Արմեն Սարգսյանը պետք է միջամտի եկեղեցական բարենորոգչական խնդրով պայքարին

Արմեն Սարգսյանը պետք է միջամտի եկեղեցական բարենորոգչական խնդրով պայքարին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել ստեղծել բնապահպանական խնդիրների քննարկման համար հարթակ։ Այս մասին tert.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից։



Առհասարակ, իր պաշտոնավարման սկզբից սկսած՝ Արմեն Սարգսյանը բավական լավ կարողանում է իրականացնել բարձրագույն արբիտրի իր առաքելությունը, որպիսին կոչված է լինելու որպես առաջնորդող պառլամենտական հանրապետությունում։ Հիշենք թեկուզ թավշյա հեղափոխության օրերին նրա միջնորդական առաքելությունը Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ։



Ինչու հիշեցինք այս մասին կամ ինչու լրահոսի այս լուրին անդրադարձանք։



Արդեն քանի օր է՝ Հայաստանում ծավալվում է Նոր Հայաստան-Նոր Հայրապետ շարժումը, որը պահանջում է Գարեգին Բ-ի հրաժարականը եւ բարեփոխումներ Առաքելական եկեղեցում։



ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն հայտնել է իր դիրքորոշումը կարտավողի առնչությամբ՝ հասկացնելով, որ եկեղեցին եւ պետությունն անջատ են, եւ ինքը մտադրություն չունի խառնվելու եկեղեցու ներքին կյանքին առնչվող հարցերին։



Արմեն Սարգսյանը Մայր Աթոռի բարերարներից է եղել ժամանակին, հայտնի է եկեղեցական կյանքում իր ակտիվ գործունեությամբ դեսպան եղած տարիներին եւ դեռ դրանից էլ առաջ եւ չի հանդիսանում քաղաքական իշխանություն։



Իսկ ինչո՞ւ որպես **բարձր արբիտր** չդիմել **Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին**՝ եկեղեցա-բարենորոգչական այս շարժման մեջ **միջնորդական առաքելություն** ստանձնելու համար։



Ի վերջո, եթե բնապահպանական հարցերի մասով կարող է հարթակ ձեւավորելու կոչ անել, հեղափոխության օրերին կարող է միջնորդական առաքելություն ստանձնել, ապա եկեղեցական խնդիրներում նույնպես կարող է որոշակի գործունեություն ծավալել, հատկապես հաշվի առնելով այն բացառիկ դերը, որ ունի եկեղեցին եւ նույնիսկ ճանաչվել է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային փաստաթղթերով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության բաղադրիչ։



Որեւէ կուսակցության չպատկանող, քաղաքական իշխանություն չհանդիսացող եւ խոսքի իշխանություն գործադրող անձ՝ նախագահը կարող է ի վերջո առճակատող կողմերին հրավիրել իր մոտ, փորձել կազմակերպել երկխոսությունը շարժման համակարգողների եւ Մայր Աթոռի ներկայացուցիչների միջեւ, նույնիսկ հանդես գալ որոշակի հարցերում երաշխավորի դերում, այդ կերպ նպաստելով իրավիճակի հնարավորինս արագ եւ հնարավորինս անկորուստ հանգուցալուծմանը, ինչպես դա եղավ որոշ ֆորմատային տարբերություններով թավշյա հեղափոխության օրերին։



Հաշված օրեր անց՝ հունիսի 13-ին, Հայաստան են ժամանելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը քննարկելու համար։ Կարող ենք ասել, որ ըստ էության, Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնամուխ է լինելու համահայկական եւ համազգային ամենակարեւոր հարցերից մեկի կարգավորման գործընթացին։



Նոր Հայաստան-Նոր Հայրապետ շարժման բողոքի ակցիաների մասին լուսաբանումները արդեն թափանցել են ադրբեջանական օնլայն մամուլի տիրույթ, ներկայացվելով որպես Հայաստանում ներքին անկայունության հերթական դրսեւորումը; Համանման հրապարակումներ կան նաեւ ռուսական մամուլում։



Բողոքի ցույցերը, որքան էլ արդարացի լինեն կամ հիմնավոր, սակայն ակամա կարող են խնդիրներ հարուցել Նիկոլ Փաշինյանի կառավարության համար, հատկապես որ բավական ռեալ հիմքերով ռուսական, ադրբեջանական եւ նույնիսկ արեւմտյան մամուլում լուրեր են շրջանառվում, որ հնարավոր է առաջիկայում կազմակերպվի ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների կողմից՝ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը։



Քաղաքագետ կամ միջազգային հարաբերությունների վերլուծաբան լինելու հարկ չկա, կռահելու համար, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բառացիորեն երեկ արած հայտարարությունից հետո, առ այն, թե Ստեփանակերտը ժամանակին մասնակցել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին եւ հետագայում կողմերի որոշմամբ է հեռացվել բանակցային սեղանից, անուղղակի հավանություն է մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի Ստեփանակերտյան թեզիսներին, թե Ստեփանակերտը պետք է վերադառնա ԼՂ հակամարտության կարգավորման հարթակ։



Այս պայմաններում հնարավոր է եւ իրական շանսեր ստեղծվեն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացքում, որոշակի հայանպաստ առաջընթաց ունենալու համար։ Արդեն այսօր Արցախի իշխանությունների կողմից տեղի է ունեցել բարի կամքի դրսեւորման գործողություն, ինչը եւս հայանպաստ լուծման հարցում կարեւոր հանգրվան է։



**Այս ամենն աչքի առաջ ունենալով, կարծում ենք, որ ժամանակն է, որպեսզի որքան հնարավոր է արագ Նոր Հայաստան-Նոր Հայրապետ շարժման համակարգողները, հրավիրեն Արմեն Սարգսյանին դառնալու միջնորդ իրենց եւ Գարեգին Բ-ի միջեւ եւ նստելու բանակցությունների սեղանի շուրջ։**



Ժամանակին, երբ Հայաստանում կրկին քաղաքական երերուն շրջան էր, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը բոլոր քաղաքական ուժերին կոչ արեց մի կողմ դնել ամեն տեսակի խնդիրները, քանի որ Ապրիլյան պատերազմից հետո հազիվ հազիվ վերսկսվել էր երկխոսությունը միջնորդների օգնությամբ եւ պետք էր, որ Սերժ Սարգսյանի թիկունքը պինդ լիներ։



Այս ամենը կարող է լինել հայրենասիրական լուրջ քայլ եւ աջակցություն արցախահայությանը Նոր Հայաստան-Նոր Հայրապետ շարժման համակարգողների կողմից, քանի որ այդ կերպ պնդանալու է Նիկոլ Փաշինյանի թիկունքն առաջիկա հանդիպումներում եւ ԼՂ հակամարտության կարգավորման ճակատում առաջիկա բանակցություններում։ Սա նաեւ Արմեն Սարգսյանի համար կարեւոր քայլ կլինի, որով նա ցույց կտա, որ ինչպես ներդրում ունեցավ Նոր Հայաստանի ստեղծման մեջ, ներդրում ունենա նաեւ Հայ Առաքելական եկեղեցու բարեկարգման գործի մեջ։



**Տիգրան Վահանե**