Ադես ու Չինար մամը

Ադես ու Չինար մամը

​Բագրավանում աշնան շեմին սկսվում էր անձրևների հեղեղը։ Օրերով չէր կտրվում։ Գյուղում անձրևանոց չէինք օգտագործում, դրա համար էլ հաճախ թրջված տուն էինք գալիս, և մայրս մեր հագուստները փռում էր վառարանի մոտ,աթոռների վրա,որ մինչև առավոտ չորանան։ Երբ սկսվում էր տեղատարափը ,ադես հաճախ էր կռիվ անում երկնքի հետ. «Տո քամբա՛խ էղնիս, հերի՜ք է, էլի մեզի ոդից գլուխ թրջես,չէս տեսնի՞, օր չորցնելու հնար չունինք,մէ պեշկըմ է. որի՞ս հասցնե։ Տիա կաբուդ լաչագս ջրի մեջ կճպճպա. տարա գոմի մխից կախի, բալքի հարի լուս չորնա»։  
Այդպես ինքըն իրեն դժգոհում էր: Ձեռքը ճակատին դրած՝ նայում էր երկնքին, որը կարծես փլավքամիչ լիներ. անձրևը թափվում էր ու թափվում։ Իսկ ծիածանը ուշանում էր կամ բնավ  չէր հիշում մեր գյուղի մասին։

Հանկարծ տեղատարափի ամենաթեժ պահին մեր դուռը ծեծեցին։ Ես վազեցի, որ բացեմ։ Ադես զարմացավ.«Ըսման հեղեղին էս ո՞վ է խելըռե,օր ուրիշի դուռը կզարգէ, հըմի էդ ճպճպան չամուռը տուն կբերե»։

Ես արդեն դուռը բացել էի.  դռան շեմին կանգնած էր Չինար մամը՝ ինչպես միշտ, ձեռքերը կրծքին խաչած։ Երբ ադես տեսավ նրան, տրտունջը մոռացավ։
-Վա՜յ, Չինա՛ր ջան, նե՛ս մըդի, սավսեմ թրջել ես։Արի նստի պեշկի կողքը,լաչագդ էլ հանե՛, քցեմ չորնա։Խո հիվանդ չե՞ս. մէ տեսագըմ ես։

Մինչև Չինար մամը շունչ կառներ, իմ Ադեն հարցերի տարափը թափեց նրա գլխին։

-Հա՛,Եղսո՛ ջան,քիչըմ հիվանդ եմ,էս ոդներս հազիվ քաշ կուդամ, ուժս օր օրի կպակսի,ըսի էրթամ  բժիշկ Սիմոնի քովը,գանգադս էնեմ,տեսնիմ ի՞նչ կըսե։ Մինակ Աստձուց կխնդրեմ, օր իմ ոդ ու ձեռով հողը մդնիմ։
Ադես թեյնիկը դրեց վառարանի վրա ու կանչեց մորս. «Ա՛յ հարս,քիչըմ բան -ման դիր սեղնին. Չինարն է էգե,համ էլ մէ բաժակըմ չայ խմենք, մինչև Սիմոնս ուր օր է գուկա»։

Մայրս հաց,պանիր,կանաչի,հաճարով փլավ,թոնրի բաղարջ դրեց սեղանին։ Չինար մամի գուլպաները հանել տվեց, փռեց վառարանի կողքին,ադեիս նոր սև գուլպաներից տվեց, որ հագնի,մի տաք ժակետ էլ գցեց ուսերին, թեժացրեց վառարանի կրակը։

-Արևհա՛տ ջան,աբրի՜ս,աղջի՛կ ջան։ Վատ օր չտեսնիս,ախպոր ու էրեխի ցավ չտեսնիս։ Եղսո՜, Աստված քեզի շատ կսիրե,օր ըսման հարս է տվե ու ըդման թագավոր տղա։ Սաղ հիվընդների աչքերը Սիմոնի երեսին կաշեն ու կօռշնեն։ Բուժարանից օր գելնինք ,մեզի կթվա, թե լավցանք։

Ադես ու Չինար մամը սկսեցին զրուցել, դարդ դարդի տալով՝ բախտակիցների նման վերհիշեցին իրենց դժվարին ու ծանր օրերը։ Չինար մամի երեք տղան էլ պատերազմից չէին վերադարձել, երեք սև թուղթ էին կախված նրա հոգու պատերից, երեք անբուժելի կսկիծ, որ պիտի տանեին նրան մինչև իր վերջին հանգրվանը։

-Չինա՛ր ջան, կհիշե՞ս՝ իմ Գուրգենս ու քու Մերուժդ պզտիկ վախտը ինչըղ իրար հետ կխաղային։ Իրար հետ դպրոց գնացին, էրգուսն էլ լավ կսորվեին։ Կհիշե՞ս՝ ես ու դու ջուր կրելուց իրար կաշեինք ու կխնդայինք , կհասկնայինք, թե ընչի կխնդանք։ Հեդո էրկուսս էլ մե օրվա մեջ սև հագանք,սև լաչագ կաբինք,էրկուսս էլ իրար հետ լացանք ու անիծեցինք էդ պադերազմը։ Իմ Գուրգենիս սև թուղթը բերելուց հեդո ես էն խալու վրա անճար ընգած էի. մէ օրըմ էր անցե, պապն ըսավ. «Եղսո՜, Չինարի մյուս տղի սև թուղթն էլ բերին»։ Կսկիձը սիրդս՝ ելա, նստա ու կմդաձեի, թե ինչըղ էղավ, օր մեր էրկու թառլան բալեքի սև թուղթը մէ օրվա մեջ բերին։ Չինա՛ր ջան,ես քու հըմար էլ գուլայի. ախըր ըդիկ քու տան երկրորդ սև թուղթն էր։ Բայց ամեն մարդու յարեն իրան ցավ կուդա։ Հա՜,Չինա՛ր ջան,ըդման մեր կյանքը խավար դառավ։ Մենք անարև ու անլուսին ապրանք, դառանք ոդից գլուխ սև կձիկ։ Մեր յարեն կմրմռա էնքան,քանի մենք կքելանք էս հողի վրա։ Հիմի Սիմոնս գուկա,կըսեմ քեզի թող էն լավ դեղերից սրսկե,օր ուժդ տեղը գա,կրնանաս կով ու կթանիդ տեր էղնիս։ Համ էլ կմդաձեմ .ամեն մարդու հըմար իրա ջանն անուշ է. քանի կաբրի, կուզե ոդով -ձեռով աբրի, օր իրա էրեխանց ջանին կրակ չէղնի:

Ադես լռեց։ Նրանք մի-մի բաժակ տնական օղի էին խմել՝ օրհնելով իրենց զավակների չապրած կյանքերը։ Հանկարծ Չինար մամը ձեռքը դրեց կրծքին ու ասաց.  

-Եղսո՛ ջան,ինչ օր կըսես, ճիշտ կըսես։ Բայց իմ գլխին էգած զուլումը ուրիշ էր։ Իրեք տղա ունենաս,ճրագի լույսի տագ վենձըցընես,իրանցով խնդանաս։ Ու մեգ էլ միամիդ տեղդ կրագը թափի գլխիդ,սաղ-սաղ քեզի վառեն ու դարձնեն մոխիր։ Ընձի կթվա ,թե ես էն մեր սարերի ժեռ քարերից եմ,օր կդիմանա ու չի հալի։ Աստված քեզի խղճաց. քու էրգու տղեն եդ էգան,բայց էդ նույն Աստվաձը ընձի աշեց ու գութը հեչ չշարժվավ։Ի՞նչ էի էրե իրան. վախտին աղոթքս կենեի,մոմերս կվառեի,գլուխս երկինք ու գեդին կենեի։ Ընչի՞ ընձի իրեք հադ սև թուղթ ղրգեց։ Ու հըլը կաբրիմ ու կաբրիմ. մեռնել չըկա։

Իմ ադեն անձայն լսում էր,սակայն երբ տեսավ,որ Չինար մամի ձայնը դողում է, փոխեց խոսակցության թեման։

-Չինա՛ր ջան,մեռնելը խո մեր ձեռը չէ՞. Աստըձու ձեռն է։ Մենք կաբրինք,օր ամեն առավոտ-իրգուն մեր բալեքի անունները տանք,իրանց հետ խոսանք,պատմենք ,թե ինչըղ կաբրինք,ինչըղ կերթանք էդ հուշարձանի սառած քարերը կպաչենք։ Ի՞նչըղ մեր ղուտիգները կբացենք ու իրանց թողաձ թաշկինագները կսղմենք մեր դոշին։ Չինա՛ր ջան, մեզնից սավայ ո՞վ կրնա հիշե իրանց պզդըկությունը, իրանց առաջի ըսաձ բառը, իրանց լացն ու ծիծաղը։ Չայըդ խըմե, Չինա՛ր ջան,սառավ։ Տիա,իմ Սիմոնս էլ էգավ։

Հայրս մտավ ու սկսեց զրուցել Չինար մամի հետ՝ հարցնելով հալ ու քեֆը։ Ադես իր բնավորության համաձայն ընդմիջեց որդուն.

-Սիմո՛ն ջան,էն դեղերն օր ընձի կսրսկես ամեն տարի,Չինարին էլ սրսկե։ Ոդներից կբողոքե,կըսէ՝ կթուլնան, ու ճամփի կեսին կչոքի։ Բալա՛ ջան, դեղի փողը չառնիս,հենց ըմբես սրսկե,թող քիչըմ լավի դնէ։ Իրա դարդը աշխարհը կծածկէ։ Հայրս Չինար մամին հարցուփորձ անելուց հետո ասաց, որ ամեն առավոտ  գնա բուժարան՝ համապատասխան սրսկում և բուժում ստանալու ։

-Չինա՛ր,անձրևը կտրավ,քելե մէ կերբըմ ելնինք հուշարձանը,քիչըմ մեր էրեխանց հետ խորատա էնենք։ Ես քու տղին կըսեմ,օր  չմդաձե. Սիմոնս քեզի ոդի կհանէ։

Նրանք վեր կացան ու կամաց-կամաց բարձրացան ցածրիկ թումբը։ Նայում էի նրանց ետևից։ Երկու սև ստվեր սև դարդի մեջ քայլում էին օրորվելով՝ անտեղյակ աշխարհի թոհուբոհից։ Նրանց հոգու մեջ այդ անիծյալ սև թղթերն էին՝ իրենց զավակների անուններով։ Երբ հեռացան իմ տեսադաշտից, ես հանկարծ զգացի, որ նրանք գնում են դեպի իրենց ծերունական մայրամուտը, որ շարունակվեն արդեն մի ուրիշ, լուսավոր ու անհայտ աշխարհում։ Ու այդ պահին ես ավելի շատ սիրեցի նրանց։

ՆԵԿՏԱՐ ՍԻՄՈՆԻ