Հասարակությունն իր պահանջները պետք է ճիշտ հասցեատիրոջն ուղղի

Հասարակությունն իր պահանջները պետք է ճիշտ հասցեատիրոջն ուղղի

«Հրապարակի» հարցերին պատասխանում է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը:

- Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունից որոշ պատգամավորներ հեռացան, ոմանք հրաժարվում են վերցնել պատգամավորական մանդատները: Տեսակետ կա, որ խմբակցությունը փլուզվում է: Իշխանականները չարախնդում են այս առիթով, սա համարում ընդդիմության պարտությունը: Ի՞նչ կասեք Դուք։

- Ես եթե այդ մասին խոսեմ, կնշանակի այս իշխանությունների ջրաղացին ջուր լցնել: Իմ հիմնական սպասելիքներն իշխանություններից են, այլ ոչ թե ընդդիմությունից: Հիմա եթե բացատրեմ ինչ է տեղի ունենում, կամա թե ակամա պետք է ընդդիմությանը քննադատեմ, ես նախընտրում եմ դա իրենց հետ դեմ առ դեմ խոսել: Ինչու են մարդիկ վայր դնում իրենց մանդատները, կամ ինչու չեն վերցնում մանդատները, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել: Դա պետք է իրենցից հարցնել: Եթե դուք պատրաստ չեք մանդատ վերցնել, ինչո՞ւ էիք հայտնվել այդ ցուցակում:

- Գուցե «Հայաստան» խմբակցությունը հեղինակազրկվե՞լ է։

- Ես չգիտեմ, թե ոմանք ինչ մոտիվացիայով են իրենց մանդատները վայր դնում: Դա ինձ համար անհասկանալի է, չեմ թաքցնի, սակայն մոտիվացիան հասկանալ չեմ կարողանում, չգիտեմ: Մեծ հարգանք ունեմ շատերի հանդեպ, սակայն դա իրավիճակը չի փոխում:

- Երկիրը բավականին ծանր իրավիճակում է: Իշխանություն, որը փորձում է Արցախը հանձնել, ընդդիմություն, որն անկարող է կանխել իշխանությանը։ Ի՞նչ անել:

- Այո, համաձայն եմ Ձեզ հետ: Դժվար է այս իշխանությունների գործողություններն ընկալելը և փաստորեն նաև բարդ իրավիճակում է հայտնվել ընդդիմությունը, ամեն դեպքում պետք է հասկանալ, որ հայ հասարակությունը միայն իշխանությունից և ընդդիմությունից չի կազմված: Կա, օրինակ, էլիտա հասկացողությունը, մտավորականություն, գիտնականներ, դասախոսներ, ուսուցիչներ, գրողներ, նկարիչներ: Ինչո՞ւ են նրանք լռում, ինչո՞ւ այս հարցերը նրանց չենք ուղղում: Պետք է այս հարցերի պատասխանները նաև լսել նրանցից:

- Գրողը, մանկավարժը, նկարիչը, ի՞նչ կարող են անել այսօր: Ադրբեջանի ախորժակն ինչպե՞ս կարող են զսպել, ինչպե՞ս կարող են Ադրբեջանին հակադրվել, և վերջապես, աշխարհաքաղաքական այս թոհուբոհի մեջ շարքային քաղաքացին ի՞նչ կարող է անել:

- Թող նրանք էլ խոսեն, ասեն, որ իշխանությունների վարած քաղաքականությունն իրենց համար անընդունելի է, որ իրենք համաձայն չեն այս իրավիճակի հետ: Ոչ միայն քաղաքական գործիչները պետք է այդ մասին խոսեն, այլև` մտավորականները: Էլիտայի համար ևս պետք է պակաս կարևորություն չունենան այս հարցերը: Ո՞վ ասաց, որ մտավորականությունը կողքից դիտորդի առաքելություն պետք է ունենա միայն: Այդպես չէ, չպետք է այդպես լինի:

-Մտավորականները բազմիցս հայտարարություններով և կոչերով են հանդես եկել: Անգամ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ մեծ խումբ մտավորականներ, որոնց շարքերում կային գրողներ, նկարիչներ, դերասաններ, գիտնականներ, դասախոսներ և այլն, կոչով հանդես եկան, քաղաքացիներին, ըստ էության, ուղղորդելով, որ «Հայաստան» դաշինքին ընտրելով երկրում իրավիճակ կփոխվի, որ այդ ընտրությունը մեզ կարող է կործանումից փրկել: Անգամ որոշ արևմտամետ մտավորականներ, որոնք նախկինում սուր քննադատության էին ենթարկել Ռոբերտ Քոչարյանին, սկսեցին հույս կապել նրա հետ:

- Մի պարզ օրինակ բերեմ, հարկավոր է Գիտությունների ակադեմիայի մի պարզ ժողով: Իրենք ստեղծված իրավիճակի վերաբերյալ ի՞նչ են ասում: Մենք բոլորս մտահոգված ենք, ի՞նչ են ասում գիտնականներն այդ մասին: Լսե՞լ եք նման բան: Կամ ասենք Գրողների միությունը, խոսե՞լ է այդ մասին: Նկարիչների միությունը խոսե՞լ է այդ մասին երբևէ:

- 2020 թվականի պատերազմից հետո շատերն անդրադարձան, օրինակ Գրողների միությունը վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջեց, հետո դարձավ իշխանական:

- Ամենավերջինն է եղել Գրողների միությունը: Եթե չեմ սխալվում, առաջինը եղել է պետհամալսարանը, հետո արդեն Գիտությունների ազգային ակադեմիան: Ամեն դեպքում՝ հայտարարություններից զատ ոչինչ չարվեց: Դուք Ձեր պնդումներում ճիշտ եք, սակայն այդ հարցերը պետք է հետաքրքրի նաև մեր մտավորականությանը` մեր սերուցքին: Հիմա ես հարց եմ տալիս նրանց. սեպտեմբերի 13-ից հետո, նրանք գեթ մեկ հայտարարություն արե՞լ են, մի հոդված գրե՞լ են: Ոչ մի խոսք, ոչ մի միտք: Դուք լսե՞լ եք, որ նման քննարկումներ լինեն, ինչու ոչ՝ հրավիրվեն իշխանություններն ու ընդդիմադիրները: Ես չեմ լսել ոչինչ և դա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ անտարբեր են, նրանց հետաքրքիր չէ Հայաստանի ու Արցախի ճակատագիրը: Պետք չի «գալոչկա» դնելու համար ինչ-որ հայտարարություններ անել և վերջ:

- 2021 թվականին հասարակության մի ստվար զանգված հույսը կապում էր ընդդիմության, այլ ոչ թե Գրողների, կամ Նկարիչների միության հետ:

- Եթե մարդիկ անտարբեր են, ի՞նչ անեն ընդդիմադիրները:

- 2021 թվականի ընտրություններից առաջ ընդդիմությունը խոստումներ տվեց: Հասարակության մի ստվար զանգված նրանց հետ հույսեր է կապում նաև այսօր....

- Խոստումներ տվել է նաև իշխանությունը:

- Հակաիշխանական զանգվածն իշխանությունների խոստումներից սպասելիքներ չունի։

- Եթե մենք խոսում ենք խոստումներից և փորձում ենք որակել այս կամ այն քաղաքական դերակատարին իր խոստումների կատարման կոնտեքստում, ապա եկեք խոսենք նաև իշխանություններից: Չի կարելի միայն ընդդիմությունից պահանջել: Պետք է ընդդիմությունից ևս պահանջել, սակայն եկեք լինենք արդարամիտ: Հասարակությունը եթե պահանջներ ունի, ապա այդ պահանջները պետք է ճիշտ հասցեատիրոջն ուղղի: Մտավորականները ևս պետք է ասեն, թե ինչ սպասելիքներ ունեն այս իշխանություններից, հիմնավորեն և այլն....

- Իշխանությունները խոսում են Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու մասին: Այն զանգվածը, որը համաձայն չէ իշխանությունների հետ, ի՞նչ պետք է անի, ո՞վ պետք է լինի հակահայ ծրագրերի դեմ պայքարի առաջնորդը։

- Իսկ այդ զանգվածի մեջ չկա՞ն գիտնականներ, մտավորականներ, բժիշկներ ու պատմաբաններ:

- Գուցե շատ կան, բայց ի՞նչ:

- Այո, գուցե շատ կան, հետևաբար իմ առաջարկը Ձեզ, դիմեք Հայաստանի գրողների միությանը, դիմեք Գիտությունների ազգային ակադեմիային, այլ կազմակերպությունների ևս: Նրանք էլ պետք է շարժվեն, պետք է խոսեն: Չի կարելի ճակատը նեղացնել և խոսել միայն իշխանությունից և ընդդիմությունից: Բոլորն էլ անելիք ունեն:

- Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում ի՞նչ դերակատարում կարող են ունենալ ստեղծագործական միությունները: Ինչո՞ւ դիմենք նրանց:

- Նրանք հանրային կարծիք ձևավորող են: Միայն մենք չենք հանրային կարծիք ձևավորում: Մտավորականությունն է, որ միշտ ասում է՝ հանրությունը սա է պահանջում, կամ նա է պահանջում: 1988 թվականի հանրային կարծիքն էլ էին մտավորականները ձևավորել:

- Հայաստանի Հանրապետությունը ծանրագույն իրավիճակում է այսօր: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ի՞նչ տարբերակ եք առաջարկում Դուք։

- Իմ սպասելիքներն, ըստ էության, իշխանություններից են: