Հայկական անոմալիա՞

Հայկական անոմալիա՞
ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցից հայրենական մեկնաբանը տպավորվել է, որ Նահանգները ԼՂ հարցում որեւէ պարտադրանք չեն ներկայացնում, ընդհակառակը «ճանաչում է իրողությունները Արցախի հարցում»: Ամերիկացի պաշտոնյան, իբր, «չի դնում Ռուսաստանից պոկվելու խնդիր»: Որ այդ այցով «ԱՄՆ-ն բացում է Հայաստանի ճանապարհը եւ ջնջում «պատմական կաղապարներից» մեկը եւ քաղաքական առումով թերեւս ամենակարեւորը, ըստ որի՝ հայերը գնալու տեղ չունեն»: [Մեկնաբանության](https://www.lragir.am/2018/10/26/390170/) հեղինակն այնուհետեւ անցում է կատարում Ռուսաստանի հնարավոր արձագանքներին եւ ի վերջո ամփոփում, թե որը կարող է լինել Մոսկվայի համարժեք առաջարկը Հայաստանին կամ որը Հայաստանը կհամարի համարժեք եւ եզրափակում. «Նախեւառաջ՝ Հայաստանի հաշվին 100 տարի առաջ կնքված ռուս-թուրքական անօրինական պայմանագրի չեղարկումը եւ հատուցումը Կարսի, Նախիջեւանի եւ Սուրմալու-Արարատի տեսքով»:



Հայտնի խոսք է՝ թուղթը չի կարմրում, թուղթն ամեն ինչ հանդուրժում է: Բայց տվյալ դեպքում խնդիրը մոտեցման մեջ է՝ ի՞նչ, որտե՞ղ եւ ինչպե՞ս է ձեւակերպվել: Կամ, ավելի ճիշտ, ի՞նչ կապ ունի ազգային երազպաշտությունը Միացյալ Նահանգների նախագահի խորհրդականի հայաստանյան այցի հետ: Տպավորություն է, թե հեղինակի բուն ասելիքն այն է, որ եթե Ռուսաստանը չի ցանկանում կորցնել Հայաստանում ազդեցությունը, ապա պետք է խզի հարաբերությունները Թուրքիայի հետ, պատերազմ սկսի, ազատագրի Կարսը, Սուրմալու-Արարատը եւ այդ տարածքները նվիրի Հայաստանին, ինչպես նաեւ՝ Ադրբեջանից խլի եւ դարձյալ Հայաստանին տա Նախիջեւանը: Այդ մտայնությունը հայ իրականության մեջ գերիշխող էր 100 տարի առաջ, երբ Ամենայն հայոց կաթողիկոսը նամակ էր հղում Ռուսաստանի ցարին: Այդ մտայնությամբ են կազմավորվել եւ պատերազմի թատերաբեմ մտել հայկական կամավորական ջոկատները: Ոչ մի քաղաքական ուժի, որեւէ ազդեցիկ դեմքի, հանրային-մշակութային գործչի մտքով չի անցել, որ եթե անգամ Ռուսաստանին հաջողվի Թուրքիայից գրավել Արեւմտյան Հայաստանը, միեւնույն է, այն չի դառնալու հայկական պետության մաս, որ կայսրությունը լուծելու է իր աշխարհաքաղաքական խնդիրը՝ վերահսկողություն հաստատել Նեղուցների եւ Մերձավոր Արեեւլքի նկատմամբ: Որ այդ մեծ թոհուբոհի մեջ հայկական հարցը կարող է վերածվել մանրադրամի, եւ ժողովուրդը կենթարկվի աղետի:



100 տարի անց Թուրքիան եւ Ռուսաստանը դաշնակիցներ են: Եւ ցնորամտություն է կարծել, թե հանուն Հայաստանի Մոսկվան կբարդացնի հարաբերություններն Անկարայի հետ: Մեկնաբանության հեղինակն իր միտքն ամրապնդում է նրանով, թե հայերը գազի գնի իջեցման կամ Ռուսաստանում մի փոքր ավելի միրգ-բանջարեղեն վաճառելու համար չէ, որ հեղափոխություն են արել: Ինչի՞ համար են հայերը հեղափոխություն արել՝ իրենց իմանալիքն ու իրենց խնդիրն է՝ ինչպես են օգտվելու դրա պտուղներից կամ մսխելու եւս մեկ հնարավորություն: Աշխարհը հայկական հեղափոխությունից ոչ շոգում է, ոչ էլ մրսում: Եթե հայերը դարձյալ չկարողանան ճշտորոշել իրենց տեղը եւ առաքելությունը ժամանակակից իրականության մեջ եւ ենթարկվեն աղետի, աշխարհը դրանից չի կործանվելու: Պարզապես ձեւավորվելու է ուժերի եւ աշհարհագրական սահմանների նոր բալանս: Ինչպես Երեւանում են ասում՝ այսքան բան: Մնացածը անոմալիա է՝ այդ մեծախոսությունը, երազկոտությունը, վարկածաբանությունը: Եթե ոչ վաղը, ապա մյուս օրը հաստատ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները գալու են «աշխարհաշեն» պայմանավորվածությունների՝ ներգրավելով այնպիսի խաղացողների, ինչպիսին Եվրոպաան է, Չինաստանը, տարածաշրջանային տերությունները՝ Թուրքիան, Իսրայելը, Իրանը: Այդ «խաղում,, ոչ Հայաստանն է դերակատար, ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը: Աշխարհի ուժեղները խոսում են ռեգիոնալ կատեգորիաներով, նրանց հաշվարկներում կա մի սուբյեկտ, որ Արեւմուտքում անվանվում է «Հարավային Կովկաս», Ռուսաստանում՝ «Անդրկովկաս»: Այդ ռեգիոնի մի հատվածը մեր հայրենիքն է: Ահա սառը ճշմարտությունը: