Հայազգի բլոգերը դիմել է Ադրբեջանի նախագահին

Հայազգի բլոգերը դիմել է Ադրբեջանի նախագահին

Բլոգեր Նատալիա Ալեքսանյանը օրերս Ֆեյսբության իր էջում գրառում էր կատարել․

«Ուղերձ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին․
Հարգելի պարոն նախագահ. Ես հասկանում եմ, որ հայերի համար Ղարաբաղում մնալու միակ ճանապարհը հայերի վերաինտեգրումն է ադրբեջանական հասարակությանը։ Ես ինքս մարդ եմ, ում սիրում են ղարաբաղցիները և ում կարծիքը լսում են։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ խնդրում եմ ինձ թույլ տալ շտապ գալ Խանքենդի, մտերիմ լինել իմ հայրենակիցների հետ, աջակցել նրանց և օգնել ինտեգրվել։ Հարգանքներով՝ Նատալի Ալեքսանյան..»։

Մենք կապվեցինք բլոգերի հետ եւ մի քանի հարց ուղղեցինք նրան․

-Արցախահայությունը բռնի արտահանվեց իր երկրից, քանի որ դեմ էր Ադրբեջանի հետ ինտեգրմանը։ Հիմա Դուք դիմում եք թշնամի պետության ղեկավարին՝ խնդրելով Ձեզ թույլ տան գնալ Արցախ եւ աջակցել ինտեգրացիային։

- Ես, ի տարբերություն շատ շատերի, Արցախից տեղեկատվություն ստանում եմ ոչ թե ԶԼՄ-ներից, այլ հենց արցախցիներից։ Անգամ այսօր, երբ Արցախում համարյա հայ չի մնացել, ես կապ եմ պահպանում մնացողների հետ, ու տեղյակ եմ նրանց կենսակերպից ու ցանկություններից՝ անձամբ հենց իրենցից։ Ես հասկանում եմ, որ իմ ձեռնարկած քայլը շատ լուրջ է, ու վստահեցնում եմ, որ ես դրան չէի գնա, եթե չունենայի հիմնավոր պատճառներ։ Այդ պատճառները կայանում են նրանում, որ շատ արցախցիներ իրոք կցանկանային մնալ ու ապրել այնտեղ, եթե նրանց բացատրեին, թե ինչ է իրենց սպասվում։ Այսպիսով, ես գտնում եմ, որ Արցախը այնուամենայնիվ հնարավոր է պահել հայկական, ու եթե մնալու ցանկություն հայտնող մարդիկ կան, ապա ես պատրաստ եմ նրանց օգնել։ Ի վերջո, ոչ ոք չի կարող ինձ մեղադրել, որ ես ցանկանում եմ կանխել Հայոց բնօրրան Արցախի վերջնական հայաթափումը։

-Չե՞ք վախենում, որ Ձեզ հայրենիքի դավաճանության մեջ կմեղադրեն։

-Ինչ վերաբերվում է «Հայրենիքի դավաճան» եզրույթին, ապա բազմաթիվ մեծ ու փոքր դավաճանությունների հետևանքով մենք այսօր կորցրել ենք Արցախը, ու եթե ինձ այդպես անվանել ցանկացողներ կլինեն, ապա թող սկզբից անուն առ անուն թվարկեն բոլոր այն դավաճաններին, որոնց պատճառով հայոց երկրորդ պետությունը ոչնչացվել է։ Ուզում եմ հատուկ նշել, որ ես Արցախի ոչնչացմանը որևէ առնչություն չեմ ունեցել։ Այնպես որ, թող լինեն հետևողական ու թող խոսեն իրական դավաճաններից։ Իսկ ի հեճուկս ամեն ինչի՝ Արցախը հայկական պահել փորձող անձնավորությանը անվանել դավաճան՝ կարծում եմ սա դավաճանության ամենավառ դրսևորումն է։

-Կա՞ն արդյոք քաղաքական ուժեր, մարդկանց խմբեր Հայաստանում, որոնք աջակցում են կամ կաջակցեն Ձեր այս քայլին։

-Սա ընդամենը իմ հոգու կարիքն է, իմ պարտքը Արցախ աշխարհի ու այն բնակեցնող իմ ժողովրդի առջև։ Ես իրոք շատ մտերիմ եմ արցախցիների հետ և նրանց ցավը հասկանում եմ ու կիսում, և իմ նախաձեռնության պատճառը հենց արցախահայերի ինձ ուղղված նամակներն ու զանգերն էին։ Ոչ մի քաղաքական ուժ ինձ չի ուղղորդել իմ նախաձեռնության մեջ, ոչ ոք կարծիք չի հայտնել։ Սա իմ անձնական որոշումն է, որի համար պատասխանատու եմ ես անձամբ։

-Ինչպե՞ս եք պատկերացնում այդ բանակցությունները, դուք կարո՞ղ եք անձամբ բանակցել։

-Ես պատրաստվում եմ պարզապես ներկա գտնվել այնտեղ, լինել մարդկանց կողքին, հնարավորինս անկեղծ բացատրել իրողությունները ու փորձել ստանալ այն մաքսիմալը, որը նրանց կառաջարկի Ադրբեջանը, ու եթե հնարավոր է՝ անգամ ավելին։ Եթե ինձ Հայաստանից օգնություն առաջարկվի բանակցությունների հարցում, ես մեծ ուրախությամբ կընդունեմ, հակառակ դեպքում՝ պատրաստ եմ ինքս բանակցել, հուսով եմ փորձս և կրթությունս թույլ կտան դա անել։

-Դուք շատ հարգալից եք դիմել Ադրբեջանի նախագահին։ Ինչը շատերի համար անհասկանալի էր։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր հարգանքը Ադրբեջանի նախագահի նկատմամբ։

-Ես դիմել եմ Ադրբեջանի նախագահին շատ կոնկրետ հարցով, և ես լիահույս եմ, որ այդ հարցը կբավարարվի, քանի որ այժմ բազմաթիվ արցախցիներ Արցախում և անգամ Հայաստանում սպասում են իմ բռնած գործի հաջողությանը։ Հետևաբար, եթե դիմում ես որևէ երկրի նախագահի՝ շատ կոնկրետ ակնկալիքով, ապա պիտի պահվի դիմելու հարգալից տոն, հակառակ դեպքում դիմումը լուրջ չի ընկալվի ու նախաձեռնությունը կձախողվի։

-Ինչպե՞ս պետք է համոզեիք արցախցիներին, որ ինտեգրվեին Ադրբեջան։

-Ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք, ես բռնի կերպով ոչ ոքի համոզել չեմ պատրաստվում։ Արցախցիներն ինձ հետ շուրջօրյա կապի մեջ են, ու ես գիտեմ, թե ինչ է նրանց պետք։ Գիտեմ անձամբ իրենցից։ Իրենց պետք է ապահովություն ու հանգիստ կյանք, ու եթե Ադրբեջանը կատարի այն, ինչը պաշտոնապես խոստացել է, ապա մարդկանց համոզելու կարիք այլևս չի լինի։ Ավելացնեմ, որ ես պատրաստվում եմ հնարավորինս պահպանել նայև հայոց մշակույթի էլեմենտները՝ կրթությունը, կրոնը և այլն, քանի որ դա նույնպես ներառված է Ադրբեջանի պաշտոնական խոստումների մեջ։ Ադրբեջանը հայերին տվել է խոստումներ, և ես պատրաստվում եմ հետամուտ լինել, որ այդ խոստումները ի կատար ածվեն։

-Լավ, իսկ ինչու եք Խանդենքի անունն օգտագործում, որը մեր թշնամիներն են կիրառում։

-Ես դիմել եմ Ադրբեջանի նախագահին բաց նամակով ու լիահույս եմ, որ այն քննության կառնեն։ Իսկ որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը իմ գրությունը քննության առնի, անհրաժեշտ է տեղանուններն անվանել տվյալ պահին իրենց երկրում գործող պաշտոնական տեղանուններին համապատասխան։ Ես սիրում եմ Ստեփանակերտը ու եղել եմ այնտեղ բազմիցս, բայց եթե խոսքը գնում է պաշտոնական գրության մասին, ապա այն պիտի լինի իրավաբանորեն անթերի, որպեսզի ընթացք ստանա։