Կաթողիկոսի պրոբլեմը մեր պրոբլեմը չէ՞

Կաթողիկոսի պրոբլեմը մեր պրոբլեմը չէ՞
Երբ Հայաստանում ուզում են մեկին պաշտպանել, ապա դա անում են առանց ցցուն ձևականությունների: Իսկ երբ տվյալ օբյեկտը ոչ մեկի տանձին չէ այլևս, ապա նրա անվտանգության և պահպանության միջոցներն անհետանում են նույնքան արագ, ինչ արագությամբ որ սահմանվել էին: Կուզենայի օրինակը բերել Փաշինյանի վրա, որպես այսօր պետության կողմից պաշտպանվող թիվ մեկ օբյեկտ: Ճիշտ է, վարչապետին պաշտպանելու ձևերը կարգավորված են օրենսդրությամբ, բայց դա չխանգարեց, որ Փաշինյանին պաշտպանել սկսեն դեռ վարչապետ չդարձած: Դա արվեց առանց զուռնա դհոլի, ինչ-որ մեկի խելացի ցուցումով, որ հանկարծ մի բան չպատահի ու չմնանք կրակի մեջ: Եթե չեմ սխալվում, այդ մեկը Սերժ Սարգսյանն էր: Եթե վաղը Փաշինյանը վարչապետ չլինի, նրա անվտանգության ողջ համակարգը կհանվի դարձյալ առանց աղմուկ աղաղակի:



Հայ Առաքելական եկեղեցու, եկեղեցապատկան շենք շինությունների և անձամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի անվտանգությունն օրենքով չի կարգավորվում, քանի որ եկեղեցին և պետությունն ըստ էության անջատ են միմյանցից: ԽՍՀՄ տարիներին էլ այդպես է եղել, սակայն ԽՍՀՄ տարիներին, ինչպես գիտեք, մերօրյա այլանդակություններն էլ չկային: Բացի այդ, բոլորը գիտեին, որ Ս. Էջմիածնի կամ որևէ այլ եկեղեցու բակում ցույց անելու դեպքում կհայտնվեն ուղիղ ԿԳԲ-ի պադվալում, որտեղ ցուցարարների աշխարհայացքների հանդեպ տարբերակված մոտեցումների իսպառ բացակայություն էր տիրում: Որքան հիշողությունս թույլ է տալիս ասել` մեզանում եկեղեցական շինությունների մոտ անկարգություններ ու բողոքի ցույցեր թավշյա հեղափոխությունից առաջ երբեք չեն եղել: Մինչդեռ այսօր արդեն Կաթողիկոսի անձի հետապնդումներ կան, անգամ քաշքշել փորձեցին նրան:



Ինչ-որ մարդանման անհասկանալի երևույթներ են ի հայտ եկել, որոնք փորձեր են անում վիճարկելու Հայ Առաքելական եկեղեցու առանձնաշնորհյալ կարգավիճակը, որն, իդեպ, նաև օրենքով է սահմանված: ՀՀ ԱԺ-ն երեկ հիմար վիճակի առջև էր կանգնել: Պատճառը «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծն էր, որով առաջարկվում էր Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունն ապահովել այնպես, ինչպես երաշխավորված է ՀՀ նախագահի, վարչապետի եւ ԱԺ նախագահի անվտանգությունը: Խորհրդարանը չկարողացավ գլուխ հանել այս նուրբ հարցից և քվեարկությամբ մերժեց նախագիծը` Կաթողիկոսի պահպանության հարցը թողնելով կառավարության հայեցողությանը` պետք լինի` կապահովեն անվտանգությունը, պետք չի լինի` չեն ապահովի: Մոտավորապես այսպիսի մի վիճակ ստեղծվեց Կաթողիկոսի շուրջ, ինչն ավելի վատ է, քան նախկին վիճակը, երբ հասարակության աչքում Կաթողիկոսը Աստծուց հետո երկրորդն էր, իսկ գետնի վրա նրա տեղապահը: Եթե իմ կարծիքը հարցնեին, կասեի` անհարմար է նման օրինագիծ բերելը, քանի որ Հայ Առաքելական եկեղեցին առանց այդ էլ սահմանադրությամբ առավելություններ ունի աղանդների և հասարակությունն այլասերող այլ երևույթների նկատմամբ:



Պարզապես պետք էր կազմել օրենքի այնպիսի նախագիծ, որով աղանդներին և դրանց «հետևորդներին» կպարտավորեցնեինք ոտնձգություններ չանել ՀՀ Սահմանադրության նկատմամբ և կառավարությանն էլ ամեն անգամ չանհանգստացնել Կաթողիկոսի անվտանգության ապահովման հարցերով: Այլապես ԱԺ-ն երեկ վերածվել էր Ավարայրի դաշտի: Կարելի էր մտածել` Սորոսից թուղթ է եկել, ու վճռվում է հայ ժողովրդին կրոնքից հանելու հարցը: «Ելքից» Լենա Նազարյանն էն ի՞նչ մի հերոսանալ էր հերոսացել. «Եթե կաթողիկոսի անվտանգությունը պաշտպանության կարիք ունենա, կառավարությունը հատուկ միջոցներ կձեռնարկի դրա համար»: Նույն խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը «վաբշե» համաձայն չէր, որ կառավարությունն իրեն նեղություն տա այդ հարցով. «Վեհափառին պետք չէ պաշտպանել ժողովրդից, եթե նա չի կարողանում ազատ շրջել ժողովրդի մեջ, ապա դա արդեն իր խնդիրն է։ Մնում էր կաթողիկոսին հայ ժողովրդից պաշտպանեինք»:



Այս նույն տեսակետն ուներ նաև գյուղական ինտելիգենցայի ներկայացուցիչ Սասուն Միքայելյանը: Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ «Ելք»-ի պատգամավորները կաթողիկոսին նույնացնում էին իրենց հետ, իսկ իրենց թեթև ձեռքով ակտիվացած աղանդավոր զոմբիներին` հայ ժողովրդի: ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը համոզւմ էր` այ մարդ, լավ օրից չէ, որ ուզում ենք կաթողիկոսի անվտանգությունն ապահովել, փաստեր կան, չէ՞, որ նրա անձի և Հայ առաքելական եկեղեցու դեմ խլրտումներ են սկսվել: Չլսեցին: ԲՀԿ-ն էլ մի այնպիսի բան ասաց ու արեց, որ իրենց հայտնի կարգախոսի (մեր խոսքը գործ է) յոթն ու քառսունքը մի տեղ եղավ: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը, նշելով, որ կաթողիկոսն ու եկեղեցին պաշտպանության կարիք ունեն, այդուհանդերձ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ:



Դե իսկ վերջում Շարմազանովն իրոք շատ բարկացավ` ձեզ հայ ասողի ինչն եմ ասել… և թողեց հեռացավ դահլիճից` իր հետ տանելով բարոյական հաղթանակը: Ահա, այսպիսի բաներ են պատահում, երբ հարցը սխալ է դրվում: Իրականում կաթողիկոսի` հոգևոր առաջնորդի անվտանգությունը կաթողիկոսի «պրոբլեմը» չէ, ինչպես որ Հռոմի պապի պրոբլեմը չէ Վատիկանի և իր անվտանգության ապահովումը: Հետևաբար, այնպես չէ, որ կաթողիկոսին պաշտպանում ենք սեփական ժողովրդից: Հավատացեք, եթե «վտանգը» միայն հայ ժողովուրդն է, ապա Նիկոլ Փաշինյանից մինչև Ալեն Սիմնյան ավելի մեծ պրոբլեմներ ունեն, քան կաթողիկոսը: Փորձեք այսօր մտնել որևէ նախարարություն: Մեր հեղափոխական «նարկոմներն» այսօր այնպես են պաշտպանված, ժողովրդից, որ օձն իր պորտով, հավքն իր թևով նրանց չի հասնի: Բայց զարմանալիորեն նրանց մոտ ազատ ելումուտ ունեն «ճնշված» աղանդավորներն ու միասեռականները, որոնք էլ հենց հիմնական սպառնալիք են հանդիսանում Կաթողիկոսի անձի և Հայ առաքելական եկեղեցու համար: Շան գլուխն այստեղ է թաղված: Վստահություն չկա, որ կառավարությունը մի գեղեցիկ օր օրենք չի ընդունի աղանդներ ու միասեռականություն քարոզող խմբավորումներին Հայ Առաքելական եկեղեցուց պաշտպանելու համար:



Հ.Գ. Պատկերացնո՞ւմ եք` մի գեղեցիկ օր Կաթողիկոսի հետևից քայլող տերտերներին փռեն ասֆալտին ու տան պատերով, թե` թիկնապահ են...



**Էդիկ Անդրեասյան**