Դասեր՝ ապագայի համար

Դասեր՝ ապագայի համար
Վերջ։ Արձանագրվեց այն, ինչին հայ հասարակությունը պատրաստվում էր վերջին շաբաթներին։ Երկրի ղեկավարի պաշտոնում կարգվեց նա, ում ուզում էին տեսնել փողոց ելած, փողոցները փակող, դասադուլ եւ գործադուլ անող մարդիկ։ Տա աստված՝ տարիներ անց կարողանանք լիաթոք արձանագրել, որ այս հանրահավաքային ալիքը ճիշտ էր, արդար էր, վերջնահաշվում ուղղված էր սահմանադրական կարգի վերականգնմանը, այլ ոչ թե հակասահմանադրական ճանապարհով մի չընտրվածին մեկ այլ չընտրվածով փոխարինելուն։ Բայց առավել էական մի ձեռքբերում ունենք այս օրերին, որն ինձ ամենից շատ է ուրախացնում։



Այն, որ օրենքին  ու օրինականությանը դեմ գնացած, իրենց երկրին ու պետական շահին չծառայած մարդիկ, որոնց թվում էր, թե «վերեւին» ծառայելն իրենց ապահովագրում է ցանկացած վատ ելքից, եւ անձերին մատուցված ծառայություններն ապահովում են իրենց «հավերժ» լինելիությունը, պարզվեց, չարաչար սխալվում էին։ Պարզվեց, որ անձերն անցողիկ են, իսկ նրանց մատուցված ծառայությունները՝ մոռացվող։ Ավելին՝ իշխանությանը մոտ կանգնած, կերակրատաշտից օգտվող անձինք մեկ օրում կարող են զրկվել այդ ամենից եւ հայտնվել կոտրված տաշտակի մոտ, իսկ նրանց «կերածը» կարող է քթից գալ ընդամենը մեկամսյա փոփոխությունների արդյունքում։ Ուստի պետք է ծառայել ոչ թե անձերին, այլ պետությանը։ Երբեմն հրաժարվել ապօրինի հրաման-հրահանգներից։ Երբեմն զուսպ լինել հաճոյախոսությունների ու կենացների ժամանակ։



Երբեմն առարկել ու ընդվզել անառարկելի թվացող անձանց դեմ։ Վերջապես, ուրիշների կարգադրությամբ խղճին դեմ չգնալ, անօրինական դատավճիռներ չկայացնել, մութ գործարքների մեջ չմտնել, պապից ավելի կաթոլիկ չլինել, փողին գերի չդառնալ։ Ի վերջո, երբ չգիտես անելիքդ, եղիր ազնիվ ու օրինապահ, եւ դա մի օր կվերադառնա քեզ։