Չկար հին Հայաստանում, պետք է լինի նոր Հայաստանում(Տեսանյութ)

Չկար հին Հայաստանում, պետք է լինի նոր Հայաստանում(Տեսանյութ)
«Կյանքը չափազանց կարճ է վատ գինի խմելու համար»։ Աշխարհում հայտնի սոմելիե, Ֆրանսիայում հայկական գինիների դեսպան Վարդուհի Թովմասյանը իր գործընկերոջ՝ մեկ այլ աշխարահրչակ սոմելիեի՝ Արման Մելքոբյանի բառերով բնութագրեց գինին։ Գինու մասին դեռ սեփական ասույթը չունի, սակայն աշխարհում քչերից է ու, ընդ որում, միակ հայ սոմելիեն, ով գինու համտեսը կատարում է ոչ ավանդական եղանակով՝ ինտուիտիվ։ Երեկ հենց նմանատիպ գինու համտես կայացավ Երևանում։ Կազմակերպիչ Արտաշես դավթյանի խոսքով՝ գինու համտեսի և սոմելիեների մշակույթը չափազանց կարևոր է գինեգործության և գինու վաճառքի զարգացման գործում՝ « Այս մշակույթը չկար հին Հայաստանում, պետք է լինի նոր Հայաստանում»։ Գինու ինտուիտիվ համտեսի էությունը այն է, երբ անջատում ես անալիտիկ մտածողությունն ու տուրք տալիս զգացողության։ Համտեսը կատարվեց փակ աչքերով։ Մասնակիցները խնդիր չունեին՝ գուշակելու, թե ինչ գինի է, որ երկրից, ինչ տարիքի, խաղողի որ տեսակից և ինչ արժողության։ Նրանք պետք է ուղղակի աչքերը փակ կում անեին և թղթի վրա նկարեին կամ գրեին այն ինչ տեսան։



Վարդուհի Թովմասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սոմելիեն Ֆրանսիայում ընդունված մասնագիտություն է։ Նրանք են խորհուրդ տալիս, թե որ ուտելիքի հետ ինչ խմել․



«Սոմելիեն շատ խիստ սահմաններ ունեցող մասնագիտություն է, որը որ դպրոցից հետո սովորում են համալսարաններում կամ ուսումնարաններում։ Ֆրանսիայում մի քանի տարի է, որ սովորեցնում են գինին տիպիկ զգալ և բնութագրել։ Սոմելիեն աշխատանք է, ռեստորաններում նման հաստիք կա, իհարկե, ոչ բոլոր ռեստորաններում։ Սոմելիեն այն մասնագետն է, ով խորհուրդ է տալիս համապատասխան գինի, որ ո՛չ ուտելիքը տուժի, ո՛չ գինին»։



Ինչպես Վարդուհի Թովմասյանն է ասում, գինու երկրում գինի վաճառելը հեշտ չէ, հաճախ նույնիսկ զարմանում են, երբ լսում են, որ Հայաստանում գինի են արտադրում, սակայն մեկ անգամ փորձելուց հետո, շարունակում են գնել․



«Գինու երկրում գինի ենք վաճառում, այն էլ հայկական գինի, հեշտ չէ, պահանջարկը ստեղծում ենք, որ հետո բավարարենք։ Երբ գալիս են ու սրահներում տեսնում են հայական գինի, առաջաին հարցը որ տալիս են՝ «Օ՜, դուք Հայաստանում գինի՞ եք սարքում»։ Ասում եմ՝ նայեք՝ 6 հազար տարի է, մենք Հայաստանում գինի ենք անում։ Մեր ընտրած գինիները, որ Ֆրանսիայում ներկայացնում ենք, իսկսպես մեծ արձագանք են գտնում։ Ոչ միայն հայերն են, որ Ֆրանսիայում են ապրում, օգտվում են մեր գինիներից, այլև հենց ֆրանսիացիները, հենց կոլեկցիոներները։ Գինիներ կան, որ բավականին թանկ արժեն և մարդիկ առանց համտեսելու են գնում։ Կամաց- կամաց հայկական գինին և Հայաստանը որպես գինու բնօրրան, մեծ հետաքրքրություն է վայելում։Մանավանդ կարասի գինիները ֆրանսիայում նորություն են »։