Նախկին համայնքապետն ու նրա եղբայրը՝ քրեական սկանդալում

Նախկին համայնքապետն ու նրա եղբայրը՝  քրեական սկանդալում

Մեծ Այրումի նախկին համայնքապետ Սահակ Նազարյանի եւ նրա եղբոր նկատմամբ քրեական գործ է հարուցվել, առաջադրվել է մեղադրանք։

Բանն այն է, որ համայնքի նախկին ղեկավարը կազմել և իր ստորագրությամբ ու գյուղապետարանի կնիքով վավերացրել է վճարման կեղծ հանձնարարագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ են մտցվել, թե, իբր, քարտուղարի եղբայրն է իրականում հաճախել աշխատանքի, կատարել վարորդի պարտականությունները և իր կատարած աշխատանքի դիմաց ենթակա է վարձատրման, մինչդեռ այդ գումարը ստացել է եղբայրը` 1 միլիոն 706 հազար դրամ։

Գործն ուղարկվել է դատարան։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Սահակ Նազարյան որեւէ կերպ չպատասխանեց ո՛չ առաջադրված մեղադրանքին, ո՛չ քրեական գործին, ո՛չ էլ իր կատարած արարքին` ասելով, թե ամեն ինչ պարզ կլինի դատավարության ընթացքում։

Հարցին, թե ինքն իր աչքերում անմե՞ղ է, արձագանքեց` ես իմ աչքերում ազնիվ եմ եւ բարի։

Նշենք, որ Ս.Նազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ վերջինիս եղբորը՝ փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափերով խարդախություն կատարելու համար։