«Չեմ կարծում, որ կարիք կա նման հարցերը հանրաքվեով լուծելու»․ Թեհմինա Վարդանյան

«Չեմ կարծում, որ կարիք կա նման հարցերը հանրաքվեով լուծելու»․ Թեհմինա Վարդանյան
Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունները տրանսպորտի սակագնի հավանական թանկացման վերաբերյալ, երկու օր է՝ աղմուկ է բարձրացրել համացանցում և դարձել քննարկման առարկա։ Մարությանը, ով 5 տարի առաջ ակտիվորեն պայքարում էր տրանսպորտի թանկացման դեմ, քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո հայտարարեց․ «Շատ զավեշտալի է իրականում, որ 2013 թվականից՝ 5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտի գնից։ Սա նաև ինչ-որ տեղ զարմանալի է, էն ժամանակ օբյեկտիվ էր, որ մենք ասում էինք՝ մի՛ թանկացրեք։ Այս անգամ, արդեն, ըստ իս, որ չի թանկանում, դա արդեն օբյեկտվ չի։ Ինձ թվում է նախորդ իշխանություններն ուղղակի վախենում էին գինը բարձրացնել, որպեսզի նոր ալիք չբարձրանար»։ Նա նաև հայտարարեց, որ ժողովուրդն է որոշելու՝ թանկանա՞, թե՞ ոչ։ Իսկ թե ինչպես է ժողովուրդը որոշելու, Մարությանը պատասխանեց՝ հանրաքվեի միջոցով։



Երևանի ավագանու նախկին «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը, ով աշխատել է Տարոն Մարգարյանի քաղաքապետության ժամանակ, **Hraparak.am**-ի հետ զրույցում անդրադառնալով Մարությանի հայտարարություններին, նախ նկատեց․ «Նորընտիր քաղաքապետին, կարծում եմ, ժամանակ է պետք ուսումնասիրելու քաղաքային տնտեսությունն արդեն ներսից՝ իր բոլոր շերտերով և նյուանսներով»։



Երբ հիշեցրինք, որ դեռ Տարոն Մարտգարյանի օրոք մեկնարկել էր տարնսպորտային ցանցի արդիականացման գործըթնացը, այդ ուղղությամբ արդեն ուսումնասիրություններ էին կատարվել և այլն, ի՞նչ եղավ այդ ամենը, Թեհմինա Վարդանյանն ասաց, որ մեկ տարուց ավելի է՝ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ղեկավարում է փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։ «Մեկ անգամ ինքս մասնակցել եմ այս հարցով քննարկմանը և ծանոթացել ծրագրին։ Ահռելի աշխատանք է արված։ Ըստ նախագծի՝ վերանալու են գազելները և լինելու են բացառապես ավտոբուսներ, չեն լինելու կրկնվող երթուղիներ և շուրջ երեք անգամ կրճատվելու է հասարակական տրանսպորտի միավորների քանակը, լինելու են նաև որոշ փողոցներ, որոնց թողունակությունը թույլ է տալու ունենալ առանձին գծեր հասարակական տրանսպորտի համար, տրանսպորտային պարկի թարմացում, չվացուցակներ և այլն։



Այսինքն, ըստ էության, հիմնական աշխատանքներն ու ուսումնասիրություններն արված են։ Ճիշտ կլինի՝ նոր քաղաքային իշխանությունը մանրակրկիտ ծանոթանա նախագծին և ոչ թե այլ նախագծի վրա ժամանակ ծախսի, այլ արդեն ավարտին մոտեցող նախագծի վրա անհրաժեշտ փոփոխություններ անի։ Կարծում եմ պրն. Մարությանը այդպես էլ կանի»,-ասաց նա։ Ինչ վերաբերում է հանրաքվեի միջոցով տրանսպորտի սակագինը որոշելու վերաբերյալ Մարությանի հայտնած տեսակետին, Վարդանյանն ասաց․ «Պարոն Մարությանն ընտրված քաղաքապետ է, վայելում է քաղաքացիների հարգանքն ու վստահությունը։ Չեմ կարծում, որ կարիք կա նման հարցերը հանրաքվեով լուծելու։ Դա նույնն է, ինչ քվեարկության դնեն, օրինակ՝ հարկերը։ Պարզ չէ՞, որ ժողովուրդը կքվեարկի նվազագույնի օգտին։ Նույնն էլ այստեղ է»։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**