Ի՞նչ կապ ունի Հունան Պողոսյանը Սյունիքի մարզի հետ

Ի՞նչ կապ ունի Հունան Պողոսյանը Սյունիքի մարզի հետ
Նիկոլ Փաշինյանն այսօր նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց առաջ երկար-բարակ ճառ կարդաց, թե ինչու է որոշել նրան մարզպետ նշանակել։ Ըստ վարչապետի՝ Պողոսյանը, ճիշտ է, հեղափոխության օրերին եղել է բարիկադների այն կողմում, բայց կա բարիկադներ կառուցելու և բարիկադները ապամոնտաժելու ժամանակ։ Բայց հանրության շրջանում, միևնույն է, այս նշանակման վերաբերյալ տարակուսանք կա։



Այսօր, Հունան Պողոսյանի հետ զրույցում **Hraparak.am**-ը հիշեցրեց նրան այս տարակուսանքի մասին, որ մարդիկ համարում են, որ ինքը ծառայել է նախկին ռեժիմին, որը քաղաքացիական պայքարի և ժողովրդական շարժման դեմ է եղել, ու հիմա նա «նոր Հայաստանում» մարզպետ է նշանակվում և չեն ընկալում իր պես պաշտոնյայի՝ «բարիկադների այս կողմ անցնելը»։ «Չեմ կարծում, որ բոլորը չեն ընկալում, բնականաբար, հասկանում եմ, որ կլինեն մարդիկ, որ չեն ընկալի։ Բայց հուսով եմ, որ մեծամասնությունն ընկալում է։ Իսկ որպես հաստատում Ձեր խոսքի՝ վարչապետի առաջարկն ու ինձ այս պաշտոնում նշանակելը պարտավորեցնող է, բնականաբար»,-ասաց Հունան Պողոսյանը։



**-Պարոն Պողոսյան, ի՞նչ կապ ունեք Դուք Սյունիքի մարզի հետ։**



-Ազգակցական, բարեկամական ոչ մի կապ չունեմ։ Բայց ցանկացած հայ մարդ ցանկացած մարզում ունի բազմաթիվ բարեկամներ, համախոհներ, ընկերներ։



**-Մամուլում գրվել է, որ Ձեր եղբայրն այնտեղ բիզնեսներ ունի, և դրա համար եք մեկնում այնտեղ մարզպետ։**



-Բացարձակ, ով ինչա սում ա, սուտ ա ասում։



**-Ի դեպ, արդեն հիշեցնում են, որ փոխոստիկանապետ եղած ժամանակ Ձեր եկամուտները մոտ 20 անգամ գերազանցում էին Ձեր ստացած աշխատավարձը։ Արդյոք սա կարո՞ղ է ապօրինի հարստացման հարց առաջացնել։**



-Իհարկե, ոչ, թող բարձրացնեն, դա առաջին օրվանից հայտարարագրված է, և բացարձակ ոչ մի կապ չունի էդ հնարած, մտացածին գրած հերյուրանքների հետ։



**-Ձեր խիղճը հանգի՞ստ է նախկինում կատարած Ձեր բոլոր քայլերի հետ կապված՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ընկերների ձերբակալությունից, մյուս հարցրերից սկսած։**



-Այո։ Ես Նիկոլ Փաշինյանի ձերբակալման հետ կապված արդեն մեկնաբանեցի՝ պատկան մարմիններին պետք է դիմել։



**-Ի դեպ, այդ պատկան մարմիններն այդպես էլ որևէ քայլ չարեցին այդ հարցով, այդպես էլ չհասկացանք՝ օրինակա՞ն էր Փաշինյանի ձերբակալումը Էրեբունու փողոցում, թե՞ ապօրինի էր։**



-Պետք է դիմեք պատկան մարմիններին, ես իրավասու չեմ էդ հարցին պատասխանել…



**-Դուք նախկինում հենց պատկան մարմին եք եղել։**



-Ոչ, ես նկատի ունեմ նախաքննություն իրականացնող մարմնին, դատախազությանը և այլն։



**-Դուք փոխոստիկանապետ եք եղել, այն ժամանակ օրինակա՞ն էր Փաշինյանի և նրա ընկերների ձերբակալումը։**



-Գիտե՞ք ինչ, նորից եմ ասում, դիմեք դատախազությանը և նախաքննությունն իրականացնող մարմնին։ Ես ինֆորմացիա այդ առումով չունեմ և այն չափով ինֆորմացված չեմ, որ Ձեզ սպառիչ պատասխան տամ։



**-Կհորդորե՞ք վարչապետին այդ հարցում քայլեր ձեռնարկել։**



-Հիմա դա չի իմ համար էականն ու կարևորը, իմ համար ավելի էականա ու կարևոր խնդիր ունեմ լուծելու՝ ժամ առաջ հասնել մարզ, ծանոթանալ անձնակազմին և ձեռնամուխ լինել աշխատանքներին։



**-Որտե՞ղ եք բնակվելու։**



-Տեղում, Կապան քաղաքում։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**