխավորված է, որ կկարողանաս դրանք վերադարձնել մինչեւ վերջին լուման։ Այլապես՝ մշտապես առկա է «պարտքային փոսում» հայտնվելու վտանգը։ 

Արամ Յանին