Բանակը սրանց համար բեռ էր՝ ո՞նց շարունակեի ծառայությունս

Բանակը սրանց համար բեռ էր՝ ո՞նց շարունակեի ծառայությունս

Սարյան փողոցի վրա տաքսի եմ կանգնեցնում, ասում եմ՝ գնում ենք Իսահակյան փողոց։ Բարեկիրթ, միջին տարիքի տաքսիստը շրջվում է, խնդրում՝ ասեք ոնց քշեմ։ Ասում եմ՝ Թումանյանով մտեք պրոսպեկտ։ Խնդրող հայացքից հասկանում եմ, որ ոչ Թումանյան փողոցը գիտի, ոչ Իսահակյան։ Զարմանքս նկատելով, բացատրում է․ «Մի շաբաթ է Երեւանում եմ, մտածեցի՝ տաքսի կքշեմ, ընտանիքս կպահեմ, բայց չսիրեցի ձեր քաղաքը, մի քանի օրից հետ եմ գնում»։ Որտեղի՞ց եք։ Պարզվում է Իջեւանից է։ 8 տարի պայմանագրային զինծառայող է եղել Տավուշի զորամասում, մեկ ամիս առաջ դիմում է գրել՝ դուրս եկել, տեղափոխվել Երեւան՝ տաքսի է վարում։ Իսկ ինչո՞ւ դուրս եկաք բանակից։ Լավ էր չտայի այդ հարցը ու չլսեի նրա պատմությունը, չտեսնեի այն վիրավորվածությունն ու վրդովմունքը, որ հիմա ունեն հավանաբար բոլոր՝ բանակում ծառայող քիչ թե շատ գրագետ ու պատվախնդիր մարդիկ։

Ասում է․ «Զինվորականների ընտանիքից եմ՝ մերոնք հայրենիքի, պետությունը պաշտպանելու, ծառայելու ուժեղ ավանդույթներ ունեն։ Ջահելներն էլ՝ եթե անգամ չունեն, մեր ազգուտակում ձեւավորված մթնոլորտն ու ժառանգականությունը ստիպում է, նրանք էլ են անպայման ծառայում։ Կյանքիս մի մեծ հատված նվիրել եմ բանակին, մեծ իմաստ եմ տեսել հայրենիքի պաշտպանության գործի մեջ եւ հպարտացել եմ, որ զինվորական եմ։ 44-օրյա պատերազմին էլ եմ մասնակցել։ Չեմ համարել, որ հատուկ հերոսություն եմ անում՝ ո՞վ պետք է հայրենիքը պաշտպանի, եթե ոչ ես։ Բարեխղճորեն ծառայել եմ ու մտածել եմ, որ մինչեւ կենսաթոշակի գնալս շարունակելու եմ ծառայել՝ զինվորական գործը իմ մասնագիտությունն է, որից ես լավ եմ հասկանում եւ, կարծում եմ՝ լավ եմ անում։ Բայց սրանց գալուց հետո ամեն ինչ շրջվեց։ Պարզ դարձավ, որ բանակը սրանց համար բեռ է կամ քարոզչություն անելու միջոց՝ մայկա-տռուսիկից խոսեն, ցուցադրական ճաշարաններ սարքեն, ելակ տան զինվորին, հետը նկարվեն։ Իսկ դիրքում կանգնած պոստավոյը սովից մեռնի, իր ստացած փողը ծախսի ուտելիքի վրա։ Հետո գնալով վիճակը վատացավ։ Իսկ պատերազմից հետո պարզ դարձավ, որ հնարավոր չի այլեւս մնալ ու ծառայել։ Դե, պատկերացրեք՝ 170 հազար դրամ էի ստանում, որից 15 հազարը պոստում կանգնելու օրերին սննդի վրա էի ծախսում, տակն ի՞նչ էր մնում, որ շարունակեի մնալ ու ծառայել։ Մենք հո էս կապիկները չե՞նք (մատնացույց է անում փողոցում իբրեւ թե երթեւեկությունը սուլելով կարգավորող պարեկներին՝ Ա․Ա․), որ բարձր աշխատավարձ տան մեզ։ Սաղ երկիրը ոստիկանությունով է լցրել՝ ամեն տեղ ավելացրել են սրանց, որ իրեն (նկատի ունի՝ Նիկոլ Փաշինյանին՝ Ա․Ա․) պաշտպանեն»։

Մի փոքր պաուզա է տալիս, օգտվում եմ առիթից, ասում եմ՝ «Բայց ձեր զեմլյակն է, ասում են՝ իջեւանցիները սիրում են իրեն»։ «Ո՞վ ասաց՝ մենք իրեն դուրս ենք գրել Իջեւանից, զրկել ենք Իջեւանի քաղաքացի կոչվելուց։ Սուտ է՝ ոչ մեկն էլ չի սիրում մեզ մոտ դրան։ Ինչի՞ համար սիրենք՝ նոր էր եկել իշխանության, սպեցնազը լցրեց Իջեւան՝ ջարդեցին մարդկանց՝ մոռացե՞լ եք անտառահատների դեմ արածը։ Ո՞ր արժանիքի համար պետք է սիրենք։ Ասեմ ձեզ՝ վարչապետ դառնալուց առաջ Իջեւանում չեն էլ ճանաչել իրեն, իրենց ընտանիքը, իրենք շատ մեկուսացած են ապրել, սիրված չեն եղել, հայտնի չեն եղել։ Դե, 2018 թվին Աստված մեր ազգի խելքն առավ՝ սրան բերեցինք մենք գլխին պատիժ։ Հիմա էլ ազատվել չենք կարողանում։ Էն ժամանակ ոգեւորված էինք, մտածում էինք՝ Սերժից պրծանք, ո՞վ պետք է լինի, որ ավելի վատ լինի։ Համ էլ ասում էինք՝ ոնց բերեցինք, տենց էլ կճանապարհենք։ Կարճ էինք մտածում, մեր արածից էնքան էինք զարմացել, որ մեզ թվում էր՝ նույն բանը կարող ենք միշտ անել։ Տեսա՞ք ինչ ստացվեց․ քանդեց երկիրը, բանակը զրոյի հավասարացրեց, ոստիկաններով իրեն շրջապատեց, դրանց էլ մեծ աշխատավարձ է տալիս, որ իր աթոռը պահեն։ Բոլոր նախկիններից խորամանկ ու իշխանատենչ դուրս եկավ։ Գերազանցեց բոլորին»։

Ճանապարհը երկար չէր՝ ես հասա տեղ եւ ցավով հրաժեշտ տվեցի իջեւանցի տաքսիստին՝ հուսադրող ինչ որ խոսքեր մրմնջալով, թե՝ լավ կլինի։ Խոսքեր, որոնց ինքս էլ շատ չէի հավատում։