Թե ինչու է Լավրովը այսօր այսպես ձևակերպում իր մտքերը, սա արդեն այս իշխանությունների արածի և ասածի հետևանքն է․ Վարդանյան

Թե ինչու է Լավրովը այսօր այսպես ձևակերպում իր մտքերը, սա արդեն այս իշխանությունների արածի և ասածի հետևանքն է․ Վարդանյան

ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովի այն հայտարարությունը, թե «Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի 7 շրջան, որոնք իրեն չէին պատկանում, և որոնց երբեք չի էլ հավակնել», շարունակում է քննարկվել ու քննադատվել հայկական մեդիատիրույթում։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Լավրովի հայտարարությանը՝ ասաց․ «Ինձ հետաքրքիր չէ, թե ինչ է ասել Լավրովը, ինձ համար շատ ավելի կարևոր է, թե վերջին տարիների ընթացքում ինչ է ասել և ինչ է արել Հայաստանի այս իշխանությունը, որ Լավրովը թույլ է տալիս նման արտահայտություններ անել։ Նույնը վերաբերում է նաև աշխարհաքաղաքական մյուս կենտրոններին։ Ինչ է ասում Լավրովը, ինչ է ասում Վաշինգտոնը, ինչ է ասում Փարիզը՝ մեզ շատ քիչ պիտի հետաքրքրի։ Մեզ պիտի հետաքրքրի, թե ինչ ենք անում մենք և ինչու ենք հայտնվել մի վիճակում, երբ նույն Լավրովը, նույն Վաշինգտոնը, նույն Փարիզը տարիներ առաջ բոլորովին այլ բաներ էին ասում, այսօր՝ այլ բան։ Հստակ ասում էին, որ հակամարտության լուծման սկզբունքները երեքն են՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովրդի ինքնորոշման իրավունք։ Սա նույն Լավրովն է ասել և մյուսներն են ասել։ Բայց թե ինչու է Լավրովը այսօր այսպես ձևակերպում իր մտքերը, սա արդեն այս իշխանությունների արածի և ասածի հետևանքն է»։

Մեր դիտարկմանը, թե շատերի կարծիքով Լավրովը նորություն չի ասել,այլ ասել է ճշմարտությունը, որը գուցե նախորդ իշխանությունները թաքցրել են, Վարդանյանն ասաց․ «Բացարձակապես էդպես չի, եղել է բանակցային գործընթաց, էդ մանրամասներին Դուք, կարծում եմ, տեղյակ եք, երբ խոսքը վերաբերում է Արցախի ինքնորոշման իրավունքը ճանաչելու պարագայում հինգ շրջանները, հետո նաև երկու շրջանները՝ արդեն Արցախի կարգավիճակի դիմաց տալուն։ Իսկ այսօր ի՞նչ ունենք՝ ոչինչ»։

Հարցին՝ Լավրովի այս հայտարարությունը չի՞ խաթարի, արդյոք, հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ու ռազմավարական դաշնակցությունը, ընդդիմադիր պատգամավորն ասաց․ «Գիտե՞ք, ես այդ բառերին շատ չեմ հավատում և շատ չեմ վստահում։ Այո, Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, բայց մեր խնդիրները մենք պիտի լուծենք։ Եւ նույն հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը դարձյալ այս իշխանությունների, նրանց խորհրդատուների գործունեության արդյունք է»։