Այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում, շատ նման էր արտաքին թշնամու հարձակմանը

Այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում, շատ նման էր արտաքին թշնամու հարձակմանը
«Այն, ինչ տեղի ունեցավ Ազգային ժողովում շատ նման էր արտաքին թշնամու հարձակմանը, երբ գիշերով մեր թշնամիները հարձակվում էին հայ ժողովրդի վրա, որը նաեւ մեր էպոսում կա։ Այս դեպքում նույնպես եղավ թշնամական քայլ՝ շատ գաղտնի, գիշերվա կեսին, բայց դա հակառակ էֆեկտն ունեցավ, հասարակությունը շատ վճռական է տրամադրված, կամային է ու կխնդերի ԱԺ-ի կողմ քվերակած ուժերին վերջապես հասկանան ու հաշվի նստեն հասարակության հետ»,-ասում է Թումանյանի թանգարանի տնօրեն **Նարինե Թուխիկյանն** անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում գումարված արտահերթ նիստին եւ հաջորդիվ տեղի ունեցած իրադարձություններին։



«Որերորդ անգամ ապացուցվեց, որ ժողովուրդը ինքն է թելադրում, Փաշինյանը միայն մի փոքրիկ ակնկարկ արեց հավաքվելու Բաղրամյան պողոտայում եւ շատ արագ այդ հարցը լուծվեց։ Ես Հանրապետության մետրոյի կայարանից տեւական ժամանակ վագոն չէի կարողանում նստել, որովհետեւ այնքան ժողովուրդ կար մետրոյով դեպի Բաղրամյան գնացող։ Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական կտա, ես ինչքանով հասկացա հասարակությունը այս տարբերակին դեմ է, որովհետեւ որեւէ վստահություն չկա եւ չի լինելու, բարոյազուրկ պատգամավորներին ժողովուրդը չի կարող վստահել, ովքեր անընդհատ խաբում են եւ կեղծում են ամեն բան։ Նախ, որ կեղծված ընտրություններով եկել են իշխանության եւ հիմա անըդհատ ստեր են հորինում։ Այնպես որ թեպետ Նիկոլ Փաշինյանն ասեց, որ մյուս խմբակցությունները բանավոր կերպով ասել են, որ չեն առաջադրի վարչապետի այլ թեկնածու, բայց այսօր արդեն կարդում ենք, որ եւ Հանրապետականները եւ ԲՀԿ-ն հերքում են, որ նման բան են ասել։ Այսինքն սա իրոք շատ վտանգավոր հարց է եւ իհարկե Ռ․ Քոչարյանի գործոնն էլ կա։ Ենթադրում եմ, որ նախագահը չի ստորագրի երեկվա օրենքը եւ օրենքի ուժ չի ստանա։ Փաշինյանը չպետք է հրաժարական տա եւ երեւի թե հասարակությունը թույլ էլ չի տա, որ այդպես լինի։ Գուցե կգտնվեն ուրիշ տարբերակներ, որովհետեւ որեւէ վստահություն չկա, այդ մարդիկ վարկաբեկված են ամենավերջին աստիճանի եւ գործ չունեն Հայստանի ժողովրդի հետ, չեն արտացոլում հասրակության կամքն ու պահանջները եւ շատ թշնամական են տրամադրված ժողովրդի, պետության դեմ»։



Թուխիկյանն ընդգծում է, որ նախօրեին ԱԺ-ի դիմաց ժողովուրդը հաստատեց իր վճռականությունը, որ պատրաստ է մինչեւ վերջ գնալ․ «Այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե այդ դավաճանական կեցվածքը ստանձնած ուժերը ԱԺ-ում իրենց ինչպես կպահեն՝ արդյոք դարձի կգա՞ն, խելք կհավաքեն ու կփորձեն աչքերը բացել ու իրականությունը տեսնել։ Ժողովուրդը պատրաստ է ցանկացած ակնթարթի հավաքվել անժամկետ ընդվզման։ Ժողովրդի ընդվզումը եւ արդար պահանջը շատ ավելի բարձրացնում է մեր հարկը հենց մեր մեջ, որովհետեւ ինքներս մեջ մեջ արժանապատվությունը բարձրացնելու եւ արժանապատիվ կեցվածք ընդունելու խնդիր ունենք, նաեւ ամբողջ աշխարհի համար։ Ֆրանկոֆոնիան կանցնի ոչ մի խնդիր չի առաջանա, բայց Հայստանի վարկը, իբրեւ ժողովրդավար երկիր եւ քաղաքակիրթ ժողովուրդ, որ գիտի իր իրավունքները պաշտպանել եւ կանգնել մինչեւ վերջ իր իրավունքների համար, շատ ավելի դրական լույսի տակ կանդրադառնա։ Մեզ անընդհատ ճնշման տակ են պահել, որ խեղճ ենք, ցեղասպանված, վայ մեզ նորից այսպես կանեն, բայց մեզ ոչ մի բան չեն կարող անել, որովհետեւ մենք դա թույլ չենք տա։ Սա արդեն արթնացած ժողովուրդ է։ Այդ գիտակցումը հասրակության մեջ կա, յուրաքանչյուր անհատ ըմբռնում է, որ ինքը տեր է այս երկրի եւ իրենից է կախված, թե ինչպես կզարգանա եւ ինչ ընթացք կունենա այս ամենը, որովհետեւ հասարակությունն ուզում է արժանապատիվ կյանք, զարգացած պետություն»։



Ռեժիսոր **Հրանտ Վարդանյանն** ասում է, որ այն, ինչ տեսավ ԱԺ-ի տարածքում, եւս մեկ անգամ ապացուցեց, որ ժողովուրդը միահամուռ է, դեմ է հին համակարգին․ «Եւ դեմ է այդ փտած, շինծու կուսակցություններին, որոնք եկել հասել են այն աստիճանի, որ կարող են իրենց թույլ տալ դավադրություն ժողովրդի նկատմամբ։ Այստեղ միայն Նիկոլ Փաշինյանը չէ, եթե ժողովրդի վստահված անձը Նիկոլ Փաշինյանն է, ապա այս ամեն ինչը արվել է նաեւ ժողովրդի նկատմամբ։ Այն էլ այնպիսի օրով, երբ ամբողջ աշխարհը սգում էր Շարլ Ազնավուրի մահը։ Եթե այս իրավիճակում են իրենց թույլ տալիս նման բան անել՝ իրենց աթոռը, կաշին ու բողազը փրկելու համար, ապա նրանցից ամեն ինչ սպասելի է, բայց կարծում եմ իրենք երեկ հասկացան, որ չեն կարող նման բան անել»։



Ռեժիսորը նկատում է՝ իհարկե կա զգուշավորություն, հատկապես որ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, ոչ մի գրավոր համաձայնություն չկա, որտեղ այդ կուսակցությունները խոսք են տալիս, որ վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի, բայց անկախ դրանից ինքը վստահ է ժողովրդի ուժի եւ համախմբվածության վրա։ «Ես կողմնակից եմ նաեւ վստահելուն, եթե Նիկոլ Փաշինյանին վստահում ենք, ուրեմն վստահում ենք ինքներս մեզ։ Այսինքն մենք վստահ ենք, որ թույլ չենք տա որեւիցէ մի ուժ փորձի մեզ շեղել այն ուղուց, այն ճանապարհից, որի ծիլը դրվել է եւ նոր նոր պետք է առաջ տանի այս երկիրը՝ միաժամանակ ազատագրելով այդ հնից, նեխածից։ Իհարկե մտավախություններ կան եւ ամեն ինչի ունակ են տվյալ ուժերը, բայց ես ավելի քան վստահում եմ ժողովրդի գիտակցությանը եւ ժողովրդի միահամուռ լինելուն, այն, ինչ երեկ մեկ ժամվա ընթացքում տեղի ունեցավ, երբ տարբեր շրջաններից ու քաղաքի մասերից մարդիկ հավաքվեցին Աժ-ի շենքի շուրջ, դրա վառ ապացույցն էր»։



Թեեւ ժողովուրդը պատրաստ էր եւ պատրաստ է նաեւ շուրջօրյա հանրահավքներին, բայց Վարդանյանի կարծիքով, այս օրերին, երբ ունենք նման կորուստ, որի համար ցավում է ողջ աշխարհը, պետք է մեզ մի քիչ զուսպ պահենք․ «Մենք իրավունք չունենք այստեղ բալագանի վերածենք մեր ներկա ստեղծված իրավիճակը, պետք է մի քիչ զուսպ լինենք ու կարողանանք ճանապարհել մեծ հային։ Կան բաներ, որից այն կողմ նույնիսկ թշնամին չի անցնում ու երբ տեսնում է, որ սգի մեջ ես կամ տանը տխրություն է, սպասում է որոշ ժամանակ ու հետո է հարձակվում, բայց այս կորած մոլորածները այնքան են կորցրել իրենց գլուխը, որ անգամ դա հաշվի չառան եւ գնացին այդ քայլին։ Այստեղ չգրված օրենքներ կան, որ խախտվել են, իսկ եթե դա է խախտվել, ուրեմն ես այդ կուսակցություններից ամեն ինչ սպասում եմ, ուղղակի վստահ եմ մեր ժողովրդի գիտակցության վրա, որ մեկ վայրկյանում կհամախմբվեն այնպես, որ եղածները մկան ծակի համար հազար թուման կտան, որ փախնեն։ Կարծում եմ իրենք դա շատ լավ գիտեն, խելացի կգտնվեն ու այլ քայլերի չեն գնա»։



**Սոնա Ադամյան**