Կոնցլագերում ի՞նչ բողոք․ Կարինե Ավդալյանի հրաժարականի համար նոր պատճառներ են ներկայացվում

Կոնցլագերում ի՞նչ բողոք․ Կարինե Ավդալյանի հրաժարականի համար նոր պատճառներ են ներկայացվում
Մենք գրել էինք, որ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի դեմ ճակատ է ձևավորվել, որը պահանջում է նրա հրաժարականը։ Նշել էինք, որ Ավդալյանի դեմ ուղղված ամենամեծ մեղադրանքն էլ նրա եւ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի կողմից Գյումրու ավագանուն ներկայացված առաջարկն է՝ Սերժ Սարգսյանի եղբայր Լեւոն Սարգսյանին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում տալու վերաբերյալ, որն ընդունվել էր ավագանու կողմից, բայց խիստ քննադատությունների տեղիք տվել։ Այսօր մեզ հետ զրույցում կոնսերվատորիայի նախկին ուսանող Գևորգ Գևորգյանը Ավդալյանի հրաժարականի իր պատճառները ներկայացրեց․



«Կոնֆլիկտը սկիզբ առավ էն բանից, երբ ինքը ինձ բաց տեքստով, բառացի ասեց հետևյալը՝ դու չես կարող ընդունվել անվճար, քանի որ անվճարի համար արդեն վճարը վճարել են, այսինքն՝ անվճար տեղերը վաճառվող են, ծախվող են, էնտեղ գնացուցակ կա հատուկ, ես հետո դրա մասին բարձրաձայնեցի, պարզվավ, որ ես չեմ մենակ բախվել էնտեղ տիրող էդ մթնոլորտին, բազմաթիվ մարդիկ ընձի իրենց պատմությունը պատմեցին, փաստորեն իմը ամենաանմեղներից էր։ Իր ասած էդ դրվագը իմ վրա շատ բացասական է ազդել հոգեբանական առումով, շատ ծանր տարա, էլի։ Բայց պարզվավ, որ իմ պատմությունը էն ամենաանմեղներից էր, էլի։ Օրինակ՝ կռնամ ասեմ, որ ուսանողին, որպես պատժի մեխանիզմ, հավաքվել են, ժողով են արե, կանչել են, ասել՝ պիտի ծնկի իջնես, ներողություն խնդրես, քանի որ դու մեզ կաշառակեր ես անվանել։ Էլի շատ-շատ մարդիկ կային, որ կնշեին, որ իրանք սև ցուցակներ են ընկել Կարինե Ավդալյանի համար վերցրած վարկերի համար, որպես հենց վարկառու, ուղղակի էդ մարդիկ կըսեին, որ մենք չէինք ուզում բաձրաձայնեինք։



Ես կոնսերվատորիայում սովորել եմ մի քանի ամիս։ Հետո իմացա, որ տարկետման նման մի բան են ձևակերպել, որ իմ դասի չգնալը չազդեր, ճիշտ է ես դրանից օգտվել եմ, բայց ընենց չի եղել, որ նախօրոք իմացել եմ, առանց իմ համաձայնության էր եղել։ Հա, ի դեպ, ներսում բաժանվել են երկար ամիսներ չվճարված կրթաթոշակներ, ասում են՝ այս ամիս դասախոսները անգամ կարող է աշխատավարձերը քարտով ստանան, ոչ թե առձեռն։ Փաստորեն փորձ է արվում կաշառել, նաև սպառնում են քննություններով ու որ ամենածիծաղելին է, բացատրել են էրեխանցը, որ եթե Ավդալյանը ելավ, մասնաճյուղը կփակվի իրանց վարձերն էլ հետը, կան դասախոսներին էլ պարզ տեքստով կես կատակ կես լուրջ ասվել է, եթե Ավդալյանը գնաց, ձեր վարկերը կմնան, այ սրանք են պատճառը որ ներսում լռություն է։ Հա, ու էդ նույն ուսանողներն ու դասախոսները բառացի շենքերի հետևներում են մեր հետ կապ պահում, որ հանկարծ Ավդալյանը չտեսնի։ Կոնցլագերում ինչ բողոք։ Ինձ սպառնացին գողերով, հետո բացատրեցին, որ դատավորների վրա ծախս անելու ու իմ դեմ զրպարտության գործ սկսելու փոխարեն, լավ կլնի որ ինձ մի «լավություն» անեն, այսինքն՝ ես, որ իրանց հետ կապ չունեմ, էդքան սպառնալիք, զանգեր ու ճնշումներ եմ ստացել, դե պատկերացրեք ներսում ինչ է»,- մեզ հետ զրույցում ասաց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին ուսանող Գևորգ Գևորգյանը։



Գևորգյանի հայտարարությունների վերաբերյալ պարզաբանում խնդրեցինք Կարինե Ավդալյանից։ Նա հերքեց, որ Գևորգյանի հետ ուսման վարձավճարների ու անվճար տեղերի վերաբերյալ նման խոսակցություն է ունեցել․ «Նա 3 ամիս չի սովորել կոնսերվատորիայում, ո՞նց թե 3 ամիս, 2 տարի է սովորել։ Ես մեր բոլոր ուսանողներին շատ լավ ճանաչում եմ։ Ես անվճար տեղերի հետ կապաված էդպիսի բան երբևէ, որպես մանկավարժ, որպես ղեկավար, չեմ կարող ասել, և ես իր հետ երբևէ չեմ զրուցել։ Ուսանող եղած ժամանակ ես ուսումնառության վերաբերյալ իր հետ կարող եմ զրուցել, որ դասի արի, որի պատճառով ինքը դուրս է մնացել»։



Հարցրինք, թե ճի՞շտ է, որ ուսանողուհուն ստիպել են ծնկի իջնել ու ներողություն խնդրել՝ իրենց կաշառակեր անվանելու համար․



«Ուրեմն ինձ երբեք ոչ ոք կաշառակեր չի անվանել, խնդիրը ոչ թե ինձ հետ է եղել, այլ ուսանողների հետ։ Այդ աղջիկը դասախոսներին է անվանել կաշառակեր, ես հարց եմ տվել, ասել եմ, ուրեմն դուք նման բան երբևէ կարո՞ղ եք պատկերացնել, որ ղեկավարը ուսանողին նսեմացնի ու իջեցնի ծնկի, դուք ո՞նց եք գտնում, հո միջնադարո՞ւմ չենք ապրում, ուրեմն ցեխը վերցրած մարդկանց վրա քսելով ման են գալի՞ս, հա՞»։



Կարինե Ավդալյանին հիշեցրինք մեզ հետ նախորդ զրույցում տված պարզաբանումը, ըստ որի՝ շարժումը դրսից է և կոնսերվատորիայի հետ որևէ կապ չունի՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գևորգյանը նախկինում սովորել է կոնսերվատորիայում․



«Այո, դրանք կոնսերվատորիայում սովորող ու աշխատող մարդկանց հետ կապ չունեցող մարդիկ են, մարդը, որը ավարտել է, գնացել է էստեղից և հիմա գրում է, որ իր դասախոսները ոչ պրոֆեսիոնալ են եղել, իրեն նսեմացրել են․․․ Հիմա ես պատրաստ եմ այդ աղջկա հետ հանդիպեմ և տեսնեմ՝ նման բան եղե՞լ է, ո՞նց պիտի աչքերիս մեջ նայի ու ասի դա»։



**Կորյուն Սիմոնյան**