ԵՄ-ն Հայաստանից սպասում է հետադարձ կապ

ԵՄ-ն Հայաստանից սպասում է հետադարձ կապ
ԱՊՀ երկրների ղեկավարների հետ տարբեր ձեւաչափերում հանդիպումների ժամանակ տեսանելի է, թե ինչպիսի խորթ աչքով են նրանք նայում թավշյա հեղափոխություն իրականացրած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իսկ այս օրերին Դուշանբեում աշխատանքային այցով գտնվող Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ նստել է սեղանի ծայրին, ԱՊՀ մյուս ղեկավարներից նկատելիորեն մեկուսացած։ Այս փաստն ինքնին քննարկման առիթ է դարձել սոցցանցերում։ Ոմանք համոզված են, որ մեր երկրի ղեկավարը մեկուսացել է, քանի որ երկարամյա բռնապետները չեն ուզում հանդուրժել ժողովրդավար առաջնորդին, որի կառավարությունը պայքարում է կոռուպցիայի դեմ։



Ոմանք էլ կանխատեսում են, որ ԱՊՀ ղեկավարների անբարյացկամությունը անդրադառնալու է Հայաստանի եւ ԱՊՀ շրջանակներում նրա հարաբերությունների վրա։ Իսկ ինչպիսի՞ հարաբերություններ հասցրեց կառուցել Նիկոլ Փաշինյանը եվրոպական երկրների հետ, ինչպե՞ս է Եվրոպան ընկալում հայաստանյան հեղափոխությունը, համագործակցության ի՞նչ հեռանկարներ կարող են բացվել մեր առջեւ Փաշինյանի իշխանության օրոք։ Բանսկա Բիստրիցայի համալսարանում Վիշեգրադյան կրթաթոշակային ծրագրով հրավիրված փորձագետ, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության առարկայի դասախոս Արմեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ապրիլյան հեղափոխությունից անմիջապես հետո կային բազմաթիվ հրապարակումներ, սակայն հիմա դրանք պակասել են։ «Լրատվամիջոցները գնում են «տաք» թեմաների հետեւից։ ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն իրականացնելու համար նաեւ Հայաստանը պետք է նախաձեռնություն ցուցաբերի եւ ներկայացնի առաջարկներ։



Համաձայնագիրը վավերացման փուլում է, մի քանի օր առաջ վավերացրեց նաեւ Լեհաստանը։ Հայաստանում պետք է իրականացվեն ավելի շատ ծրագրեր, որոնք տեսանելի արդյունք կտան։ ԵՄ-ն դատում է՝ ելնելով կոնկրետ գործերից»,- մեզ հետ զրույցում նշեց Արմեն Գրիգորյանը։ Մեր հարցին, թե ԵՄ-ն հակվա՞ծ չէ ավելի շատ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու Հայաստանին, չէ՞ որ մեր երկրում ընթանում են ժողովրդավարական բարեփոխումներ, Արմեն Գրիգորյանն արձագանքեց․ «Եթե Հայաստանից լինեն կոնկրետ ծրագրերի առաջարկներ, ապա աջակցությունն էլ կլինի։ Իրենք սպասում են, որ Հայաստանից լինի հետադարձ կապ, Հայաստանը ցուցաբերի նախաձեռնություն, ոչ թե բավարարվի արարողակարգային կետերով»։ Միգուցե Եվրոպան Հայաստանի նոր իշխանություններից ակնկալում էր աշխարհաքաղաքական հստակ կողմնորոշում, նրան չեն գոհացնում ՌԴ-ի հետ Հայաստանի անփոփոխ հարաբերությունները։



«Կտրուկ փոփոխություններ չէին ակնկալում, իրենք հասկանում էին ՀՀ-ի՝ ՌԴ-ից կախվածության բուն պատճառը»,- նկատեց մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին, ապա Արմեն Գրիգորյանի կարծիքով, ԵՄ-ից դրական արձագանք կլինի, եթե կոռուպցիայի դեմ հետեւողական պայքար իրականացվի։ Արմեն Գրիգորյանը նշում է, որ ԵՄ անդամ երկրներից մի քանիսը, օրինակ՝ Արեւելյան Եվրոպայի երկրները, կարող են ավելի լավ պատկերացնել Հայաստանում ընթացող տրանսֆորմացիոն գործընթացները, բայց նրանք առանձնահատուկ ձեւով չեն միջամտի դրանց։ ԵՄ-ն նախկին իշխանությունների հետ համագործակցել է, իրականացրել բազմաթիվ դրամաշնորհային ծրագրեր, որոնք չեն ծառայել իրենց նպատակին։ Ի՞նչ հետեւություններ է արել ԵՄ-ն այդքանից հետո, չի՞ պատրաստվում վերանայել իր աջակցության հասցեականությունը։ «Ինչ-որ չափով ԵՄ-ում տեղյակ են նախկին իշխանությունների մեթոդների մասին։ Իսկ նախկինում կատարած չարաշահումները պետք է բացահայտեն ՀՀ-ի իշխանությունները եւ հասցնեն դրանք տրամաբանական ավարտին»,- ասաց Արմեն Գրիգորյանը։



**Թագուհի Հակոբյան**