Տեղեկատվական ալքիմիա

Տեղեկատվական ալքիմիա
ԱՄՆ նախկին դեսպանի՝ ԼՂ կարգավորման վերաբերյալ, տեսակետի շուրջ արձագանքներն անսպասելի բուռն էին, մեծամասամբ՝ զգացմունքային: Ոմանք նույնիսկ ամերիկացի դիվանագետին պատմության դասեր տալու առաքելություն ստանձնեցին, ուրիշները, գուցե, անցան պատշաճության սահմանները: Դրանք հասկանալի, ինչ-որ տեղ նաեւ բնական էին: Դեսպանը խիստ ընդգծված սառնասրտությամբ չափազանց զգայուն թեմայի էր անդրադարձել՝ հասկացնելով, որ ընտրությունը հայ ժողովրդինն է, ինչի համար ոչ ոք, նրանից բացի, պատասխանատվություն չի կրի, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Սա էր, թերեւս, հեռացող դիվանագետի խոսքի հիմնական իմաստը: Թեմայի շուրջ արծարծումներում, սակայն, գնալով հաճախակի են դառնում այնպիսի հրապարակումներ, որոնցում ամերիկացի դիվանագետի ասածին վերագրվում է ինչ-որ ենթատեքստ:



Վերլուծական հոդվածներից մեկում կարդում ենք. «Գրեթե կասկած չկա, որ ՌԴ ԱԳՆ պրոֆեսիոնալները կարողացել են ապակոդավորել ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Միլսի խոսքերի ողջ տողատակն ու հասկացել, որ ի դեմս Արեւմուտի, Հայաստանը հետզհետե ձեռք է բերում այլընտրանք նաեւ անվտանգության բնագավառում, ինչն իրական վտանգ է ՌԴ անդկովկասյան հեգեմոնիային, որ, ըստ էության, հիմնվում է Հայաստանի անճարության վրա: Ժամանակները, սակայն, փոխվում են, իսկ դրանց հետ էլ՝ Հայաստանի հնարավորությունների [շրջանակը](http://norlur.am/archives/218857 )»:



Եթե ասվածն «ապակոդավորենք»՝ կստացվի, որ նախկին դեսպան Միլսը «Հայաստանին անվտանգության երաշխիքներ է խոստացել, որպեսզի ԼՂ հարցում զիջումներ չարվեն»: Այսինքն, փորձ է արվում հանրային կարծիք ձեւավորել, որ «ԱՄՆ-ը հանդես է գալիս ԼՂ ստատուս-քվոն պահպանելու եւ ամրագրելու դիրքերից»: Սա տեղեկատվական պարզունակ ալքիմիա է, որը ոչ մի քննության չի դիմանում: Թեկուզ այն պատճառով, որ նախկին դեսպան Միլսից մի քանի օր առաջ ԼՂ կարգավորման թեմայով խոսել էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Քենթը՝ հայտարարելով, որ հակամարտությունը «պետք է կարգավորվի ՄԱԿ ԱԽ չորս բանաձեւերի եւ մադրիդյան սկզբունքների հիման վրա»:



Եթե Միլսը պաշտոնաթող է, ապա Քենթը պաշտոնավարող դիվանագետ է եւ փաստորեն հնչեցրել է Պետական դեպարտամենտի տեսակետը: Ընդ որում, նույն մոտեցումն ունեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները՝ Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Իրավիճակի նրբությունը նրանում է, որ Ռուսաստանը չի դադարում փորձեր ձեռնարկել՝ հասնելու Մոսկվա-Երեւան-Բաքու ձեւաչափում հակամարտության կարգավորմանը: Ռուսական դիվանագիտության հիմնական ջանքերն ուղղված են նրան, որպեսզի Վաշինգտոնից եւ Փարիզից ստանա ԼՂ կարգավորման գլխավոր միջնորդություն իրականացնելու համաձայնություն: Այս իմաստով, այո, Մոսկվային կարող են անհանգստացնել ԼՂ հարցով ամերիկյան կողմից հնչող հայտարարությունները: Բայց ոչ այն իմաստով, թե ԱՄՆ-ը «ստարում է ներկայիս ստատուս-քվոյին, իսկ Ռուսաստանն այն փոխելու կողմնակից է»: Ստատուս-քվոն անընդունելի է համանախագահ երեք երկրների համար: Խնդիրն այն է՝ ինչպե՞ս փոխել:



Ռուսաստանն, ինչպես ասվեց, ձգտում է միակողմանի, իր բացառիկ միջնորդությամբ լուծումների: Այդ դեպքում նա կհավակնի խաղաղապահ առաքելության: Եթե դրան համաձայնեն Վաշինգտոնում եւ Փարիզում, խնդիրը շատ ավելի կպարզվի: Առայսօր կողմերի միջեւ կոնսենսուսը վերաբերում է նրան, որ հակամարտությունը պետք է մնա կառավարելի, սրացումը ոչ մեկի շահերին չի համապատասխանում: Մնացածը՝ ինչպես որ կա, բայց՝ հակամարտության կողմերի հնարավորություններից եւ նպատակադրվածություններից անկախ: Իսկ տեղեկատվական ալքիմիան ոչինչ փոխել չի կարող: