Տարոն Մարգարյանն ամենալավ քաղաքապետն էր

Տարոն Մարգարյանն ամենալավ քաղաքապետն էր
Երեւանի թաղապետարաններում վերջին օրերին աննախադեպ աժիոտաժ է։ Հանրապետական թաղապետերը, որ վարչական շրջանների ղեկավարներ են կոչվում, սեպտեմբերի 23-ի ընտրություններին ընդառաջ անցել են «չիստկայի»․ մեր տեղեկություններով, բոլոր համայնքներում անխտիր զբաղված են ընտրությունների տեխնիկական, մասնավորապես՝ ընտրացուցակների մաքրման աշխատանքներով, որպեսզի հետագայում գլխացավանք չստեղծեն իրենց համար։ Դրանից բացի, մեր տեղեկություններով, փոփոխություններ են կատարվում նաեւ աշխատակազմերում, հեռացվում են թաղապետարաններում աշխատանքի անցած ծանոթ-բարեկամները, փոխկապակցված անձինք եւ այլն։ Հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանն իր հրաժեշտի հանդիպման ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցներին, թաղապետերին հրահանգել էր աշխատանքից ազատման դիմումներ չգրել, սպասել: Թեեւ դիմում գրելու պատրաստակամություն էին հայտնել ոչ միայն թաղապետերը, այլեւ քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ, սակայն Մարգարյանը հրահանգել էր՝ նման բան չանել, աշխատանքը կոլապսի կենթարկվի, քաղաքի կառավարումը կտապալվի։ Ի դեպ, նշենք, որ ընտրություններից հետո ավագանին կձեւավորվի հոկտեմբերի 10-ին, դրանից հետո միայն նորընտիր քաղաքապետը կնշանակի թաղապետեր։



Վարչական շրջանների ղեկավարներն ընտրությունների ժամանակ կշարունակե՞ն մնալ իրենց ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում, թե՞ սեփական դիմումի համաձայն կազատվեն աշխատանքից, դեռեւս հայտնի չէ։ Ավագանու ՀՀԿ-ական մեր աղբյուրների վստահեցմամբ, թաղապետերը կաշխատեն այնքան, մինչեւ նորընտիր քաղաքապետը նշանակումներ կանի։ Որոշ տեղեկություններով՝ ՀՀԿ-ում մեծ հույսեր են փափագում, որ ավագանու ընտրություններն անակնկալ ելք կունենան, եւ կհաղթի ոչ թե իշխանության թեկնածու Հայկ Մարությանը, այլ մեկ ուրիշ կուսակցության ներկայացուցիչ, որի հետ հույս ունեն լեզու գտնել։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ընտրություններին չմասնակցելու որոշում ունի։ Նոր Նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը հրաժարականի դիմում չի գրել, բայց գրեթե վստահ է, որ ընտրություններից հետո դիմում կգրի, նույնիսկ այն պարագայում, եթե նոր իշխանությունն առաջարկի շարունակել աշխատանքը։ Տարոն Մարգարյանի հետ չի հեռացել, քանի որ, ինչպես ինքն է ասում, չէր կարող քաղաքն անտեր թողնել-հեռանալ․ «Ավելի հիմար երեւույթ դուք պատկերացնո՞ւմ էիք, որ բոլորս թողնեինք գնայինք, դուք պատկերացնո՞ւմ եք քաղաքի վիճակը, հո չէի՞նք պարալիզելու, էսքան բնակչության հետ, էսքան խնդիրներ»։



Ներկայումս թաղապետը զբաղված է տեղամասերը կարգի բերելու եւ այլ տեխնիկական խնդիրներով։ «Ամեն ինչ անելու ենք, որ պատշաճ մակարդակով նախապատրաստվենք ընտրություններին, եւ դրանք անցնեն նույն մակարդակով, իսկ երբ ընտրությունները կանցնեն, քաղաքային նոր իշխանությունները որոշում կկայացնեն, եւ ես էլ, ամենայն հավանականությամբ, կհեռանամ»։

Արմեն Ուլիխանյանը հաստատ չի պնդում, որ կմերժի նորերի առաջարկը, բայց այս պահի դրությամբ կարծում է, որ չի շարունակի աշխատանքը։ Ասում է նաեւ, որ ընտրություններին որեւէ քաղաքական ուժի, թեկնածուի համար քարոզչություն չի իրականացնի, կմասնակցի, քաղաքացիական իր պարտքը կկատարի եւ վերջ։ Թաղապետը բոլոր թեկնածուներին «լավ» է վերաբերվում, բայց նրանցից ոչ մեկին որպես Տարոն Մարգարյանի փոխարինող չի ընկալում։ «Ինձ համար Տարոն Մարգարյանը եղել է ամենալավ քաղաքապետը,- ասում է նա ու շարունակում։- Անփոխարինելի մարդ չկա, այո, Հայկ Մարությանն էլ կարող է նորմալ քաղաքապետ աշխատել, բայց ես նրա ունակություններին ծանոթ չեմ, ոչինչ չեմ կարող ասել, իսկ Տարոն Մարգարյանի հետ աշխատած տարիներից հետո կարող եմ ասել, որ նա ամենալավ քաղաքապետն էր»։



Նուբարաշենի թաղապետ Արթուր Կիրակոսյանը, մինչդեռ, խորը անորոշության մեջ էր․ ընտրություններից հետո՞, թե՞ առաջ կհեռանա, նա չի կարող ասել, կսպասի «իրադարձություններին»․ «Ես իմ պարտքն եմ համարել մնալ ու չտապալել համայնքի կառավարումը, ծառայել համայնքին, մինչեւ վերջ կատարել իմ պարտականությունները, իսկ մնացածի մասին չեմ կարող ասել, ինչպես կդասավորվի»։ Փոխարենը նա չի բացառում, որ աջակցություն կհայտնի որեւէ թեկնածուի․ «Դեռ ժամանակ կա որոշելու, իմ դիրքորոշման մասին առայժմ թույլ տվեք… դիրքորոշումս ընթացքի մեջ է, առայժմ չկա որեւէ մեկին աջակցելու… անորոշ է»։ Այսինքն՝ չե՞ք բացառում, որ որեւէ թեկնածուի, ուժի կաջակցեք։ «Իհարկե, չեմ բացառում, դա ցույց կտան կուսակցությունների ծրագրերը։ Ի վերջո, դաշնակից, ոչ դաշնակից չկա, բոլորս էլ հայ ենք, բոլորս էլ մեր երկրի մասին մտածում ենք ու ուզում ենք, որ Երեւանի համար լավ լինի»։ Կիրակոսյանը միայն մի բան գիտի, որ չի լքի ՀՀԿ-ի շարքերը։



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**