Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 17

Ինչպես էր փոխվում թավիշը. Ապրիլի 17

Մեր այսօրվա ողբերգական վիճակի հիմքը դրվեց 2018-ի մարտի 31-ին, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը սկսեց Գյումրի-Երեւան քայլարշավն ու հասավ այն բանին, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, եւ մայիսի 8-ին ինքը դարձավ վարչապետ: Հետո պիտի պարզվեր, որ «Մերժիր Սերժին» կարգախոսով փողոց ելած ու իրենց արածը «ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն» որակածները շատ արագ մտնելու են այն արատավոր դաշտը, որի դեմ պայքարում էին: Մենք փորձել ենք վերականգնել անցյալը եւ ներկայացնել հեղափոխականների տրանսֆորմացիայի համառոտ ժամանակագրությունը՝ ըստ օրերի եւ տարիների։ Օր տասնութերորդ՝ ապրիլի 17:

2018թ․ ապրիլի 17

77 կողմ, 17 դեմ ձայների հարաբերակցությամբ Սերժ Սարգսյանն ընտրվեց Հայաստանի վարչապետ: Նիկոլ Փաշինյանի բողոքի ակցիաները շարունակվում էին: Վարչապետ ընտրվելուց հետո Սերժ Սարգսյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանին՝ առանց նշելու վերջինիս անունը. «Իմ շատ երիտասարդ գործընկերոջը, որը, տեսնում եմ՝ քաղաքական մեծ ամբիցիաներ ունի, խորհուրդ եմ տալիս ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով: Հասկանում եք՝ սա դատարան չէ, որտեղ դատավճիռներ են ընթերցում եւ մեղադրում: Խորհուրդս հետեւյալն է՝ ձեր բոլոր ջանքերը գործադրեք ձեր գործընկերոջը փողոցից բերելու համար: Դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք, որեւէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժն արյան ծարավ չի ունեցել, ես նույնիսկ թշնամու արյան ծարավ չեմ ունեցել»: Խորհուրդն ուղղված էր Էդմոն Մարուքյանին եւ Արամ Սարգսյանին, որոնք սերտորեն համագործակցում էին իշխանության հետ եւ Նիկոլ Փաշինյանին միացան Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո:

2019թ․ ապրիլի 17

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ հարցրին, թե ինչու չի կատարում իր խոստումն ու չի փոխում «սուպերվարչապետական» համակարգը (ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը ենթակա են վարչապետին): Փաշինյանը պատասխանեց հերթական բառախաղով. «Երբ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը եղել են նախարարություններ, խնդիրները պակաս չեն եղել: Ուզո՞ւմ ենք, որ դրանք լինեն քաղաքական գործընթացի մասնակիցներ, որովհետեւ նախարարություն՝ նշանակում է քաղաքական պաշտոն: Ուզո՞ւմ ենք, որ ԱԱԾ պետը քաղաքական գործիչ լինի կամ ոստիկանության պետը, որը վաղը, մյուս օրը լինելու է պատգամավոր: Ի՞նչ է պատահել, չեմ հասկանում այս նյարդային մթնոլորտը: Իշխանությունը որեւէ մեկին հետապնդո՞ւմ է, որեւէ մեկի օդերը փակո՞ւմ է»: Նույն նիստում Փաշինյանի թիմակից պատգամավոր Սասուն Միքայելյանն ասաց. «Չեմ ուզում գաղտնի տվյալներ հրապարակել, բայց, ընդհանուր, մեր զինվորներն առաջնագծում հազիվ են հերիքում»։ 

2020թ․ ապրիլի 17

Խորհրդարանը 99 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը: Ամենավիճահարույց դրույթն այն է, որի համաձայն՝ քաղհայցով դատարան դիմելու հիմք կարող է դառնալ օպերատիվ տվյալը, եւ եթե քաղաքացին չկարողանա օրինական եկամտի աղբյուրներով հիմնավորել գույքի ձեռքբերումը, ապա գույքը կարող է բռնագանձվել: Այլ կերպ ասած, չունենալով մեղադրական դատավճիռ՝ դատախազությունը կարող է դիմել դատարան, գույքի բռնագանձում պահանջել: Իրավաբաններն ասում են, որ սա կարող է միջոց ծառայել, որ իրավապահները նման բռնագանձման հեռանկարով տարբեր մարդկանց ահաբեկեն ու ստիպեն իրենց հետ ստվերային պայմանավորվածությունների գնալ՝ էսքան մուծի, որ էս բանին չգնանք:

2021թ․ ապրիլի 17

Աննա Հակոբյանի հիմնադրած «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատվությունների մասին կցկտուր տեղեկություններ են հրապարակվում՝ 420,287 միլիոն դրամ, 966 դոլար, 708 հազար ռուսական ռուբլի եւ 2 հազար 870 եվրո։ Հիմնադրամին փող մուծած անձանց կամ կազմակերպությունների զգալի մասի անունները թաքցված են, ինչը «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի խախտում է: Նույն օրը Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձորի մարզում է: Թաքցնում են, թե որ համայնքներ է գնալու, մի համայնքի գերեզմանատանը Փաշինյանը փորձում է ծաղիկներ դնել պատերազմում զոհվածների շիրիմին, քաղաքացին թույլ չի տալիս մոտենալ։ «Իմ եղբոր գերեզմանի հետ գործ չունեք, սա իմ եղբոր գերեզմանն է, ես դրա իրավունքն ունեմ, Ձեզ թույլ չեմ տալիս»,-ասում է նա: Սոցկայքերում եւ լրատվամիջոցներում լուսանկարներ են հայտնվում, որ տասնյակ դպրոցահասակ երեխաներ են բերվել՝ Փաշինյանին դիմավորելու համար:
Շարունակելի

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ