Թող բոլորն իմանան, որ կուսակցություն փոխելն ամուսնություն, զագսավորում չէ

Թող բոլորն իմանան, որ կուսակցություն փոխելն ամուսնություն, զագսավորում չէ
Արտահերթ ընտրություններից առաջ քաղաքական դաշտում վերադասավորումներ են սկսվել, նոր կուսակցություններ են բացվում, ռեստարտի են ենթարկվում հները, որոնց շարքում՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Ալյանսը»։ Իհարկե, այս կուսակցության անունը շատերին կարող է ոչ մի բան չհուշել, որովհետեւ դրա ղեկավար Ուրիխանյանն առավել հայտնի է որպես Գագիկ Ծառուկյանի թիմի անդամ, նա նաեւ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի զարմիկն է, սակայն, երբ Ծառուկյանն առժամանակ դուրս եկավ քաղաքականությունից, Ուրիխանյանն էլ որոշեց հեռանալ ու սեփական կուսակցությունը հիմնել՝ «Ալյանս» անունով։ Պարզվում է, Ուրիխանյանի կուսակցությունը նույնպես պատրաստվում է արտահերթ ընտրություններին եւ բանակցություններ է սկսել նախկին ԲՀԿ-ական, այժմ լուսանցքում հայտնված նախկին պատգամավորների հետ։ Արագած Ախոյանի հետ բանակցությունները հաջող ավարտ են ունեցել, Ախոյանը կհամագործակցի Ուրիխանյանի հետ, չի բացառվում՝ նաեւ համալրի կուսակցության շարքերը։ Նախկին պատգամավորը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ իրենք մեծ շանսեր ունեն։



**-Պարոն Ախոյան, տեղեկացել ենք, որ Դուք համագործակցում եք Տիգրան Ուրիխանյանի հետ եւ նրա հետ մասնակցելու եք արտահերթ ընտրություններին։ Կասեք՝ ինչո՞ւ այսքան կուսակցությունների մեջ Ձեր ընտրությունը կանգ առավ հենց այդ կուսակցության վրա։**



-Ճիշտ է, դեռ ձեւաչափը որոշված չէ, բայց, այո, որոշված է, որ միասին քաղաքական ճանապարհ ենք անցնելու։ Տիգրան Ուրիխանյանի հետ մենք բավականին երկար քաղաքական ճանապարհ ենք անցել, տեսել եմ իր մարդկային կերպարը, իր գրագիտությունը, քաղաքականապես հասունությունը, այնպես որ՝ մենք շատ հարցերում համակարծիք ենք, կա փոխադարձ հարգանք, փոխադարձ վստահություն, իսկ քաղաքականության մեջ հայացքների տարբերություն չկա։



**-Իսկ ի՞նչ շանսեր ունեն այդ կուսակցությունը եւ ձեր համագործակցությունը։**



-Այսօր անմտություն կլինի, որ քաղաքական շանսերը հաշվարկած չլինես ու գնաս փորձությունների։ Մենք գիտենք, թե ինչ ենք ուզում եւ ինչ խնդիրներ պիտի լուծենք։ Այո, արտահերթ խորհրդարանական ընտրություններին հայտ ենք ներկայացնելու եւ փորձելու ենք մեր տեղը հաստատել ներկապնակում։



**-Ինչո՞ւ պիտի ընտրողն իր ձայնը տա ձեզ։**



-Մենք, բնականաբար, կաշխատենք, ո՛չ ես եմ նորություն հանրության համար, ո՛չ Տիգրան Ուրիխանյանը, մենք կաշխատենք բոլոր տարածքներում, եւ կարծում եմ՝ խնդիր չենք ունենա։



**-Իսկ ԲՀԿ-ի հետ ունե՞ք տարաձայնություններ, ի՞նչն է խանգարում վերադառնալ հարազատ կուսակցություն, երկուսդ էլ ԲՀԿ-ից եք դուրս եկել, քաղաքական իրավիճակ է փոխվել, գուցե վերադառնա՞ք հարազատ «տուն», թե՞ ձեզ այնտեղ չեն սպասում։**



-Ոչ մի հակադրություն, անհամատեղելիություն չունենք, ուղղակի ուզում ենք ինքնուրույն փորձել, միասին նոր լեզվով, նոր խոսքով մտնել քաղաքականության մեջ։



**-Համագործակցելու նախաձեռնությունը Ձե՞ր կողմից է եղել, թե՞ Տիգրան Ուրիխանյանի։**



-Հետաքրքիր հարց եք տալիս, նոր նշանվածներին ոնց որ հարցնես՝ ձեզնից ո՞վ է առաջինն առաջարկություն արել, բնականաբար, երբ կան մարդկային, ընկերական հարաբերություններ, կա մշտական շփում։ Այն ժամանակ, երբ դեռ նոր էինք դուրս գալիս ԲՀԿ-ից, ես միշտ շփվել եմ բոլորի հետ եւ երբեք կապս չեմ խզել։ Հիմա կարող եմ միայն ասել, որ որոշումս հստակ է, խախտման ենթակա չէ։



**-Իսկ Ձեզնից բացի էլ ովքե՞ր կարող են համագործակցել «Ալյանսի» հետ, տեղեկություններ կան, որ փորձ է արվում համախմբել ԲՀԿ-ից բոլոր հեռացածներին։**



-Ես չգիտեմ, չեմ կարող ասել։



**-Հնարավո՞ր է ինչ-որ պահից անդամակցեք այդ կուսակցությանը։**



-Առայժմ այդ հարցը չի քննարկվել, ինչո՞ւ չէ որ, երբեք մի ասեք «երբեք»։ Չէ՞ որ կուսակցությունում հանգրվանելը կամ դուրս գալը ընդամենը այդ հատվածում կուսակցության հետ համագործակցելու մեթոդներ են։ Ու թող բոլորն իմանան, որ կուսակցությանն անդամակցելը, հետո հեռանալը դա ամուսնություն չէ, զագսավորում չէ ու կարող է լինել ցանկացած պահի։



**-Իսկ չե՞ք մտահոգվում, որ Ձեր՝ իբրեւ քաղաքական գործչի նկատմամբ մարդիկ վստահություն չեն ունենա, մի օր այստեղ, մեկ օր՝ ուրիշ տեղ։**



-Ամենեւին, ի՞նչ անվստահություն, եթե գաղափարներդ հստակ են, անդամակցում ես, հետո՝ քաղաքական վեկտոր է փոխվում, իրավիճակ է փոխվում, չես ուզում էդ ճանապարհն անցնես եւ անցնում ես այլ կուսակցություն, հո ստիպված չե՞ս մնալու։ Մենք ո՛չ մի կուսակցության հետ ծնվել ենք, ո՛չ էլ մեռնելու ենք, մենակ մեզ մոտ են այդպիսի պիտակավորումներ տալիս, իսկ զարգացած բոլոր երկրներում կուսակցություն փոխելը սովորական երեւույթ է։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**