Այդպիսի բան մե՛կ Քադաֆին է արել, մե՛կ էլ՝ Նիկոլը

Այդպիսի բան մե՛կ Քադաֆին է արել, մե՛կ էլ՝ Նիկոլը

Պատերազմի հետեւանքների ծանր բեռը Հայաստանում առաջացրել է քաղաքական լիակատար ճգնաժամ, որի արդյունքում խաթարվել է պետական կառավարման համակարգի աշխատանքը: Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր օրակարգում հրաժարականի հարց չկա, նրա թիմակիցներն էլ ձայնակցում են, որ հենց նա է վայելում ժողովրդի վստահությունը, ինչի ապացույցն էլ Ազատության հրապարակում տասն օր շարունակ ընթացող բողոքի ակցիաներն են, որոնց, իրենց հաշվարկներով, 8-10 հազար մարդ է ընդամենը մասնակցում։

Ավելին՝ իշխանականներն ու նրանց ֆեյքերի ինդուստրիան կարողացել են հանրության լայն զանգվածներին հրամցնել, որ 17 կուսակցությունների «կռիվն» իշխանության եւ աթոռի համար է։ Ու որքան էլ հարթակից այս փաստարկները հերքող ելույթներ են հնչում, մարդկանց փորձում են բացատրել, որ պարտված, կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած իշխանության հեռացումն օր առաջ անհրաժեշտ է հենց այն պատճառով, որ եթե հնարավոր էլ չլինի ինչ-որ բան փրկել, գոնե Արցախի կարգավիճակի համար բանակցությունների սեղանին պարտված իշխանություն չի նստի, միեւնույն է՝ դա դեռեւս չի հաջողվում։  Ինչո՞ւ։ Գուցե ընդդիմությունը ճիշտ չի՞ բացատրում ժողովրդին իր անելիքները, եւ ընդհանրապես ի՞նչ է ենթադրում 17-ի ներկայացրած «ճանապարհային» քարտեզը։ Այս ուժերի ներկայացուցիչներին խնդրեցինք որոշակի փակագծեր բացել, թե, առհասարակ, ինչպես են պատկերացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականն ու ժամանակավոր կառավարության ձեւավորումը, որը պետք է սեղմ ժամկետներում կազմակերպի արտահերթ ընտրություններ։

ՀՅԴ ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանի համոզմամբ, աներկբա է, որ անցումային վարչապետ լինելու է այնպիսի մարդ, ով ընտրություններին չի հավակնելու իշխանություն վերցնել։ «Ազգային ժողովն է ընտրելու վարչապետին, այսինքն՝ իրենք արդյոք կընտրե՞ն մեկին, որը հավակնելու է հաջորդ ընտրություններին մասնակցել, իհարկե՝ ոչ։ Դրա համար ենք ասում՝ եկեք բանակցենք, ինչի՞ց եք վախենում, բանակցենք եւ անցումային վարչապետ ընտրեք, հետո թող լինի արտահերթ ընտրություն։ Անլուրջ է, չէ՞, մտածել, որ այդ ժամանակավոր վարչապետը կարող է դաշնակցական լինել»,- ասում է Խաչատրյանն ու զարմանք հայտնում, թե հիմա, այս պայմաններում էլ է գործող իշխանությունն աթոռի կռիվ տալիս։ Թե ով կարող է դառնալ այդպիսի «ժամանակավոր» վարչապետ, ՀՅԴ-ականն անուններ չի տալիս, ասում է՝ պետք է նստել եւ բոլորով քննարկել այդ հարցը․ «Նույնիսկ այն ուժերի հետ, որոնք ո՛չ այս կողմ են, ո՛չ՝ այն»։

Տեղեկություններ կան, որ ժամանակավոր վարչապետի պաշտոնում դիտարկվում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անունները։ ՀՅԴ-ականը հիշեցնում է, որ դեռեւս պատերազմի ընթացքում այդ նույն ուժերն առաջարկում էին Նիկոլ Փաշինյանին իշխանությունը հանձնել ռազմաքաղաքական ղեկավարությանը, ձեւավորել օպերատիվ շտաբ․ «Չէր ասվում, չէ՞, իշխանությունը տվեք մեզ, բայց հմուտ մանիպուլյացիայի արդյունքում իշխանությունն այդպես ներկայացրեց։ Հիմա էլ նույնն է անում, փորձում է ցույց տալ, որ 17 ուժերն իշխանության կռիվ են անում։ Իսկ հիմա կա՞ մի քաղաքական ուժ, որն իր աջակցությունն է հայտնում այսօրվա իշխանություններին, ներառյալ ՀԱԿ-ը»։ Դիտարկմանը, որ իշխանականների միակ «չափորոշիչը» փողոցն է, հավաքված ժողովուրդը, ասաց․ «Այդպիսի բան մեկ էլ Քադաֆին էր ասում, ասում էր՝ քաղաքական ինստիտուտներ չլինեն, ես կլինեմ։

Մարդկությունը երբ դուրս եկավ քարանձավներից, հասկացավ, որ պետք է ստեղծի պետություն եւ պետական ինստիտուտներ։ Միգուցե հասարակության հազարավոր  մարդիկ դուրս չեն գալիս հրապարակներ, որովհետեւ երկրիդ վարչապետը մանիպուլյացիայի մեծ վարպետ է, կարողանում է ժողովրդի ուղեղը լվանալ, բայց մարդկանց հետ երկու րոպե խոսում ես, հասկանում է, դրա համար վաղն ավելի վատ է լինելու»։ Մեր զրուցակիցը հավելում է․ «Երեկվա Հանրապետության հրապարակի հանրահավա՞քն էր բազմամարդ՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի։ Այս մարդը չի հասկանում, որ չի կարողանալու վերաբանակցել, դու կորցրած, պարտված կողմ ես, քեզ ոչ մեկը լուրջ չի ընդունելու, նոր մարդիկ պետք է գան»։

Երեկվանից Երեւանում սկսվել են անհնազանդության քաղաքացիական ակցիաներ, 17 ուժերի երիտասարդները փակում էին մայրաքաղաքի փողոցները, փորձում խափանել երթեւեկությունը, այնպես, ինչպես 2018-ի ապրիլին Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն էին անում։ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի փոխանցմամբ՝ պայքարը սրանով չի սահմանափակվելու, նոր ակցիաներ էլ են ծրագրում, որոնց մասին առայժմ չի ցանկանում խոսել․ «Եթե այդ մարդը չի հասկանում, որ պիտի  հեռանա, ապա ժողովուրդը դա կանի, եթե անգամ մեկ մարդ պահանջի, դա կապ չունի, իրենք պետք է հասկանան, որ պարտվել են, ու թասիբ-նամուս ունենան՝ ռադները քաշեն։ Եթե չեն գնում, թող մնան ու կտեսնեն։ Հիտլերն ավելի խելոք էր, քան Նիկոլը»։