Ավտոմեքենաներից հրաժարվելու հայտարարության հետքերով

Ավտոմեքենաներից հրաժարվելու հայտարարության հետքերով
Նիկոլ Փաշինյանի կառավարության անդրանիկ նիստում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հնչեղ հայտարարություն արեց՝ իր գրասենյակին հատկացված 5 մեքենաներից երեքից ինքը հրաժարվել է, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հրաժարվել է իր գրասենյակին հատկացված 4 մեքենաներից երկուսից։ Սա, իհարկե, հասարակության կողմից ընկալվեց բյուջեի խնայողության տեսանկյունից ու արժանացավ ծափահարությունների։ Փոխարենը քննադատությունների արժանացավ դրան հաջորդած մեր այն հոդվածը, որ ՀՀ երեք փոխվարչապետները, այդ թվում՝ Արարատ Միրզոյանը, մեքենաների կրճատմանը զուգահեռ ընտրել են, իրականում, կառավարության ավտոպարկի ամենաթանկարժեք ու ծախսատար մեքենաները։ Օրինակ՝ Միրզոյանն իր համար որպես ծառայողական մեքենա ընտրել է նախկինում Վաչե Գաբրիելյանին եւ Արմեն Գեւորգյանին սպասարկած **Toyota Land Cruiser 200** աժդահա ամենագնացը։ Ավինյանը՝ կրկին թանկարժեք ու բարձր դասի **Mercedes S-Class** ներկայացուցչական սեդանը, իսկ ԲՀԿ-ի քվոտայով նշանակված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին էլ սպասարկում է նախկինում վարչապետներին սպասարկած **BMW 750 Li** կրկին թանկարժեք ներկայացուցչական սեդանը։ Միրզոյանի եւ Ավինյանի գրասենյակներում այդպես էլ չգտնվեց կոմպետենտ մեկը, որը մեզ կբացատրեր, թե ինչու են փոխվարչապետներն ընտրել հենց այդ մեքենաները, որոնք կառավարության ավտոպարկի ամենաշքեղ ու թանկարժեք մեքենաներն են։ Ինչո՞վ են այս մեքենաները տեղավորվում բյուջեի միջոցների տնտեսման իրենց որդեգրած քաղաքականության մեջ։ Մհեր Գրիգորյանի գրասենյակում դեռեւս որեւէ մեկը չի հայտնվել, որ կաշխատի մամուլի հետ։ Կառավարությունում էլ չգտնվեց կոմպետենտ մեկը, որը մեզ ներկայացներ այն մեքենաները, որոնցից հրաժարվել են փոխվարչապետները։ Բոլորն ուղղորդում էին աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի մոտ, ում հետ կապի դուրս գալը մեծ ջանքեր պահանջեց, բայց ստացվեց։



Աղաջանյանը նախ սկզբում մեզնից տեղեկացավ, թե Միրզոյանը կառավարության նիստում ինչ հայտարարություն է արել եւ քանի մեքենայից է հրաժարվել։ Նա գիտեր, թե երեքն է եղել, երկուսից է հրաժարվել, մինչդեռ Միրզոյանը հինգից երեքից հրաժարվելու մասին է ասել։ «Էդ պարոն Միրզոյա՞նն ա հայտարարել… երեւի ավելի ճիշտ կլինի իրենից հարցնել։ Աշխատակազմի ղեկավարը որոշումներ է կայացնում, թե քանի ավտոմեքենա ում պետք է հասնի՝ հիմնվելով նաեւ նախկին փորձերի վրա։ Անկեղծ ասած՝ հաշվի առնելով, որ ես՝ անձամբ, չեմ տրամադրել հինգ ավտոմեքենա որեւէ գրասենյակի, չեմ կարող պատասխանել, կարող եմ ուղղակի Ձեզ խնդրել եւս մեկ անգամ ճշտել՝ կարող է սխա՞լ եք հասկացել»,- ասաց նա։ Կրկին պնդեցինք, որ Միրզոյանը հինգ մեքենայից երեքից հրաժարվելու մասին է խոսել, եւ հարցրինք նաեւ, թե ինչ է նշանակում հրաժարվել ավտոմեքենաներից, ի՞նչ ճակատագրի են արժանացել դրանք՝ list.am-ով պիտի վաճառե՞ն կամ ավտոշուկայո՞ւմ են վաճառելու, թե՞ հանձնելու են պետգույքի կառավարման վարչությանը, որ հանվեն աճուրդի, ինչպես ընթացակարգն է պահանջում։



«Ես հասկացա մոտավորապես Ձեր հարցը։ Ընթացակարգը հետեւյալն է․ բառացի հրաժարվում է որեւէ պաշտոնյա, եւ էդ ավտոմեքենան ուղղակի մնում է աշխատակազմի բալանսի վրա, եթե էդ ավտոն վերջնական բաշխման արդյունքում մնում է, այսպես ասած՝ անտեր, ինքը հանձնվում է պետգույքի կառավարման էդ մարմնին»,- ասաց նա։



Հիմա անտե՞ր են մնացել, թե՞ ոչ։ «Հիմա ես Ձեզ ասեմ՝ ես չգիտեմ իրենք կոնկրետ որ ավտոմեքենաներից են հրաժարվել, ես կարող եմ Ձեզ ասել էս պահին թվաքանակը, որոնք որ մեր բալանսի վրա են։ Էդ թիվը կազմում է 91 ավտոմեքենա (Բաղրամյան 26-ի մեքենաներն էլ՝ հետը), որոնցից 15-16-ն էս պահին չեն օգտագործվում»։ Ըստ աշխատակազմի ղեկավարի՝ այս պահին որեւէ մեքենա չկա, որ հանձնվել է պետգույքի վարչություն, քանզի աշխատակազմի ձեւավորումը դեռեւս ընթացքի մեջ է, եւ վարչություններ կան, որոնց դեռ պետք է ավտոմեքենաներ տրամադրվեն։ Երբ ավարտվի պրոցեսը, ցուցակը կուղարկեն։



Աղաջանյանն ընդունեց, որ աշխատակազմում կան նաեւ **Toyota Corolla**-ներ, որոնք ունեն ավելի փոքր աշխատանքային ծավալով շարժիչ՝ ի տարբերություն, օրինակ, փոխվարչապետների մեքենաների, հետեւաբար, ավելի խնայող են։ Բայց չկարողացավ բացատրել, թե ինչ տրամաբանությամբ են ընտրվել փոխվարչապետների ծախսատար մեքենաները։ Նկատեցինք, որ, բնականաբար, ավելի հաճելի է երթեւեկել **Mercedes S-Class**-ով, բայց ավելի խնայող է **Toyota Camry**-ն կամ **Corolla**-ն։ Հիմա նոր կառավարության անդամներն ի՞նչ տրամաբանությամբ են ընտրել այդ մեքենաները՝ ավելի ներկայացուցչական ու թանկարժեք մեքենայով երթեւեկելու անձնական ցանկությա՞մբ, թե՞ բյուջեն տնտեսելու հրամայականով։



«Չէ, ես չեմ կարող պատասխանել, թե ինչ տրամաբանությամբ են իրենք ընտրել, երեւի ճիշտ կլինի իրենց հարցնեք»,- ասաց նա։ Բայց աշխատակազմի ղեկավարը Դուք եք, Ձեր ձեռքի տակով են անցնում այդ որոշումները։ «Աշխատակազմի ղեկավարը ես եմ, ես պետք է հասկանամ, թե ինչ տրամաբանությամբ են իրենք որեւէ ավտոմեքենայից հրաժարվել, մյուսից ո՞չ։ Ես կարող եմ ընդամենը էդ որոշումներն ընդունել ի գիտություն եւ էդ ավտոմեքենաները հանձնել աշխատակազմի ավտոպարկի բալանս»,- զարմացավ աշխատակազմի ղեկավարը։



Իսկ եթե վաղը նույն առաջին փոխվարչապետը որոշի, որ պետք է մեկ միլիոն դոլարանոց **Bugatti Veyron**-ով երթեւեկի, որովհետեւ իրեն դրանով ավելի հարմար է երթեւեկելը, աշխատակազմի ղեկավարը պիտի դա ընդունի ի գիտությո՞ւն։ «Ես չեմ կարծում, թե որեւէ փոխվարչապետ կարող է նման որոշում կայացնել՝ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում»,- ասաց Աղաջանյանը։ Ի վերջո, ինչպե՞ս է աշխատակազմի ղեկավարը գնահատում այդ քայլը։ «Ուրեմն, նույնիսկ եթե էն հինգ ավտոմեքենայից երեքից հրաժարվել են, ու էդ երեք ավտոմեքենաները մեր ամենափոքր մեքենաներն են, օրինակ` **Corolla** եւ այլն, դա արդեն իսկ կրճատում է փոխվարչապետների գրասենյակի ծախսերը՝ անկախ ամեն ինչից։ Եվ ես Ձեզ երաշխավորում եմ, որ աշխատակազմի վերջնական ձեւավորումից հետո որեւէ ավտոմեքենա, որը եւ կմնա մեր բալանսի վրա, չի օգտագործվի, եւ դա միանշանակ է»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**