Ստի երրորդ փուլը

Ստի երրորդ փուլը

Ստի մասին մեր մեծերը շատ են անդրադարձել։ Սուտը ներկայացվել է որպես չարիքի մարմնացում, երկրի վրա գոյություն ունեցող ամենասարսափելի արատը։ Բայց ինձ ավելի հոգեհարազատ է Մարկ Տվենի գնահատականը․ «Ստի երեք տեսակ գոյություն ունի, դրանք են՝ սուտը, լկտի սուտը և վիճակագրությունը»:

Հայաստանը մեկ անձի իշխանության օրոք ստի երրորդ փուլում է։ Առաջին երկու փուլերն այս իշխանությունը հալած յուղի պես «հաղթահարել է»։ Ստի երկու փուլի մասին բոլորդ էլ տեղյակ եք, թե ինչպես 2018-ից հետո Հայաստանը դրվեց ստի ռելսերի վրա ու փուլային եղանակով հասցվեց գահավիժման անդունդին։ Ստի երրորդ փուլն ամենասարսափելին է, երբ վիճակագրություն, քարտեզներ, հիմնավորումներ է ներկայացվում, որ երկիրը քոնը չէ։ Ստի մետաստազիկ ստադիան է դա։  

Երրորդ փուլն արդեն անդունդի եզրից հրելն է խորխորատ։ Փաշինյանն իր նազիր- վեզիրներով լծվել է այդ «սուրբ գործին»։ Ինչ հարց տալիս են, Ալմա- Աթայի հռչակագիրն է բարբառում։  Այնքան էլ տնավարի է հնչեցնում՝ «Ալմա-Աթիի հռչակագիր» , ասես իր հերն է գրել այդ փաստաթուղթը։ Դա ստի վերջին, վիճակագրության փուլն է, երբ ինքը չունենալով բարձրագույն կրթություն, մասնագիտականի մասին ավելորդ է ասելը, խոսում է մի բանից, ավելի ճիշտ աղավաղում է մի բան, որից նույնիսկ խաբար չէ կամ «խաբրիկ մը ունի» իր թերթի հոդվածների մակարդակով։ ՀՀ ինչ- որ ծաղրանկարային քարտեզ է ձեռքն առած շրջում գյուղեգյուղ, որ մարդկանց համոզի, որ իրենց տները իրենցը չեն։ Սա ստի երրորդ փուլն է՝ երբ վիճակագրությամբ են փորրձում խլել այն, ինչ ունես։ Երրորդ փուլում հեռակա մետաստազներով ահաբեկելը կամ պատերազմով վախեցնելը նույն բանն է։ Հայտարարեց, որ Տավուշի չորս գյուղերը չհանձնելու դեպքում մեկ շաբաթվա ընթացքում պատերազմ է լինելու։

Պարզ է, որ դա ահաբեկում էր։ Հիմա փորձենք ստի այդ մետաստազը բացահայտել, թե որտեղի՞ց ծագեց։ Ադրբեջանը Տավուշի չորս գյուղերի՞ն է պատերազմ հայտարարելու։ Այդ չորս գյուղերի բնակիչների՞ն է իրենց տներից վտարելու։ Այդ բնակիչները ՀՀ քաղաքացինե՞ր չեն։ Այսինքն գյուղ- գյուղ հանձնենք, որ պատերա՞զմ չլինի։ 

Մի ղեկավար, որ 2018-ից առ այսօր զբաղված է հանձնման գործընթացով, ո՞նց է խոսում ինքնիշխանությունից, սուվերեն պետությունից, տնտեսությունից։ Չզարմանաք, դա ստի երրորդ փուլն է, ուր մետաստային գործընթացները արագ զարգանում ու տարածվում են։ Շտապ միջամտություն է պետք։